Էդգար Բաբայանը` իր հայկական արմատների, Հայաստանի հավաքականից ստացած հրավերի, զգացողությունների , ակնկալիքների ու մի շարք այլ թեմաների մասին

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջիկայում Մալթայի ու Մոլդովայի հավաքականների հետ ընկերական խաղերին նախապատրաստվելու համար հրավիրել է մի շարք նորեկների, որոնք թվում է դանիական «Խոբրո» թիմը ներկայացնող Էդգար Բաբայանը: 22-ամյա հարձակվողը հարցազրույց է տվել դանիական BOLD պարբերականին: Երիտասարդ խաղացողը նշել է, որ հպարտություն է զգում, որ իրեն հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական և վստահեցրել է, որ տուրիստի կարգավիճակում չի մեկնելու Հայաստան:

- Գալիք մրցաշրջանից առաջ սա ինձ լրացուցիչ էներգիա է տալիս, հիանալի հնարավորություն է ինձ համար: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ամիսներ առաջ դիտել է իմ խաղը «Լյունգբյուի» հետ մրցավեճում, բայց նրան չէր տպավորել Դանիայի առաջնությունը, խաղն էլ համարել էր ձանձրալի: Դրանից հետո նրան պաշտոնանկ արեցին, հիմա հավաքականը գլխավորում է Վարդան Մինասյանը: Նա զանգեց ինձ և ասաց, որ դիտել է իմ մասնակցությամբ շատ հանդիպումներ և կհրավիրի ինձ հավաքական,- ասել է Բաբայանը:

Էդգար Բաբայանը ծնվել է Գերմանիայում, մեծացել Դանիայում:

- Ծնողներս Հայաստանից են, Դանիա ենք տեղափոխվել, երբ ես երկու տարեկան էի: Ինձ հավասարապես համարում եմ ինչպես դանիացի, այնպես էլ հայ: Երբ դու հրավեր ես ստանում մի երկրի ազգային հավաքականից, որտեղից քո ծնողներն են, ապա պարտավոր ես օգտագործել այդ հնարավորությունը: Դանիայի հավաքականում ավելի շատ են բարձրակարգ խաղացողները, քան Հայաստանի հավաքականում, այդ պատճառով ավելի բարդ կլիներ հայտնվել Դանիայի ազգային ընտրանու կազմում և, հնարավոր է, երբեք նման հնարավորություն չեմ ստանա: Ես հիմա հնարավորություն ունեմ և դա ես կօգտագործեմ,- նշել է Բաբայանը:

Հայաստանի ազգային հավաքականում են խաղում Հենրիխ Մխիթարյանը «Արսենալից», Գաել Անդոնյանը «Մարսելից»  և դանիական «Ռանդերսի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն ներկա պահին ներկայացնում է «Յուրգորդենը»: Էդգար Բաբայանը վստահեցնում է, որ չի մեկնում Հայաստանի հավաքական որպես տուրիստ:

- Իհարկե, ես մտածել եմ այդ մասին, որ պատրաստվում եմ մարզվել խաղացողների հետ, որոնք խաղում են «Արսենալում» ու «Մարսելում», որոնք գուցե ավելի բարձրակարգ են, քան «Խոբրոն»: Դա իրականում շատ լավ է: Ցանկանում եմ տեսնել, թե ինչ մակարդակի վրա եմ նրանց կողքին, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ կկարողանամ հարմարվել ու ամրապնդվել այնտեղ: Չեմ պատրաստվում տուրիստի կարգավիճակում լինել, կփորձեմ արդարացնել սպասելիքներն ու փոխել իրավիճակը: Այդպես եմ անում ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ անկախ նրանից, թե ում հետ եմ մրցում,- վստահեցրել է Բաբայանը:

Էդգար Բաբայանը այս մրցաշրջանում 36 հանդիպում է անցկացրել «Խոբրոյի» կազմում, խփել է 4 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: Մեծ սպասելիքներ ունի գալիք մրցաշրջանից:

- Գոհ եմ իմ մրցաելույթներից այս մրցաշրջանում, չնայախ կարող էի ավելին անել: Գիտեմ, որ կարող եմ դա անել: Իմ նպատակն է դառնալ լավագույնը Սուպերլիգայում: Հիմա իմ տեղն ունեմ «Խոբրոյում»: Ցանկանում եմ լինել լավագույնն ու մի փոքր ավելի կարևոր խաղացող դառնալ թիմի համար,- եզրափակել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Մալթայի հետ խաղալու է մայիսի 29-ին, իսկ Մոլդովայի հետ կմրցի հունիսի 4-ին: