Դավիդ Յուրչենկոն` Մոսկվայի «Սպարտակի» կողմից եղած հետաքրքրության ու Հայաստանի հավաքականին չմիանալու մասին

Ռուսական «Սպորտ-էքսպրես» պարբերականի հաղորդման համաձայն` 32-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում:

Հունիս ամսից Յուրչենկոն կստանա ազատ գործակալի կարգավիճակ, կավարտվի նրա պայմանագրի ժամկետը «Տոսնոյի» հետ:

Դարպասապահն անդրադարձել է թեմային ու ասել հետևյալը:

- Հաճելի է, երբ «Սպարտակի» նման ակումբը հետաքրքրված է իմ ծառայություններով, բայց այս պահին ոչ ոք «Սպարտակից» կապ չի հաստատել ինձ հետ: Այս մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Եթե «Սպարտակն» առաջարկ անի, ապա անպայման կդիտարկեմ այն: Նման առաջարկ կարող է լինել կյանքում մեկ անգամ: Ես գործակալ չունեմ, կան մարդիկ, որոնք ինձ օգնում են: Պայմանագիրս «Տոսնոյի» հետ ավարտվում է, ազատ գործակալի կարգավիճակ կունենամ: Այս պահին ոչ մի ակումբից դեռ առաջարկ չեմ ստացել: Դժվար է ասել` կհամաձայնեմ արդյոք կարճաժամկետ պայմանագիր ստորագրել «Սպարտակի» հետ, եթե նման առաջարկ լինի: Կարևոր է հասկանալ, որքանով ձեռնտու կլինի դա հենց ակումբի համար: Այնպես, որ կտեսնենք: Առաջարկություն դեռ ոչ ոք չի արել,- ասել է Յուրչենկոն:

Դարպասապահն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականում խաղալու մասին հարցին: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը հրավիրել է Յուրչենկոյին նախապատրաստվելու Մալթայի ու Մոլդովայի հետ ընկերական խաղերին:

- Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ես լեգեոներ չեմ համարվում, ունեմ ռուսական անձնագիր: Եթե իմ ապագա թիմը դեմ չլինի, ապա հանդես կգամ Հայաստանի հավաքականի կազմում, բայց առաջիկա հավաքին չեմ միանա հավաքականին,- եզրափակել է 32-ամյա Յուրչենկոն: