Հենրիխ Մխիթարյան. «Միշտ խաղում ենք երկրպագուների համար, իսկական երկրպագուների»

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության վերջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոտֆորդի» դարպասը: Խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, որն այդ հաղթանակը նվիրեց ակումբի իսկական երկրպագուներին, մինչդեռ «Էմիրեյթսի» հազարավոր նստատեղեր այդ երեկո մնացել էին ազատ:

Վերջին տարիներին «Էմիրեյթսը» սիրել  ակումբին դիմավորել է լեփ-լեցուն տրիբունաներով, սակայն վերջին շրջանում թիմի ցույց տված վատ արդյունքներով պայմանավորված մարզադաշտը կիսադատարկ է մնում: Հարցին նույնիսկ անդրադարձել է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը` հայտնելով իր մտահոգությունը:

«Արսենալի» ճամբարից հայտարարել են, որ վերջին խաղում վաճառվել է 59131 տոմս, մի քանի հազար նստատեղ մնացել էր ազատ: Չնայած դրան, մթնոլորտն այնքան էլ տոնական չէր, «Էմիրեյթսն» էլ` լուռ:

- Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար: Կարևոր չէ կարող էին արդյոք նրանք լինել մարզադաշտում, թե`ոչ:  Միշտ խաղում ենք նրանց համար, որոնք գալիս են մարզադաշտ ու աջակցում մեզ, որոնք իրականում գալիս են մեզ աջակցելու: Նրանց, որոնք գալիս են մարզադաշտ միայն այն ժամանակ, երբ հաղթում ենք, ոչինչ չունենք ասելու,- ասել է Մխիթարյանը: 

Տաթեվիկ Գաբրիելյան