Հենրիխ Մխիթարյան. «Ցանկանում եմ գոլեր խփել, օգնել «Արսենալին» ու տիտղոսներ նվաճել»

Լոնդոնի «Արսենալի» ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «FourFourTwo» պարբերականին: Հայ կիսապաշտպանը մտադիր է օգնել «Արսենալին» դուրս գալ ծանր իրավիճակից և իր անունը գրել «Զինագործների» պատմության մեջ: Մխիթարյանը խոստովանել է, որ երկու անգամ չի մտածել և միանգամից համաձայնել է միանալ «Արսենալին»:

  • Երբ իմացա, որ կարող եմ «Մանչեսթեր Յունայթեդը» փոխել «Արսենալով», միանգամից տվեցի իմ համաձայնությունը, երկու անգամ չեմ մտածել: Ինձ համար կարևոր է խաղալ մի թիմում, որը հարձակվողական ֆուտբոլ է խաղում: Միացա «Արսենալին», որովհետև Վենգերն ցանկանում էր ինձ տեսնել թիմում, այլ ոչ թե Ալեքսիսին փոխարինելու համար: Ես ու Ալեքսիսը տարբեր ենք խաղաոճերով, մեր հնարավորություններով ու հմտություններով: Կփորձեմ ամեն ինչ անել ակումբի համար: Ցանկանում եմ իմ անունը գրել ակումբի պատմության մեջ, ցանկանում եմ գոլեր խփել, օգնել ու տիտղոսներ նվաճել, որպեսզի երկրպագուներն երջանիկ լինեն,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը անցած հունվարին Մանչեսթերից տեղափոխվեց Լոնդոն: