Հենրիխ Մխիթարյան. «Ցանկանում եմ դառնալ «Արսենալի» լեգենդը»

Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo պարբերականի հետ զրույցում պատմել է իր պատմությունը:

Հոր մասին: Կարծում եմ ինձ ոգեշնչող առաջին բանը հորս խաղը տեսնելն էր: Նա նույնպես ֆուտբոլիստ էր, և իմ շարժիչ ուժն էր, նրա շնորհիվ ես սկսեցի հետաքրքրվել ֆուտբոլով և փորձեցի դառնալ ֆուտբոլիստ: Այդ ժամանակ ես չէի կարող հասկանալ, թե նա ով էր ինձ համար` որպես ֆուտբոլային հերոս, բայց երբ մենք Հայաստան վերադարձանք նրա մահից հետո, շատ մարդիկ խոսում էին նրա մասին, լավ բաներ էին ասում նրա մասին, և ես հասկացա, որ նա լավ ֆուտբոլիստ էր և լավ մարդ:

Բրազիլիայում: Երբ Բրազիլիա գնացի 13 տարեկանում, հեշտ չէր հեռու լինել տնից, ծնողներից, ընտանիքից, բայց միակ բանը, որ պետք է հասկանայիր ֆուտբոլիստ դառնալու համար այն է, որ պետք է հաղթահարես դա: Ես մենակ չէի այնտեղ: Ինձ հետ Հայաստանից երեք խաղընկերներ էին եկել և մեկ մարզիչ: Շատ հետաքրքիր էր, որովհետև այնտեղ մշակույթն այլ է: Հայկական ֆուտբոլային մշակույթը լիովին տարբերվում է բրազիլիական ֆուտբոլային մշակույթից: Նրանք շատ հետաքրքիր բաներ էին անում մարզումների ժամանակ, օրինակ` միայն աջ ոտքով ես մարզվում կամ միայն ձախ ոտքով կամ միայն հարվածում ես կամ վազում: Բավականին տարբեր էր: Իհարկե, քեզնից ավելի հմուտ թիմակիցների հետ խաղալով`սովորում էիր նրանցից: Բրազիլիայում ես դպրոց էի գնում, պորտուգալերենիս վրա էի աշխատում: Երկու երկրների միջև տարբերություններն ակնհայտ էին, և դրանից շատ բան կարող էիր սովորել:

Բրազիլիացիների շրջապատում: Երբ առաջին անգամ գնացի Ուկրաինա, միացա Դոնեցկի «Մետալուրգին»: Կարծում եմ` միայն մեկ բրազիլիացի ֆուտբոլիստ ունեինք` Ֆաբինիոն: Մի քանի պորտուգալացի ֆուտբոլիստներ ունեինք և ֆուտբոլիստներ այլ երկրներից: Ես փորձում էի նրանց հետ պորտուգալերենով շփվել: Հեշտ չէր, որովհետև մոռացել էի պորտուգալերենը: Նրանց հետ խոսելը շատ հեշտ չէր, որովհետև Բրազիլիայի և Պորտուգալիայի տղաները տարբեր արտասանություններով էին խոսում: Ես փորձում էի վերհիշել լեզուն, բայց դժվար էր: Երբ տեղափոխվեցի «Շախտյոր», ավելի հեշտ էր, որովհետև 12 բրազիացի կար թիմում, այնպես որ ուր էլ գնում էիր, ինչ էլ անում էիր, բրազիլիացիներն այնտեղ էին, և դու պետք է հիշեիր լեզուն ու շփվել նրանց հետ:

«Շախտյորում»: Ես չէի մտածում, որ այնտեղ ռեկորդ էի սահմանելու: Ամենակարևորն այն է, որ թիմը հարձակողական խաղ էր ցույց տալիս, և մենք շատ մրցակիցներ չունեինք, որոնք կարող էին նույն մակարդակի վրա խաղալ: Ինձ համար շատ հեշտ էր գոլ խփելը, որովհետև միակ բանը որ պետք է անեի, ճիշտ պահին ճիշտ դիրքում հայտնվելն էր և գնդակը դարպասն ուղարկելը: Աջ եզրում Դուգլաս Կոստան էր, ձախ եզրում` Վիլիանը, հետևում Ֆերնանդինյոն էր, առջևում` Լուիս Ադրանուն: Նրանց հետ խաղալը և հասկանալը, թե նրանք ինչպես են ցանկանում խաղալ, շատ հեշտ էր:

Ճնշման տակ: Ես ինձ վրա մեծ ճնշում էի գործադրում: Այդ ժամանակների համար 27.5 միլիոնը չափազանց մեծ գումար էր, թեև հիմա դա ոչինչ է: Երբ ես «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխվեցի, բոլորն ասում էին, թե ինչքան մեծ գումար են վճարել ինձ համար: Ես էլ էի ինքս ինձ վրա մեծ ճնշում գործադրում, բայց հետո հասկացա, որ դա ճիշտ չէ: Միակ բանը, որ պետք է անեմ, այդ թվի մասին մոռանալն է և ֆուտբոլի վրա կենտրոնանալը, որովհետև ես չեմ, որ 27 միլիոն եմ պահանջել ինձ համար, այլ ակումբը, որի համար խաղում էի: Նրանք են համաձայնության եկել այդ թվերի շուրջ: Կլոպի հետ ես լավ ֆուտբոլ էի խաղում, բայց երկրորդ տարին դժվար էր, որովհետև թիմն էլ խնդիրներ ուներ: Երբ Տոմաս Տուխելն եկավ, նույն վստահությունն ինձ ներշնչեց, ինչպես սկզբում Կլոպը: Ես շատ երջանիկ էի, որովհետև նա համոզեց ինձ հավատալ ինքս ինձ և իմ ուժերին: Ահա թե ինչու նոր մակարդակի հասա իմ կարիերայում, և ես երախտապարտ եմ նրան:

Նոր մարտահրավեր: Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալն իմ երազանքն էր: Գիտեի, որ շատ բարդ առաջնություն է, բայց ես պատրաստ էի մարտահրավերին: Ես ամեն ինչի հասել էի Ուկրաինայում և Գերմանիայում, և որոշեցի փորձել ինձ կարիերայիս նոր գլխում: Ահա թե ինչու որոշեցի գալ «Մանչեսթեր Յունայթեդ» և ուժերս այստեղ փորձել: Մի քիչ դժվար էր սկզբում, բայց հետո հարմարվեցի և լավ ելույթ ունեցա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր լավ և վատ պահերն է ունենում: Ֆուտբոլն առանց դրա չի լինում: Ես պատրաստ էի դրան: Երբեք չեմ բողոքել կամ պատճառաբանություններ բերել, թե ինչու չեմ խաղում կամ ինչու եմ խնդիրների հանդիպում: Դա կյանքիդ մի մասն է, ֆուտբոլի մի մասն է, պիետք է պատրաստ լինես դրան, և ես պատրաստ էի: Նույնիսկ երբ չէի խաղում, միշտ ժպտում էի, վազում էի, սպասում էի հաջորդ հնարավորությանս, որովհետև գիտեի, որ այդ օրը կգա:

Չեմ եկել Սանչեսին փոխարինելու: Երբ լսեցի, որ կարող եմ «Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինել «Արսենալով», ասացի` այո՛, ցանկանում եմ անել դա: Անգամ երկար չմտածեցի, չմտածեցի` միգուցե պետք չէ գնալ: Ասացի` ոչ, ես ցանկանում եմ գնալ, ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ունենալ, ցանկանում եմ հարձակողական ֆուտբոլ խաղալ: Ճիշտ որոշում կայացրի` այստեղ գալով: Չեմ եկել ինչ-որ մեկին փոխարինելու: Բոլորն ասում են, որ ես Ալեքսիս Սանչեսի պայմանագրի մասն էի, բայց դա ճիշտ չէ, որովհետև նրա պայմանագիրն ավարտվում էր: Եթե ես «Արսենալ» չգայի, նա մինչև ամառ կմնար «Արսենալում»: Ամեն ինչ ինձնից էր կախված: Չեմ ասում, որ ամենակարևորը ես էի, բայց ցանկանում եմ, որ բոլորը հասկանան, որ ես Ալեքսիս Սանչեսի պայմանագրի մասը չէի: Ես եկա «Արսենալ», որովհետև Արսեն Վենգերն էր ցանկանում ինձ: Այն պատճառով չէ, որ ցանկանում էր փոխարինել նրան: Մենք տարբեր խաղացողներ ենք, տարբեր բնավորություններ ունենք, տարբեր ունակություններ և հմտություններ ունենք: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ակումբը հասնի առավելագույնին: Ցանկանում եմ իմ անունը գրել «Արսենալի» պատմության էջերում` որպես լեգենդ, որովհետև հեշտ չէ գալ թիմ, որտեղ երազել ես խաղալ մանկությունից: Իհարկե, ես շատ երջանիկ կլինեմ, եթե իմ անունը հիշեն այստեղ, եթե երջանկացնեմ երկրպագուներին, շատ բանի հասնեմ այս ակումբի հետ և անեմ ամեն ինչ տիտղոսներ նվաճելու, գոլեր խփելու և գոլային փոխանցումներ կատարելու համար: