Հենրիխ Մխիթարյան. Պետք է հնարավորինս ամեն ինչ անել ցույց տալու համար, որ պատրաստ ենք պայքարել

Անգլիայի ընթացիկ առաջնության հերթական տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ մրցելու է առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ, որին օրեր առաջ 3:0 հաշվով պարտվեց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում:

«Զինագործների» նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հասկանում են, որ ակումբի համար բարդ ժամանակահատված է, սակայն պնդում են, որ խաղացողները պետք է համախմբվեն ու ցույց տան, որ խաղում են Արսեն Վենգերի համար:

Sky Sports-ին տված բացառիկ հարցազրույցում Մխիթարյանն ասել է. «Ակումբի համար հեշտ ժամանակահատված չէ, բայց մենք այստեղ ենք, որ օգնենք թիմին ոտքի կանգնել ու վերադառնալ իր նախկին մակարդակին: Հասկանում եմ, որ հեշտ չի լինելու, բայց մենք կփորձենք, ամեն ինչ կանենք դրա համար: Ինձ շատ է դուր գալիս աշխատել Վենգերի հետ: Նա շատ բան գիտե ֆուտբոլի մասին, կարող է լավ խորհուրդներ տալ: Ուրախ եմ, որ այստեղ եմ: Իհարկե, նրա համար նույնպես հեշտ չէ, բայց մենք պետք է խաղանք ակումբի պատվի ու նրա համար, որովհետև Վենգերն այս ակումբի համար մեծ մարդ է: Պետք է հնարավորինս ամեն ինչ անել ցույց տալու համար, որ պատրաստ ենք պայքարել: Բոլորը գիտեն, որ «Արսենալը» խաղում է հարձակվողական ֆուտբոլ, ինչն ինձ դուր է գալիս: «Մանչեսթերը» նույնպես նախընտրում էր խաղալ հարձակվողական ոճով, բայց ոչ միշտ: Չեմ ցանկանում ոչ մեկին մեղադրել, որովհետև յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունն ունի: Հնարավոր է` չկարողացա ինչպես հարկն է մերվել մանչեսթերյան ֆուտբոլին: Խաղացողն անկախ իր ամպլուայից ու խաղային դիրքից պետք է կարողանա պաշտպանվել ու օգնել պաշտպանությանը: Թիմը չի կարող պաշտպանվել 4 կամ 5 ֆուտբոլիստով, ողջ թիմը պետք է պաշտպանվի: Ամեն ինչ անում եմ պաշտպանությանն օգնելու համար: Երբեմն ստացվում է, երբեմն`ոչ: Ես առաջին հերթին միշտ փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել թիմի համար, հետո նոր մտածել իմ մասին»:

Sky Sports-ին հարցազրույց է տվել նաև Օբամեյնագը. «Ճիշտ է, բարդ ժամանակահատված է, բացի դրանից այս ընթացքում մրցել ենք մեծ ակումբների հետ: Պետք է համախմբվել ու քրտնաջան աշխատել: Հիանալի մարզիչ ունենք, բոլորը դա գիտեն: Պետք է ողջ ուժերս ներդնենք, որ ցույց տանք Վենգերին, որ խաղում ու ամեն ինչ տալիս ենք նրա համար: Տեղափոխվելով «Արսենալ»` քայլ առաջ եմ կատարել, քանի որ «Արսենալը» մեծ ակումբ է: Ցանկություն չունեի տեղափոխվել, օրինակ, Չինաստան, քանի որ մտադիր եմ հաջողությունների հասնել Եվրոպայում: «Արսենալը» միակ ակումբ էր, որն իրական առաջարկություն արեց և ես երջանիկ եմ, որ այստեղ եմ»:

Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: