Անատոլի Այվազովի հարցազրույցը football365-ին. Դարպասապահը` «Փյունիկի», «Շիրակի», ազգային հավաքականի և մի շարք այլ թեմաների մասին

- «Փյունիկում» անցկացրած վերջին մրցաշրջանից հետո պարզ էր, որ թիմի առաջատարները հեռանալու են թիմից: Հասկանում էի, որ շեշտը դրվելու է երիտասարդների վրա և մոտ ապագայում բարձր արդյունքներ դժվար է ակնկալել: Ժամանակն էր քայլ առաջ կատարել: Այդ պահին երկու տարբերակ ունեի: «Բանանցից» կար առաջարկ, ինձ հետ կապվեցին նաև «Շիրակից»: Ինձ հետաքրքրեց «Շիրակի» տարբերակը մի պարզ պատճառով: Այստեղից ավելի շատ ֆուտբոլիստներ են մեկնում արտերկիր: Օրինակ Մալաքյան եղբայրները, Միլոշ Ստամենկովիչը: «Շիրակը» ցատկահարթակ է ծառայել շատ խաղացողների համար: Եթե մյուս թիմերից հազվադեպ են ֆուտբոլիստներ մեկնում արտերկիր, ապա «Շիրակից» հաճախ է դա լինում: «Շիրակում» ինձ ասացին, որ եթե ես էլ ինձ լավ դրսևորեմ, ապա ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու հնարավորություն կունենամ: 

- Ե՞վ:

- Արդեն երկու տարի «Շիրակում» եմ և կարծում եմ իմ հայաստանյան կարիերայի լավագույն տարիներն են: Զգում եմ, որ ինչ-որ արդյունքի հասել եմ այստեղ: Կշարունակեմ աշխատել և սպասել առաջարկների:

- Մարզումային գործընթացի մասին ի՞նչ կասես: Աշխատել ես «Փյունիկում», հիմա «Շիրակում» աշխատում ես դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

- Ցանկացած մարզիչ իր ոճն ունի: Յուրաքանչյուրն իր առավելություններն ունի: Թերությունների մասին հարկ էլ չկա խոսել, որովհետև որպես այդպիսին թերություններ չկան: Պարզապես յուրաքանչյուրն իր տեսությունն ունի, յուրովի է նայում տարբեր հարցերի: Ամեն մեկն իրն է տալիս, մեկն աշխատում է այս տարրերի վրա, մյուսն` այլ: Այս մասով «Շիրակում» որևէ խնդիր չկա, ինձ լավ եմ զգում: Ընդհանրապես այստեղ մարզիչներն ու խաղացողները շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Այս մասին բազմիցս եմ նշել: Ֆուտբոլում շատ կարևոր է, երբ խաղացողը զգում է, որ վայելում է մարզչի վստահությունը:  Այդ դեպքում ավելի բարձր մակարդակի խաղ ես սկսում ցուցադրել: Հակառակ պարագայում ոչինչ չի ստացվի, եթե անընդհատ քննադաության ու ճնշման տակ լինես, կամ վատ հարաբերություններ ունենաս մարզիչների հետ:

Չգիտեմ` ինչպես է հայկական մնացած թիմերում, բայց կողքից նայելով կարող եմ ասել, որ «Շիրակն» այն բացառիկ թիմերից է, որտեղ միջանձնային հարաբերությունները բարձր մակարդակի վրա է` սկսած երիտասարդներից մինչև փորձառու խաղացողներ: Ընկերական մթնոլորտ է, մեկը մյուսին օգնում են: Խաղադաշտում յուրաքանչյուրը պատրաստ է ընկերոջ փոխարեն պայքարել, իսկ դա մեծ առավելություն է ֆուտբոլում և դա տալիս է իր պտուղները:

- Ֆուտբոլիստներից շատերը տանել չեն կարող առանց գնդակով մարզումները` նախընտրելով միշտ լինել գնդակով: Դու ի՞նչ կասես:

- Մարզումային գործընթասի մաս է, պետք է մարզվել: Լինում են օրեր, երբ մարզիչները շեշտը դնում են ֆիզիկական պատրաստվածության վրա, հատկապես դա լինում է հանգստյան օրերից հետո: Առավոտյան մարզվում ենք մարզասրահում, երեկոյան արդեն խաղադաշտում: Հաջորդ օրն արդեն կրկին ֆիզիկական աշխատանք, բայց արդեն գնդակներով: Հետո աստիճանաբար ինչքան մոտենում ենք խաղին, ծանրաբեռնվածությունը պակասում է:

- Ի տարբերություն այլ ամպլուայի ֆուտբոլիստների` դարպասապահները նաև առանձին են մարզվում, սակայն շատ կարևոր է, որ հաճախ մասնակցեն թիմային մարզումներին` թիմակիցներին ավելի լավ զգալու, փոխհամագործակցությունը լավ մակադակի հասցնելու, անմիջապես խաղային իրավիճակներում լինելու համար: «Շիրակում» ինչպե՞ս է այդ ամենը կազմակերպվում:    

- Իհարկե, լինում են օրեր, երբ մարզիչներն աշխատում են թիմային տակտիկայի վրա: Օրինակ խաղացողները նախավարժանք են անում գնդակով կամ առանց գնդակ, մենք` դարպասապահներնս, նույնպես: Մոտավորապես դա տևում է 20 րոպե, որից հետո արդեն միանում ենք թիմին ու աշխատում թիմային տակտիկայի վրա: Այսպես հղկում ենք փոխհամագործակցությունը խաղային օղակների միջև, դարպասապահը պաշտպանների հետ, վերջիններս կիսապաշտպանների և այլն: Լինում են օրեր, այո, երբ շեշտը դրվում է հենց տակտիկայի վրա: Կարծում եմ` 50/50 պետք է լինի: Դու դարպասապահների մարզչից ստանում ես անհրաժեշտ գիտելիքները, միասին հղկում ու աշխատում եք կոնկրետ տարրերի վրա, իսկ արդեն թիմային մարզման ժամանակ մասնակցում ես գործողություններին, որոնք ավելի մոտ են խաղային իրավիճակին: Զգում ես արագությունները, խաղի տեմպը: Պետք է և առանձին մարզվել` աշխատելով թույլ կողմերի վրա, պետք է նաև մարզվել ընդհանուր թիմի հետ փոխհամագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու համար:

- Ինչո՞վ պետք է օժտված լինի լավ դարպասապահը:

- Մեր օրերում կարևոր գործոններից մեկը ոտքով խաղն է, պարտադիր պահաջներից է: Հատկապես վերջին երկու-երեք տարում մեծ ուշադրություն են դարձնում: Կարելի է ասել այստեղ իմ բախտը բերել է: Դեռ Մոսկվայում, որտեղ մարզվում էի «Լոկոմոտիվի» ակադեմիայում մեծ ուշադրություն էին դարձնում դրա վրա: Ավելին ասեմ, այնտեղ օրեր էին լինում, երբ ժամ ու կես մարզվում էինք, բայց ձեռքերով գնդակին չէինք դիպչում, աշխատում էինք միայն ոտքերով:  Մարզիչ ունեինք, որը մեծ ուշադրություն էր դարձնում ոտքով խաղի վրա. փոխանցումներ, խաղային իրավիճակներ և այլն: Դա ինձ շատ օգնեց: Բացի դրանից, լավ դարպասապահը պետք է անվախ լինի, ցատկունակ, ճիշտ դիրք ընունել կարողանա, ինչպես նաև լավ խաղա գծի վրա:

- «Բանանցի» հետ վերջին խաղում գծի վրայից հանեցիր գնդակ Սիբոյի հարվածից հետո:

- Այդ դրվագում տղաները մտածեցին, թե խաղից դուրս է և մի պահ կանգնեցին: Մեզ միշտ ասում են, որ պետք է խաղալ մինչեւ սուլիչը: Ես տեսա, որ մյուս եզրից մրցակիցը շտապում է գրոհն եզրափակելու և միակ բանը, որ կարող էի անել, գնալ մինչև վերջ ու փակել այդ անկյունը: Իհարկե, եթե նա հարվածեր իմ ընթացքին հակառակ, ապա ոչինչ չէի կարողանա անել: Պարզապես իմ աշխատանքը կատարեցի, գնացի մինչև վերջ, խաղացի գնդակին:

- Զգո՞ւմ էիր, որ հենց այդտեղ կհարվածի մրցակիցը:

- Դարպասապահը պետք է զգա պահը, ինչ-որ տեղ կարողանա կարդալ այն: Խաղը կարդալու ունակությամբ նույնպես պետք է օժտված լինի դարպասապահը, սա նույնպես կարևոր  գործոններից մեկն է: Եթե դարպասապահը չի հասկանում խաղը, չի հասկանում, թե ինչ է անելու ֆուտբոլիստը, ապա շատ դժվար կլինի: Պետք է զգաս, փորձես կարդալ խաղը, հասկանաս ու ճիշտ գնահատես իրավիճակը:

- Հաճա՞խ ես հուշում թիմակիցներիդ, չէ որ դա նույնպես կարևոր է:

- Պարտավոր եմ հուշել: Թիմակիցդ խաղի մեջ է, նրա համար ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, իսկ դու կանգնած ես ու տեսնում ես ամբողջ խաղադաշտը: Պետք է հուշել ֆուտբոլիստին, որն, օրինակ, կորցրել է դիրքը: Անհրաժեշտության դեպքում դարպասապահը նույնիսկ պարտավոր է բղավել: Դա արվում է` հօգուտ թիմի: Դարպասապահը թիմի կեսն է, խաղացողները պետք է լսեն նրան, քանի որ կողքից նա ավելի ճիշտ է գնահատում իրավիճակը:

- Կարճահասակ ես համեմատած շատ դարպասապահների հետ: Ոմանք դա որպես թերություն են նշում:

- Ուշադրություն չեմ դարձնում դրա վրա ու չեմ կարծում, որ դա խնդիր է: Ընդհանրապես նման խնդրի բախվել եմ դեռ Ռուսաստանում, որտեղ հիմնականում դարպասապահ էին ընտրում սկսած 190 սմ հասակից: Նույնիսկ, երբ փոքր է, ընտրում էին միայն բարձրահասակներին, սակայն եթե նույն Ռուսաստանի հավաքականը վերցնենք, ապա Իգոր Ակինֆեևն է այնտեղ, որը հասակով զիջում է նույնիսկ ինձ, նույնը Մալաֆեևի մասին կարող եմ ասել: Եվրոպական շատ հավաքականներ կան, որտեղ դարպասապահները կարճահասակ են: Մեքսիկայի ազգային ընտրանու դարպասը 1998 թվականի Աշխարհի առաջնությունում պաշտպանում էր Խորխե Կամպոսը, որի հասակը չէր հասնում 170 սմ-ի: Կարճահասակ են, բայց աչքի էին ընկնում այնպիսի ճկունությամբ, ցատկունակ էին, այնպես էին դիրք զբաղեցնում, որ հասակը ոչ մի կերպ չէր խանգարում: Կարծում բարձրահասակ լինելը շատ դեպքերում խանգարում է դարպասապահներին, թերևս միակ առավելությունը դա խաղն է, երբ դուր է գալիս տեղից, բայց դրանով չի սահմանափակվում նրա խաղը: Դարպասապահը պետք է լավ խաղա ոտքով, ճկուն լինի: Հիմնականում հենց կարճահասակ դարպասապահներն են ավելի «կենդանի», ցատկունակ: Անկեղծ կասեմ, միշտ հաճույքով եմ հետևել կարճահասակ դարպասապահների խաղերին:

- Ինչո՞ւ որոշեցիր կանգնել դարպասին:

- Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել հինգ տարեկանից: Սկզբում խաղում էի, հենց սկզբից չեմ կանգնել դարպասներին: Մարզումներից մեկի ժամանակ մարզիչը ինձ կանգնեցրեց դարպասին, այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Ստացվեց այնպես, որ այդ օրը լավ խաղացի: Մարզիչը հարցրեց չեմ ուզում արդյոք դարպասապահ դառնալ: Մտածեցի, եթե իմ մոտ լավ է ստացվում, ապա կարելի է փորձել: Ինձ նույնպես հետաքրքիր էր: Խոստովանեմ, որ այնքան էլ չէի սիրում վազել, ալարում էի ճիշտն ասած և կարելի է ասել, միանգամից հասկացա, որ իմ գործը ոչ թե գոլ խփելն է, այլ գոլերից փրկելը: Ամենահետաքրքիր ու կարևոր խաղային դիրքերից մեկն է, դարպասապահից շատ բան է կախված: Դա ինձ ավելի հետաքրքիր էր, քան խաղադաշտում վազելը:

- Գուցե հետաքրքիր է, բայց հաստատ ոչ այն պահին, երբ ստիպված ես գնդակը հանել սեփական ցանցից:

- Եվս մեկ կարևոր կետ, որը կուզենայի նշել: Դարպասապահը պետք է նաեւ հոգեբանորեն լավ պատրաստված լինի: Նույնիսկ սխալվելու դեպքում, պետք է արագ մոռանալ դրվագն ու չկենտրոնանալ դրա վրա ու շարունակել խաղալ: Լինում են խաղեր, երբ դու սխալվում ես, բայց թիմն հետո առաջ է անցնում հաշվի մեջ, որից հետո դու ետ ես մղում 11 մետրանոցն ու դառնում հանդիպման հերոսը: Եթե առաջին սխալից հետո միանգամից ընկճվես, ապա միանգամից կհետևի երկրորդը, երրորդը: Կարևոր է, որ հոգեբանական առումով կայուն լինես: Չի բացառվում, որ քննադատության կենթարկվես, սակայն պետք է պատրաստ լինել դրան ու միտված պայքարին: Այո, անհրաժեշտության դեպքում պետք է ջղայնանաս ինքդ քո վրա, փորձես ապացուցել, որ տեղի ունեցածը մի դրվագ էր, որն արդեն անցյալում է: Դարպասապահն էլ մարդ է մսից ու արյունից, սխալվում է ինչպես բոլորը: Սխալների վրա էլ սովորում են, պետք է սխալվել, եթե չսխալվես երբեք չես սովորի:

- Հարձակվողը կարող է մի քանի պահ կորցնել, բայց հետո մեկն օգտագործել ու հերոսանալ, սակայն դարպասապահի մեկ սխալը կարող է ճակատագրական լինել:

- Այդպիսին է ֆուտբոլը, որովհետև դարպասապահը վերջին հույսն է: Ոչինչ անել հնարավոր չէ, դարպասապահներին էլ դա է բաժին հասել:

- Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես:

- Պարզ է, որ ցանկանում եմ աճել, զարգանալ, կատարելագործվել որպես ֆուտբոլիստ: Ճիշտ հասկացեք, Հայաստանում վատ ֆուտբոլ չեն խաղում, շատ լավ ֆուտբոլիստներ կան, սակայն այստեղ անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում ֆուտբոլը զարգացնելու վրա: Այդ պատճառով ակումբները չեն զարգանում: Ուժեղ ֆուտբոլիստներն այլ աչքով են նայում Հայաստանի առաջնությանը: Մտածում են վեց թիմ, ուրեմն ինչ-որ բան այն չէ և այլն, իսկ այսպես ֆուտբոլը չի զարգանա: Տեղի ֆուտբոլիստները փորձում են առավելագույնն անել, որպեսզի շատ արագ տեղափոխվել ավելի բարձրակարգ թիմ, առաջնություն: Այո, այստեղ հնարավոր է ինչ-որ մակարդակի հասնել, բայց գալիս է ժամանակ, երբ պետք է քայլ առաջ կատարել, որովհետև արդեն զգում ես, որ կանգնած ես նույն տեղում: Տեսեք 17 տարեկան հասակում, երբ միացա «Փյունիկին», դա ինձ համար քայլ առաջ էր: Հաջորդ երկու-երեք տարիներին զգում ես, որ առաջ ես գնում, բայց դրանից հետո գալիս է ժամանակը, երբ պետք է ևս մեկ ցատկ  կատարել չլճանալու համար: Ես փորձում եմ յուրաքանչյուր խաղում ցուցադրել իմ լավագույն որակները, որ ինձ նկատեն, ունենամ առաջարկներ ավելի բարձրակարգ թիմ կամ առաջնություն տեղափոխվելու համար:

- Չորս խաղ անընդմեջ գոլ բաց չես թողնում, բավականին լավ տպավորություն ես թողնում «Շիրակում»: Նույն կերպ շարունակելու դեպքում դժվար թե չնկատեն քեզ:

- Դժվար է ասել, քանի որ մեր օրերում շատ բան է կախված գործակալներից: Կարելի է ասել, 90 տոկոսը, որ խաղացողը հաջողության հասնի կախված է գործակալից: Ֆուտբոլիստը պետք է աշխատի, նվիրվի իր գործին, աչքի ընկնի պրոֆեսիոնալիզով, մնացած հարցերը լուծում է գործակալը: Նա է փնտրում տարբերակներ, այսօր ֆուտբոլում ամեն ինչ գործակալներից է կախված: Եթե չունես գործակալ, ապա դժվար է որևէ տարբերակ գտնել: Ես գործակալ չունեմ, ինքս ինձ եմ ներկայացնում և ինձ համար շատ դժվար է: Կարող են ինչ-որ տարբերակներ լինել, ամեն դեպքում հուսով եմ, բայց չեմ կարող ասել թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտից հետո:

- Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիր Հայաստան:

- Առաջին անգամ ինձ հետ կապվեցին, երբ դեռ «Լոկոմոտիվում» էի:  Ֆուտբոլի ֆեդերացիայից ինձ հետ կապվեցին, գրեցին Vkontakte-ի իմ էջին: Ազգանունս երևի ինչ-որ բան հուշել էր: Հարցրեցին ունեմ արդյոք հայկական արմատներ, պատասխանեցի, որ հայրս հայ է: Առաջարկեցին միանալ պատանեկան հավաքականին: Այդ ժամանակ մի քանի անգամ արդեն հրավիրվել էի Ռուսաստանի պատանեկան հավաքական, բայց հասկանում էի, որ իմ ազգանունով ապագայում դժվար կլինի ինձ համար Ռուսաստանում: Հատկանշական է, որ այդ օրվանից մեկ շաբաթ առաջ, ինչ ինձ հետ կապվեցին ֆեդերացիայից, հորս հետ էի զրուցում ու քննարկում էինք, թե ինչպես կարող եմ հայտնվել Հայաստանի հավաքականում: Այդ ժամանակ արդեն մտածում էի, ինչպես կարելի է կապ հաստատել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների հետ և դրանից մեկ շաբաթ անց ստանում եմ նման հաղորդագրություն:

Կարծես հեքիաթ լիներ, մտածում ես այդ մասին, իսկ մեկ շաբաթ անց նման հաղորդագրություն ես ստանում: Ժամանեցի Հայաստան, միացա Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականին, հետո ևս երկու-երեք հավաքի մասնակցեցի, քաղաքացիություն ստացա: Պատրաստվում էինք մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերին: Ռուսաստանում իմացան, որ ես պատրաստվում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում և իմ առջև պայմաններ դրեցին: Կամ ես միանում եմ Ռուասաստանի մինչև 17 տարեկանների հավաքականին, կամ հավաքում եմ իմ իրերը «Լոկոմոտիվից»: 15-16 տարեկան էի, կանգնեցի փաստի առաջ: Իհարկե կարող էի միանալ Հայաստանի պատանեկան հավաքականին, սակայն ինչ իմաստ ուներ, եթե դրանից հետո մնալու էի առանց ակումբ: Ներողություն խնդրեցի ֆեդերացիայից, քիչ բան էր ինձանից կախված, այնպիսի պահանջներ դրեցին, որ այդ տարիքում չէի կարող պարզապես ամեն ինչ թողնել և հեռանալ: Արդյունքում միացա Ռուաստանի մինչև 17 տարեկանների հավաքականին, բուժզննում անցնանք, պատրաստվում էինք մեկնել հավաքի և վերջին օրը զանգում են ինձ ու հայտնում, որ հանում են ինձ հայտացուցակից` փոխարենը հայտավորելով դարպասապահի ԲԿՄԱ-ից, որը մինչ այդ ոչ մի հանդիպում չէր անցկացրել: Պարզ դարձավ ինձ համար, որ այդ ամենը կազմակերպվել էր միայն նրա համար, որ ես Հայաստանի հավաքականին չմիանայի:

- Հայաստանում բարեկամներ ունե՞ս:

- Ոչ, ընտանքից միակ ներկայացուցիչն եմ, որն առաջին անգամ եկել է Հայաստան: Ընդհանրապես չէի դիտարկում Հայաստանում կարիերաս շարունակելու տարբերակը, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ «Լոկոմոտիվում» էի, առաջակում էին ինձ խաղալ Հայաստանի առաջնությունում: Ես մտածում էի Ռուսաստանում կարիերաս շարունակելու մասին, տեղի հնարավորությունների մասին, որոնց մասին ասում էին ինձ: Այդ ժամանակ ասում էի, որ Հայաստանի առաջնությունում չեմ խաղա, ինչ պայմաններ էլ առաջարկեն: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ կրկին առաջ եկան Ռուսաստանի հավաքականի հետ կապված հարցերը: Ես արդեն ավարտվում էի ակադեմիան, ժամանակն էր  տեղափոխվել «Լոկոմոտիվի» երկրորդ թիմ: Այստեղ բախվեցի քաղաքացիության խնդրին: Մտածում էի հնարավորություններ կունենամ ուժերս այլ ակումբներում փորձելու, հետո վնասվածք ստացա, ենթարկվեցի վիրահատության: Մի պահ եղավ, երբ մտածում էի, որ այլևս ֆուտբոլ չեմ խաղալու: Հանկարծ ինձ զանգեցին Հայաստանից, հայտնեցին, որ պատրաստ են իրենց վրա վերցնել վերականգման հետ կապված բոլոր ծախսերը վիրահատությունից հետո, պատրաստ են պայմանագիր առաջարկել: Ինձ մնում է միայն գալ և խաղալ: Այդպես միացա «Փյունիկին»: Անկեղծ ասած` հաճելիորեն զարմացա, երբ տեսա տեղի պայմանները: Խոսքն առաջին հերթին Ավանի ակադեմիայի մասին է: 18 տարեկան էի և ինձ համար հայտնվել մի թիմում, որի կազմում խաղում էին ազգային հավաքականի 8 ֆուտբոլիստ, մեծ քայլ էր առաջ: Բախտս էլ ինչ-որ տեղ բերեց, թիմում չորս դարպասապահ կար: Ստացվեց այնպես, որ տղաները տարբեր պատճառներով շարքից դուրս մնացին և ես սկսեցի խաղալ: Այդ մրցաշրջանում էլ չեմպիոն դարձանք: Ինձ համար առանձնահատուկ բան էր. նոր ակումբ, առաջին մրցաշրջան և դու հասնում ես նման արդյունքների, գավաթն էլ նվաճեցինք:

- Հայաստանի ազգային հավաքականում խաղալու մասին դեռ մտածո՞ւմ ես:

- Իհարկե, դա էլ ի նկատի ունեի, երբ ասացի, որ ցանկանում եմ դադար վերցնել, բայց եղան մարդիկ, որոնք ինձ սխալ հասկացան, գուցե չընկալեցին այն, թե ինչ էի ես ուզում իրականում հասցնել, ասել: Դեռ այն ժամանակ եմ ասել, որ ցանկանում եմ խաղալ ազգային հավաքականում:

- Բայց դու պետք է հասկանայիր, որ քո խոսքերից հետո կլինեն մարդիկ, որոնք քեզ սխալ կհասկանան, կամ պարզապես չեն ուզենա հասկանալ:

- Դե հա, պարզ էր, որ ոչ բոլորը կհասկանան, բայց ինձ համար գլխավորն այն է, որ մոտիկներս ինձ հասկանային, որոնք ճանաչում են ինձ: Հասկանային, թե ինչ էի ուզում ասել: Ես ցանկանում եմ խաղալ հավաքականում, բայց ես ուզում եմ ուժեղ լինել, որ կարողանամ օգնել թիմին: Օրինակներ կարող եմ բերել, որ տեղի շատ դարպասապահներ, որոնք հարվիրվել են հավաքական մեկ-երկու սխալից հետո, այլևս հրավեր չեն ստացել: Այդ ամենը տեղի է ունենում իմ աչքի առաջ: Ինչպես կարող եմ միանալ հավաքականին, երբ հնարավոր է սխալից հետո, այլևս հավաքականի երես չտեսնել: Ինձ դա վախեցնում է: Չէ որ, եթե մարդը չի սխալվում, չի աճում, չի կատարելագործվում:

Նույն Բերեզովսկին, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում, շատ է սխալվել, բայց նա միշտ հավաքականում էր, նրա առաջատարներից մեկն էր: Գլխավոր պատճառն այն է, որ նա խաղում էր լավ թիմում: Եթե նա խաղար օրինակ «Ալաշկերտում», «Բանանցում», «Շիրակում» կապ չունի հայկական որևէ այլ թիմում, չեմ կարծում, որ նա կստանար այդքան շատ հնարավորություն: Երբ ֆուտբոլիստը խաղում է բարձրակարգ թիմում, ապա վերաբերմունքն էլ նրա հանդեպ այլ է, իսկ երբ Հայաստանի առաջնությունից է խաղացողը, ապա կարելի է ասել դա նրա վերջին հնարավորությունն է: Դուրս եկար խաղադաշտ, լավ խաղացիր ուրեմն կշարունակես խաղալ, եթե ոչ, ապա մեծ է հավանականությունը, որ այլևս հրավեր չստանաս: Ես այս ամենը հասկանում եմ և ցանկանում եմ ավելի լավ թիմ տեղափոխվել:

- Քեզ մոտ կանգնած մարդիկ հասկացա՞ն քեզ:

- Այո, իհարկե, հասկացան:

- Ֆուտբոլի ֆեդերացիայից հասկացա՞ն քեզ:

- Կարծում եմ` այո: Նրանք հիանալի հասկանում են ինչ եմ ուզել ասել: Շփվել եմ նրանց հետ: Նրանք գիտեն, որ ես ցանկանում եմ խաղալ հավաքականում: Ինչպես նրանք էին ասում, սպասում են նրան, որ ես ասեմ, որ ցանկանում եմ խաղալ հավաքականում և ես կարող եմ միանալ ազգային թիմին: Եթե նրանք դա ասում են, ապա հասկացել են, որ որևէ այլ միտում չեմ ունեցել, որ չեմ ցանկանում խաղալ հավաքականում: Հասկացել են ինձ, որ ես իրաք ուզում եմ խաղալ և դադար եմ վերցրել, որ ավելի ուժեղանամ ու կարողանամ իրոք օգուտ տալ հավաքականին, որ հասնենք լավ արդյունքների:

- Հետևու՞մ ես խաղերին, դիտե՞լ ես վերջին հանդիպումները:

- Իհարկե, խաղ բաց չեմ թողել:

- Նշվում է, որ հավաքականն այսօր դարպասապահի կարիք ունի, խնդրահարույց դիրքերից մեկն է:

- Հենց դա եմ ասում: Այնպես չէ, որ դարպասապահները թույլ են: Շատ լավ դարպասապահներ են, նրանց հետ ես մարզվել եմ, խաղում եմ: Ծանոթ եմ նրանց, գիտեմ ինչի են ընդունակ, բայց երբ դու խաղում ես Հայաստանի առաջնությունում, ապա մեկ այլ մակարդակ է, այլ արագություններ: Նույնիսկ տարբերությունը զգացվում է, երբ առաջնության խաղերից հետո միանում ես հավաքականին: Մարզումների ժամանակ նույնիսկ արագության փոփոխությունը տեսնում ես, երբ սկսում ենք խաղալ: Խաղացողների խաղամակարդակը միանգամից զգացվում է, լրիվ այլ արագություններ են: Նույնն էլ պատոնական հանդիպումների ժամանակ, երբ մրցում ես «Բավարիայի», «Բարսելոնայի» խաղացողների հետ: Ինչպես կարող ես խաղալ նման ֆուտբոլիստների հետ օրինակ «Արարատի» հետ հանդիպումից հետո: Ֆուտբոլիստներն այդ մակարդակում մեկ ակնթարթում այնպիսի որոշուներ են ընդունում, որ մեր առաջնությունում կայացնում են միայն 20 վայրկայնում: Բնական է, դարպասապահներին էլ սա վերաբերում: Մի բան է, երբ քո դարպասին Ռոնալդուն է հարվածում, մեկ այլ բան, երբ Հայաստանի առաջնությունում հանդես եկող խաղացողը: Այստեղ մատների վրա կարելի է հաշվել խաղացողներին, որոնք լավ հարվածների են տիրապետում: Ինչպես կարող ես դրանից հետո դուրս գալ միջազգային ասպարեզ ու հուսալ, որ հրաշքներ ես գործելու: Պետք է տեղափոխվել ավելի բարձրակարգ թիմ, առաջնություն և զգալ այդ մակարդակը, արագությունները: Հավաքականում խաղացած դարպասապահները կարող են մեծ օգուտ տալ, պարզապես պետք է քայլ առաջ կատարել: Նույնիսկ արագ մտածելու, կողմոնորշվելու հարցը կա, ավելի բարձրակարգ թիմում խաղալու դեպքում այդ ամենը կընկնի տեղը: Նույնիսկ այն ժամանակ, երբ տեղափովեցի «Փյունիկ» զգում էի տարբերությունը: Փաստորեն մանկապատանեկան ֆուտբոլից տեղափոխվեցի մեծահասակներ ու արագության փոփոխությունը միանգամից զգացի: Սկզբում դժվար է, շատ բան չէի հասկանում, չէի հասցնում: Հիմա արդեն չորորդ տարին այստեղ եմ ու ամեն ինչ շատ սովորական ու հեշտ է դարձել: Այնպիսի վստահությամբ եմ խաղում, որ թվում է ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ գիտեմ: Խաղացողներին գրեթե բոլորին ճանաչում եմ, նրանց հնարավորություններին, գիտեմ որ դրվագում ինչ անել, ինչ սպասել և այլն: Եթե սկզբում ինձ համար բոլորն արագ էին շարժվում, ինչ-որ տեղ չէի հասցնում, ապա հիմա նման բան չկա: Սա նշանակում է, որ ժամանակն է ևս մեկ ցատկ կատարել ավելի առաջ գնալու համար: Կրկին սկզբում դժվար կլինի, սակայն ընթացքում կհարմարվես և այսպես շարունակ: Դրա համար, երբ Հենրիխը, Բարսեղյանը, որոնք եվրոպական թիմերից են միանում հավաքականին, միանգամից տարբերությունը զգացվում է: Նրանք արդեն սովոր են ավելի բարձր արագությունների, իսկ Հայաստանի առաջնությունից միացած ֆուտբոլիստները միանշանակ զիջում են:

- Հայաստանի առաջնության մակարդակն այդքան ցա՞ծր է:

- Այնպես չէ, որ Հայաստանում մակարդակը շատ ցածր է, բայց որպեսզի հավաքականը բարձր արդյունքների հասնի միջազգային ասպարեզում, ֆուտբոլիստները պետք է ավելի բարձրակարգ թիմերում խաղան` Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում:

- Շատ բարդ ու դժվար բան ես ասում:

- Այո, բայց եթե հավաքականի խաղացողները նման ֆուտբոլային երկրներում խաղային, ապա հարյուր տոկոսով ազգային թիմը կմասնակցեր խոշոր մրցաշարերին: Մյուս կողմից, նույնիսկ եթե տեղափոխվեն գոնե մեկ մակարդակով բարձր առաջնությունուն, ապա արդյունքը միանգամից կերևա. Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան: Մեկ տարի անց ավելի լավ մակարդակի ֆուտբոլ ցույց կտա հավաքականը, քան հիմա: Կազմում տասը ֆուտբոլիստ դրսից են, տասը խաղացող Հայաստանի առաջնությունից: Եթե բոլորը կամաց-կամաց հարթեն իրենց կարիերան դեպի արտասահաման փոփոխություն անպայման կլինի: Վերցնենք Վրաստանի հավաքականը: Երեք տարի առաջ գրեթե ոչինչ ցույց չէր տալիս, հիմա լրիվ այլ ֆուտբոլ են խաղում: Գրեթե ողջ կազմը հիմա արտասահմանում է խաղում, մեկ-երկու խաղացող ունեն ներքին առաջնությունից, մինչդեռ երկու-երեք տարի առաջ հակառակ պատկերն էր:

- Վերադառնանք «Շիրակին», հավատու՞մ էիք, որ ընթացիկ մրցաշրջանում թիմը կկարողանա պայքարել ամենաբարձր տեղերի համար` հաշվի առնելով այն, որ առաջնության մեկնարկից առաջ թիմից հեռացան մի շարք փորձառու խաղացողներ:

- Ֆուտբոլում այդպես լինում է, երբ շեշտը դնում են երիտասարդների վրա…

… Զրույցի սկզբում նշեցիր, որ «Փյունիկում» իմաստ չտեսար մնալու, քանի որ առաջատարները հեռացան և դժվար էր լուրջ արդյունքներ ակնկալել:

- «Փյունիկում» միայն երիտասարդները մնացին, իսկ «Շիրակում» 6-7 փորձառու խաղացող մնաց: Թիմի կորիզը պահպանվեց, իսկ «Շիրակն» այն թիմն է, որն առաջին հերթին ուժեղ է իր ոգով, բնավորությամբ, երբեք չի հանձնվում: Մեզ չէին հավատում, իսկ մենք դուրս ենք գալիս խաղադաշտ ապացուցելու, որ կարող ենք: Կարծում եմ մինչև այս պահը դա մեզ հաջողվում է:

- Հավատու՞մ ես, որ թիմը կարող է չեմպիոն դառնալ:

- Իհարկե, հավատում եմ: Բոլոր հնարավորություններն ունենք դրան հասնելու համար: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կտրամադրվենք ու կմոտենանք հանդիպումներին:

- Գլխավոր մարզիչը դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր նշել, որ հավատում է ձեզ:

- Մարզիչների հետ հիանալի հարաբերությունների մեջ ենք, մեզ միշտ աջակցում են:

- Նույնիսկ այն բանից հետո՞, երբ թիմն առաջնությունում տասը խաղ անընդմեջ հաղթանակ չտարավ:

- Այո, ճնշում չկար մեզ վրա: Խաղերից հետո, երբ հավաքվում էինք քննարկելու, մարզիչներն ասում էին, որ մենք կարող ենք: Այն, ինչ տեղի է ունեցել, պատահում է: Գիտենք, որ կարող եք հաղթել ցանկացած մրցակցի առաջնությունում ու պայքարել չեմպիոնության համար: Այսպես էր գրեթե բոլոր խաղերից հետո, նույնիսկ այդ հատվածում, երբ չէինք հաղթում: Դուք կարող եք, դուք կարող եք, դուք կարող եք: Երբ դու զգում ես, որ քեզ հավատում ու վստահում են, վաղ թե ուշ սկսում ես լավ խաղալ ու հաղթել անկախ նրանից, հոգնած ես, պահեստայինների կարճ նստարան ունես և այլն: Պարզապես ցանկանում ես պայքարել թիմակիցներիդ, մարզիչներիդ ու ինքդ քեզ համար: Յուրաքանչյուրը պետք է ցույց տա, որ ինքը կարող է և այդ դեպքում ողջ թիմը կհասնի ցանկալի արդյունքի:

- Մոսկվա-Երևան-Գյումրի: Կարծես իրականությանը հակառակ ես շարժվում, չնայած նրան, որ գյումրեցիները վստահեցնում են, որ աշխարհի կենտրոնը Գյումրին է:

- (Ժպտում է – խմբ.) Սկզբում շատ դժվար էր: Անկեղծ ասած ոչ մի տեղ նման բան չէի տեսել, որ կինոթատրոն չլինի:

- Մենք հիմա Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ենք:

- Այո, բայց այստեղ հայկական ֆիլմեր են հիմնականում ցուցադրում: Գյումրիում քիչ են վայրերը, որտեղ կարելի է հանգիստն անցկացնել: Կարծում եմ` յուրաքանչյուրն էլ ուզում է իր հանգստայն օրը հետաքրքիր անցկացնել, զբոսնել, ինչ-որ մի տեղ նստել: Այս մասով, քաղաքը խնդիրներ ունի: Մոսկվայից հետո, նույնիսկ Երևանում էր դժվար: Կամաց-կամաց հարմարվեցի, հասկացա, որ Երևանում կարող եմ ինչ-որ բանով զբաղվել: Գյումրի տեղափոխվելուց հետո հասակացա, որ Երևանն ինձ համար Մոսկվա էր: Երկու տարի անցել է և կարելի է ասել հարմարվել եմ քաղաքին: Ամեն դեպքում, Գյումրիում ավելի շատ եմ կենտրոնացած աշխատանքի վրա:

- Չես սիրում տանը նստել…

- Սիրում եմ զբոսնել, ժամանակ անցկացնել: Ավելի վաղ տարիքում, երբ Մոսկվայում էի, սիրում էի անցնել ակումբներով: Տարիներ են անցել, հասունացել եմ, հասկացել եմ, որ այդ ամենն այնքան էլ կարևոր չէ, անպիտան բաներ են: Կարևորը ամբողջությամբ քո գործին նվիրվելն է և փորձել հանգստանալ, եթե ստանում ես նման հնարավորություն: Ծանրաբեռնված մարզումներից ու խաղերից հետո շատ կարևոր է, որ խաղացողը շուտ վերականգնվի` ռեժիմ պահելով, ճիշտ սնվի, մնա տանը, ժամանակին քնի և այլն:

- Պրոֆեսիոնալ սպորտը վնասում է առողջությանը:

- Պատրաստ եմ անցնել այդ ամենի միջով: Գրասենյակում նստել ու գումար աշխատելն իմը չէ: Սիրով եմ ընտրել սպորտը, մասնավորապես, ֆուտբոլը:

- Ում գործն ես շարունակում, թե ընտանիքում միայն դու ես ընտրել սպորտը:

- Հայրս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, ընտանեկան խնդիրների պատճառով թողել է խաղալը: Դրանից հետո բնականաբար նրա երազանքն էր, որ իր կիսատ թողած գործը ոդրին շարունակի: Ամեն օր շփվում եմ նրա հետ, միշտ աջակցում է ինձ, փորձում է միշտ օգնել:

- Ընտանիք կազմելու մասին դեռ չե՞ս մտածում:

- Հիմա ավելի շատ  կենտրոնացած եմ մրցելույթների ու կարիերայի վրա: Պետք է նաև ամուր կանգնել ոտքերի վրա նման որոշում կայացնելուց առաջ: Ամռանը 22 տարեկան կդառնամ, գալիս է ժամանակը, որ պետք է արդեն մտածել այդ ուղղությամբ: Սակայն կրկին ընտանիքի մասին մտածելու համար պետք է ինչ-որ բանի հասած լինես: Բացի ֆուտբոլից պետք է մտածել այն մասին, թե ինչով ես զբաղվելու սպորտը թողնելուց հետո: Ֆուտբոլը ֆուտբոլով, բայց այն անվերջ չէ: Պետք է իմանալ, թե ինչով ես զբաղվելու խաղակոշիկները մեխից կախելուց հետո: Աստված չտա վնասվածք լինի, ինչին ֆուտբոլում հաճախ ենք ականտես լինում: Շեշտը դնում եմ ֆուտբոլի վրա, մտքերս ֆուտբոլի հետ է, բայց զուգահեռ մտածում եմ նաև նման հարցերի մասին:

- Տեղյակ ենք, որ սովորում ես:

- Այո, սովորում եմ, ամռանը կավարտեմ: Կուզենայի իմ գործն ունենալ, մտածում եմ այդ ուղղությամբ: Դեռ կոնկրետ ծրագրեր չկան: Տարբերակներ կան, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Բացի դրանից, մտածում եմ լավ կարիերա ունենալուց հետո մարզչական աշխատանքի անցնելու մասին: Կուզենայի մնալ ֆուտբոլում:

- Դարպասապահների մարզի՞չ:

- Այո, կուզենայի դարպասապահների հետ աշխատել:

- Չես սիրում վազել, այդ պատճառո՞վ:

- Ոչ, իհարկե: Փոքր ժամանակ մարզիչները շատ էին ինձ ծանրաբեռնում, ասում էին մեր ժամանակ այսպես էր, այնպես էր: Կուզենայի իմ փորձով կիսվել պատանիների, երիտասարդների հետ: Հետաքրքիր է ինձ մարզչի աշխատանքը: Տարբերություն չկա ինձ համար, կաշխատեմ երեխաների, թե մեծահասակների հետ: Կուզենայի ինձ տեսնել այդ դերում, հասկանալ արդյոք կարող եմ ինչ-որ բան սովորեցնել մյուսներին:

Հաբեթ Հարությունյան