«Շիրակի» ֆուտբոլիստները նոր ակումբներ են փնտրում

Դեռ ամիս ու կես առաջ Գյումրիի «Շիրակը» մոտ էր Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելուն, իսկ հիմա ակումբի ապագան անհայտ է: 

«Շիրակը» կամավոր հրաժարվել է եվրագավաթներին մասնակցելուց: Չէր բացառվում, որ նույնիսկ չհրաժարվելու դեպքում ՈւԵՖԱ-ն կորոշի որակազրկել ակումբին` համաձայն այս որոշման:

Ով կամ ովքեր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար և ինչպես կզարգանան իրադարձությունները` ցույց կտա ժամանակը, սակայն իրականությունն ասում է, որ «Շիրակն» այս պահին գոյություն ունի կարելի է ասել միայն թղթի վրա: Սա է ամենագլխավոր ու ցավալի հարցը: Ակումբի գլխավոր, երկրորդ ու ֆուտզալի թիմերից բացի, իրենց մրցելույթներն էին դադարեցրել նաև մանկապատանեկան թիմերը:

Football365.am-ի տեղեկություններով բացի Լամիեն Լի Յորոյից, բոլոր լեգեոներները վաղուց հեռացել են Գյումրիից, ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստներին, ապա վերջիններս նույնպես ազատ գործակալի կարգավիճակ են ստացել և կփորձեն այս ընթացքում նոր ակումբներ գտնել:

Հիշեցնենք, որ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը հայտարարել է, որ «Շիրակը» կվերադառնա առաջնություն միայն ՀՖՖ նախագահի և ամբողջ անձնակազմի հրաժարականից հետո: