Արարատը Կոլումբիայից. Ով է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժոաո Մոնրոյը

Հայաստանի ազգային հավաքականից հրավեր է ստացել կոլումբիական «Բոյակա Չիկոն» ներկայացնող Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը:

Ծնվել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, տեղի «Ինդեպենդինետե Սանտա Ֆեի» սան է: 2015 թվականից սկսել է մարզվել ակումբի գլխավոր թիմի կազմում, ակադեմիայի հեռանկարային սաներից մեկն է եղել: Հատկանշական է, որ «Սանտա Ֆեն» երեք տարի առաջ պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Հարավամերիկյան գավաթի խաղարկությունում` դառնալով առաջին կոլումբիական թիմը, որը հասնում է նման հաջողության: Ժոաո Ժորդի Մոնրոյն արդեն «Սանտա Ֆեի» գլխավոր թիմում էր, սակայն չի մասնակցել Սուդամերիկանայի գավաթի խաղարկության ոչ մի հանդիպման:

Այդ տարիներին «Սանտա Ֆեիում» էր խաղում պաշտպան Յուլիան Անչիկոն, որի հեռանալուց հետո երկրպագուները վստահ էին, որ թիմում կա երիտասարդ խաղացող, որը կարող է փոխարինել նրան:  Գլխավոր մարզիչ Խերարդո Պելուսոն վստահում էր երիտասարդ կադրերին, ուրուգվայցի մասնագետը մեծ սպասելիքներ ուներ նաև Ժոաո Մոնրոյից, որն էլ պետք է մեկնարկային կազմում փոխարիներ Անչիկոյին:

2017 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ «Սանտա Ֆեն» հրապարակում է թիմի հայտացուցակը, սակայն այնտեղ տեղ չի գտնում Ժոաո Մոնրոյը, որն անցած առաջնությունում հասցրել էր 9 հանդիպում անկցացնել թիմի կազմում: Մոնրոյի կարիերան, մեղմ ասած, չի դասավորվում նոր գլխավոր մարզիչ Ալեքսիս Գարսիայի գլխավորությամբ: Մասնագետը սկսում է չվստահել Մոնրոյին` վերջինիս ուղարկելով երկրորդ թիմ: Սկսում է հանդես գալ ակումբի մինչև 20 տարեկանների թիմում, սակայն կարճ ժամանակ անց կրկին վերադառնում է  գլխավոր թիմ, երբ Ալեքսիս Գարիսային փոխարինում է Գուստավո Կոստասը: Անհասկանալի պատճառներով Մոնրոյը կրկին դուրս է մնում գլխավոր թիմից ու կրկին մրցելույթները շարունակում է ակումբի մինչև 20 տարեկանների թիմում: 2016 թվականը Մոնրոյն ավարտում է երիտասարդական թիմում: Բնականաբար այսպես երկար շարունակվել չէր կարող և 2017 թվականի սկզբից ֆուտբոլիստը սկսում է նոր ակումբ փնտրել: Մինչ այդ «Սանտա Ֆեի» նախագահը հայտնում է Մոնրոյին, որ պայմանագրի հետ կապված խնդիրներ կան և նա չի կարող մնալ թիմում: Մոնրոյը հեռանում է հարազատ ակումբից, հույսով, որ մի օր անպայման կվերադառնա:

2017 թվականի փետրվարին առաջարկներ է ստանում եվրոպական մի շարք ակումբներից, մասնավորապես փորձաշրջաններ է անցնում ֆրանսիական «Անժեում», «Դիժոնում», «Ստրասբուրում», «Ամյենում» ու «Տուրում»:

Չկարողանալով ամրապնդվել եվրոպական որևէ ակումբում` վերադառնում է Կոլումբիա: Այստեղ նույնպես բախվում է որոշակի խոչընդոտների, նոր թիմ գտնել չի հաջողվում: Ֆինանսական խնդիրների առաջ է կանգնում, ստիպված թողնում է ֆուտբոլն ու անցնում այլ աշխատանքի` կենցաղային հարցերը լուծելու համար:

  •  Գիշերը ժամը երեքին արթնանում էի, վերադառնում էի կեսօրին ճաշելու ու կրկին գնում էի աշխատանքի մինչեւ 23:00-ն: Սակայն մտածում էի միայն ֆուտբոլի մասին, շատ էի ուզում վերադառնալ ու շարունակել խաղալ,-  պատմել է Մոնրոյը:

2017 թվականի հունիսին առաջարկ է ստանում ու պայմանագիր է ստորագրում «Բոյակա Չիկոյի» հետ:

  • Դեռ հունվարին էի առաջարկ ստացել «Բոյակա Չիկոյից», սակայն մերժել էի, քանի որ «Սանտա Ֆեի» խաղացողն էի և չէի մտածում, որ կարող է դուրս մնամ ակումբից: Աստված ինձ ևս մեկ հնարավորություն տվեց, չէի կարող այն ձեռքիցս բաց թողնել: Ընդունել եմ առաջարկն առանց մի վայրկյան մտածելու,- խոստովանել է Մոնրոյը: 

Կոլումբիայի ընթացիկ առաջնությունում կայացած 8 տուրից հետո «Բոյակա Չիկոն» վաստակած 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:  Թիմը ոչ մի հաղթանակ չի տարել, կրել է 5 պարտություն, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի: Ժոաո Մոնրոյը մասնակցել է բոլոր խաղերին, 7 անգամ խաղադաշտ դուրս է եկել մեկնարկային կազմում, 1 անգամ մտել է փոխարինման:

Ժոաո Մոնրոյ Արարատը ֆիզիկական լավ տվյալներ ունի, ամրակազմ ֆուտբոլիստ է, հասակն է 185 սմ: Բավականին ունիվերսալ խաղացող է, կարող է խաղալ պաշտպանության եզրերում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փակել պաշտպանության կենտրոնը: Հիմնականում մարզիչները նրան վստահում են եզրերը, ավելի հաճախ աջ եզրը:  Աչքի է ընկնում իր ագրեսիվ գործություններով, արագաշարժ ֆուտբոլիստ է, ինչի շնորհիվ հասցնում է փակել ամբողջ եզրը: Սիրում է միանալ թիմի գրոհներին, անցումներ կատարել: Մարզիչները փորձում են օգտագործել Մոնրոյի խաղային որակներն ու հաճախ են թիմի խաղը կառուցում եզրերով: Բարձրահասակ ֆուտբոլիստ է, բայց լավ դրիբլինգ ունի ու բավականին ճկուն է, չի խուսափում խաղն իր վրա վերցնելուց, փոխանցումների կուլտուրան նույնպես չի կաղում 22-ամյա Մոնրոյի մոտ:

Մոնրոյի խաղային որակները կարող են օգնել Հայաստանի հավաքականին, հատկապես պաշտպանությունից հարձակման անցնելիս: Հակագրոհների ժամանակ կարելի է օգտագործել նրա արագությունն ու մրցակցի կիսադաշտում թվային առավելություն ստանալ:

Անկասկած նման խաղացողների կարիք ազգային ընտրանին ունի, այլ հարց է` արդյոք Մոնրոյն ունի նրա կարիքը և արդյոք պատրաստ է ներդնել իր ամբողջ զինանոցը` հանուն հավաքականի լավ խաղի ու հաղթանակի: Շարժառիթները շատ են, բավական է նշել, որ ազգային ընտրանին հիանալի ցատկահարթակ կարող է դառնալ կոլումբահայի համար  ու պատուհան դեպի եվրոպական ֆուտբոլ:

Հաբեթ Հարությունյան