«Փոխենք աշխարհը դեպի լավը». Արամ Ոսկանյանը` «Ֆուտբոլը Բարեկամության Համար» ծրագրի մասին

«Ֆուտբոլը Բարեկամության Համար 2018» միջազգային ծրագիրը կմեկնարկի հունիսի 8-ին: Օրեր առաջ տեղի ունեցավ ծրագրի շրջանակներում այս տարվա դեսպանների նշանակման արարողությունը: Դեսպաններից մեկը Արամ Ոսկանյանն է: Football365.am-ի հետ զրույցում Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչը խոսել է ծրագրի ու դրա կարևորության մասին:

- Ծրագիրը խաղաղություն է քարոզում, շատ լավ ծրագիր է: Տարբեր երկրներում, քաղաքներում ընկերներ ես ձեռք բերում: Ֆուտբոլում ազգություն չկա, ֆուտբոլը մի ազգ է: Խաղում են տարբեր ազգություն ունեցող ֆուտբոլիստներ, սակայն ֆուտբոլը բոլորին մերում է, միացնում ու համախմբում: Ճիշտ է, քաղաքականությունը ֆուտբոլում տեղ չունի, սակայն հենց ֆուտբոլի միջոցով շատ նման հարցեր են կարգավորվել: Նման ծրագրերին մասնակցելը առաջին հերթին ճանաչում է բերում մեր երկրին, ուրախ ենք, որ Հայաստանն այդ ֆուտբոլային տոնի մասնակիցն է: Ինչ վերաբերում է ինձ, ապա որպես դեսպան ինչով կկարողանամ կօգնեմ, խորհուրդներով, փորձով: Հիմա այս պահին չեմ կարող ասել, թե մոտակա մեկ տարում բացի վերոհիշյալ միջոցառումից ինչ այլ ծրագրերի ենք մասնակցելու: Ըստ ամենայնի կլինեն տարբեր միջոցառումներ, փորձի փոխանակում, հանդիպումներ: Ինչ էլ լինի պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափով օգտակար լինել: Ֆուտբոլային տեսանկյունից նույնպես օգտակար է այս ծրագիրը: Ճիշտ է մեկ խաղացող է գնում, բայց դա մեծ փորձ է: Տվյալ խաղացողի խաղաընկերների ու նրա թիմի համար նույնպես լավ է ու օգտակար: Հետո կիսվում է, դրական էմոցիաներ է փոխանցում ընկերներին: Բնականաբար մյուս տարի նրանք, որոնք չեն մասնակցել ծրագրին կփորձեն ավելի լավ խաղալ, որ հնարավորություն ստանալ մասնակցել միջոցառումներին,- նշեց Արամ Ոսկանյանը:

Բացի Արամ Ոսկանյանից ծրագրի դեսպաններ են նաև երգիչ, հաղորդավար և պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը, դերասան և հաղորդավար Լևոն Հարությունյանը, երաժիշտ, «Ոսկե դուդուկի» մրցանակակիր Գևորգ Կարապետյանը, հաղորդավար և պրոդյուսեր Հակոբ Պապիկյանը, և երգչուհի Մերի Քոչարյանը:

Ծրագրին մասնակցելու է 32 թիմ, յուրաքանչյուրում 6 ֆուտբոլիստ, որոնցից մեկը դարպասապահ: Աշխարհի 211 երկիր իր ներկայացուցիչն է ուղարկում ծրագրին մասնակցելու համար: Նպատակն ի սկզբանե երեխաների մեջ սերմանել այն բոլոր խորհուրդները, որոնք ընկած են ծրագրի հիմքում: Այն է, որ հենց նրանք են ապագան ու կարող են փոխել աշխարհը դեպի լավը: Ծրագիրը կանցկացվի Մոսկվայում հունիսի 8-ից 15-ը: Հայաստանն երրորդ անգամ կմասնակցի ծրագրին, անցած տարի Հայաստանը ներկայացնող Էդգար Ասլանյանի խփած գոլը ճանաչվել է լավագույնը: Այս տարի Հայաստանը կներկայացնի «Ակադեմիա 1-06» թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը: