Արարատ Հարությունյան. «Իմ ու Կպոդոյի զրույցների մասին ակումբում ոչ մեկը տեղյակ չի եղել»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստի օրակարգում է եղել «Բանանցի» դիմումի քննարկումը կապված պայմանավորված խաղի կազմակերպման հետ: ԿԿ-ն որոշում էր կայացրել «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ, իսկ «Շիրակ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակի» արդյունքները նվազեցնել 12 միավորով: Ըստ արձանագրության` Արարատ Հարությունյանը պայմանավորված խաղի կազմակերպման առաջարկ է արել «Բանանցի» պաշտպան Էդվարդ Կպոդոյին:

Կարգապահական կոմիտեի նիստի արձանագրությունում մասնավորապես նշվում է, որ կարգապահական կոմիտեն, մանրամասն քննելով գործին կցված բոլոր ապացույցները ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցության մեջ՝ եկավ այն համոզման, որ իրականում տեղի է ունեցել ՀՀ Բարձրագույն խմբի 2017-2018թթ մրցաշրջանի 27-րդ մրցափուլի Բանանց-Շիրակ թիմերի միջև 05.05.2018թ-ին կայանալիք հանդիպման արդյունքների վրա ազդելու նպատակով պայնավորված խաղի կազմակերպում / ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12 հոդվածի 1-ին կետ/ և որ պայմանավորված խաղի կազմակերպան գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված է եղել Շիրակ ՖԱ-ի մարզիչ Արարատ Հարությունյանը: Նիստի արձանագրությունը կարող եք կարդալ այստեղ:
Football365.am-ի հետ զրույցում Արարատ Հարությունյանը ստեղծված իրավիճակի մասին ասել է հետևյալը:

- Մինչև հարցին անդրադառնալը կուզենայի ներողություն խնդրել «Շիրակ» ակումբի ողջ անձնակազմից, թիմի երկրպագուներից, Գյումրի քաղաքից: Իմ պատճառով ակումբը հայտնվել է տհաճ իրավիճակում, հասկանում եմ ծանր վիճակում են նաև թիմի երկրպագուները: Կային չպարզված հարցեր, որոնց շուրջ զրուցել եմ Կպոդոյի հետ, այդ մասին ասել եմ նաև ֆեդերացիայի ներկայացուցչին, որի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, իսկ ինչ վերաբերում է արձանագրության մեջ նշված իմ կողմից արված առաջարկին, ապա Կպոդոյի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել:

Ուզում եմ ընգծել ու ևս մեկ անգամ ընդգծել, որ իմ ու Կպոդոյի զրույցների մասին ակումբում ոչ մեկը տեղյակ չի եղել: Հասկանում եմ, թե հիմա ինչ վիճակում է ակումբը, թիմը, ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը: Մեկի պատճառով չպետք է տուժեն բոլորը: Ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է: Կներեք, այսքանը,- ասաց Արարատ Հարությունյանը:

Հավելենք, որ «Շիրակը» չի ընդունել ակումբին վերաբերող որևէ փաստարկ և հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող եք կարդալ` անցնելով հղումով: