Ֆլորենտինո Պերես. Ես ուզում էի թիմում տեսնել Տոտիին, բայց նա հրաժարվեց

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ ցանկանում էր ձեռք բերել Ֆրանչեսկո Տոտիին, բայց նա հրաժարվել է։

Տոտին իր ողջ կարիերան անցկացրեց «Ռոմայում» ոչ այն պատճառով, որ առաջարկություններ չի ստացել, այլ այն պատճառով, որ հավատարիմ էր հռոմեական ակումբին։ Յուրաքանչյուր պահի Տոտին կարող էր տեղափոխվել իր նախընտրած ակումբը։

Ֆլորենտինո Պերեսը պատմել է, որ Ֆրանչեսկոյին պայմանագիր է առաջարկել, բայց մերժում է ստացել։

-Տոտին համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկն է, որին ցանկանում էին ձեռք բերել բոլոր թոփ-ակումբները։ «Ռեալում» իմ նախագահության տարիներին ես շփվել եմ Տոտիի հետ և նրան պայմանագիր առաջարկել, բայց նա պատասխանել է, որ չի կարող հեռանալ Հռոմից։

Ես ցանկանում եմ յուրաքանչյուր ակումբին ունենալ այդպիսի հավատարիմ ֆուտբոլիստ։ Եթե իմանայիք, թե ինչ աշխատավարձեր են նրան առաջարկել որոշ անգլիական խոշոր ակումբներ՝ կխենթանայիք։ Տոտին կարող էր դառնալ աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը,- հայտարարել է Պերեսը։

Ֆլորենտինո Պերեսը պատմել է նաև Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I-ի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

Պորտուգալացի հարձակվողն անհավանական հանդիպում անցկացրեց «Յուվենտուսի» հետ։ «Ռեալի» նախագահը խոստովանել է, որ խաղից հետո հեռախոսազրույց է ունեցել Խուան Կառլոս I-ի հետ։ Ահա թե ինչ է ասել Պերեսին Իսպանիայի նախկին թագավորը։

-Երբեմն Խուան Կառլոսը զանգում է ինձ, բայց՝ հազվադեպ։ Այս անգամ նա զանգեց, որպեսզի շնորհավորի Կրիշտիանու Ռոնալդուին։ Նա ասաց, որ «Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» ֆուտբոլի պատմության մեջ ամենագեղեցիկ գոլերից մեկն է»։ Ես համաձայն եմ նրա հետ։ Կրիշտիանուն իրոք աննկարագրելի գոլ խփեց։

Խուան Կառլոս I-ը Ռոնալդուին անվանեց Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հետնորդն ու խնդրեց պարգևատրել նրան։ Բայց՝ չեմ ասի, թե ինչ պարգևատրում է,- ասել է Պերեսը։