Սիրողականից` պրոֆեսիոնալ ֆուտբոլ. 26-ամյա Վահե Մարտիրոսյանը ձեռք է բերել «Կրումկաչիի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը

Երկու տարի առաջ Բելառուսի Բարձրագույն լիգայում մայրաքաղաք Մինսկը ներկայացնող թիմերի քանակն ավելացավ ևս մեկով: Երեք տարի առաջ Առաջին լիգայում երրորդ հորիզոնականը զբաղեցրած «Կրումկաչին», որը պաշտոնապես հիմնադրվել է 2014 թվականին, իրավունք ստացավ մասնակցել երկրի ուժեղագույնների մրցաշարին:

Պատմությունը սկսվել է մոտ 8 տարի առաջ, երբ ֆուտբոլային ֆորումներից մեկում ընկերացած բելառուս տղաների մի խումբ, որոնք իրենց ազատ ժամանակն անցկացնում էին ֆուտբոլային խաղադաշտում` մասնակցելով Մինսկի սիրողական առաջնությանը, որոշում են հիմնել պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ: Նրանցից շատերն իրենց բիզնեսն ունեին, սակայն սերն աշխարհի ամենամասսայական մարզաձևի հանդեպ ստիպեց նրանց ուժերը կենտրոնացնել, իսկ մտքերն ուղղել դեպի ֆուտբոլը: Տղաները միանգամից անցան գործի, որոշեցին ակումբի անվանումը` «Կրումկաչի» («Ագռավներ»), նրանցից մեկն էլ ստեղծեց խորհրդանիշ էմբլեմը:

Սկզբում ուժերը փորձել են Մինսկի ֆուտբոլային լիգայի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում, բայց կարճ ժամանակ անց որոշել են այլ մակարդակում հանդես գալ և 2014 թվականին Բելառուսի երկրորդ լիգայի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել, իհարկե համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստելուց, կազմն էլ հավաքվելուց հետո: Ակումբի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վերահսկում էր Դենիս Շունտոն, Վլադսիլավ Մայորովսկին լուծում էր կազմակերպչական հարցերը, իսկ Վասիլի Գլեզովը, որը տուրիստական բիզնեսով էր զբաղված, արտագնա հանդիպումներին մեկնելու ու ավտոբուս տրամադրելու հարցերն էր լուծում:

«Կրումկաչին» իհարկե փորձառու խաղացողների պակաս ուներ: Թիմում խաղում էին փորձառու տղաներ, որոնք դուրս էին մնացել բարձրագույն լիգայի թիմերից և արդեն մտածում էին խաղակոշիկները մեխից կախելու մասին: Սկզբում պրոֆեսիոնալներ թիմում ընդհանրապես չկային: Բոլորը խաղում էին առանց որևէ գումարի, բացառապես իրենց էնտուզիազմի հաշվին: Աշխատանքից հետո գալիս էին մարզման, հետո խաղերին, իսկ դրանիցից հետո հավաքվում էին բարերից մեկում ու քննարկում, վերլուծում տեղի ունեցածն ու չունեցածը:

Մտահոգում էր թերևս այն, որ արդեն խաղում էին պաշտոնական մրցաշարում: Ամեն դեպքում մի բան է, երբ գնդակ ես գլորում սիրողական մակարդակում ու չունես գրեթե ոչ մի պարտավորվածություն, մեկ այլ բան, երբ արդեն պետք է լուծես մի շարք հարցեր, որոնք պահանջում է երկրորդ լիգայի կանոնակարգը. պայմանագրեր, հայտեր և այլն:

Ինչ վերաբերում է հարցի ֆինանսական կողմին, ապա մեկնարկային ներդրումը կազմել է մոտ 4000 դոլար: Հնարավոր էր լուծել արտագնա խաղերի մեկնելու ծախսերը, խաղացողներին սնունդով ապահովելու հարցը: Աշխատավարձի մասին խոսքը գնալ չէր կարող, բայց ընթացքում, երբ թիմը սկսեց անհամեմատ լավ արդյունքներ ցույց տալ, տղաները խաղացողներին պարգևավճարներ էին վճարում:

Մարզադաշտ վերձակալելու հարցում նույնպես խնդիրներ չծագեցին: Դենիս Շունտոն Մինսկի «Օլիմպիական» մարզական համալիրի ադմինիստրատորն էր, հետևաբար կարելի է ասել, որ ենթակառուցվածքների մասով ի սկզբանե ամեն ինչ եղել է ամենաբարձր մակարդակի վրա:

Կարճ ժամանակում Շունտոյին ու նրա ընկերներին հաջողվեց ստեղծել ակումբ, որը սիրողականից հասավ պրոֆեսիոնալ մակարդակի: Առաջին իսկ մրցաշրջանում «Կրումկաչին» բարձր արդյունքներ ցույց տվեց Բելառուսի երկրորդ լիգայում ու նվաճեց Առաջին լիգայի ուղեգիր: Այստեղ նույնպես թիմը տպավորեց իր խաղով ու առաջնությունն ավարտեց երրորդ հորիզոնականում: Դա նշանակում էր, որ թիմը հաջորդ մրցաշրջանում ներկայացնելու է Բելառուսի Բարձրագույն լիգան: Առաջին փորձից թիմը կարողացավ պահպանել տեղն ուժեղագույնների մրցաշարում` զբաղեցնելով 11-րդ տեղը: 2017 թվականի մրցաշրջանը թիմն այնքան էլ լավ չսկսեց, իսկ արդյունքում զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը, սակայն հուլիսին իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ դուրս գալ Բելառուսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Ներկա պահին «Կրումկաչին» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին, ակումբը մտադիր է ամրապնդել դիրքերը բելառուսական ֆուտբոլում, ինչն, իհարկե, արդեն կապված է մեծ ծախսերի հետ: Ակումբը որոշակի խնդիրների առաջ է կանգնած, ունի պարտքեր, դեռ չի լուծվել նաև նոր մրցաշրջանի մասնակցության արտոնագրաման հարցը: Թերևս դա է պատճառը, որ ակումբը ղեկավար կազմը` Դենիս Շունտոյի գլխավորությամբ վերջին շրջանում զբաղված էին նոր հովանավորների ու ներդրողների փնտրտուքներով:

Հայտնի է, որ «Կրումկաչիի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ձեռք է բերել 26-ամյա հայ գործարար Վահե Մարտիրոսյանը: Վերջինս հասցրել է առաջին հարցազրույցը տալ, tut.by կայքը զրուցել է երիտասարդ գործարարի հետ: Մարտիրոսյանը պատմել է ակումբի հետ կապված ապագա ծրագրերի մասին, խոսել նոր մրցաշրջանից սպասելիքների մասին: 

  • «Կրումկաչին» գոյություն ունի 2014 թվականից, իսկ ես ակումբի մասին իմացել եմ միայն մեկ տարի առաջ, երբ ծանոթացա Դենիս Շունտոյի հետ: Դա տեղի ունեցավ Բելառուսի անցած առաջնության մեկնարկային տուրերից մեկից հետո: Դենիս Պետրովիչը ներկայացրեց ինձ իրավիճակը, պատմեց ակումբի ֆինանսական խնդիրների մասին: Այդ օրվանից դարձա թիմի երկրպագուն: Դրանից որոշ ժամանակ անց որոշեցի բիզնես-ծրագիր կազմել հատուկ «Կրումկաչիի» համար: Այն գոյություն ունի վաղուց, բայց միայն վերջերս սկսեցինք համագործակցել: Համահիմնադիր եմ, ինձ է պատկանում ակումբի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը:
  • Ի՞նչ խնդիրներ է լուծելու ձեր կողմից կազմված բինզես-ծրագիրը:
  • Առաջին հերթին կփորձենք մեր տեղը պահպանել Բարձրագույն լիգայում ու տեղ զբաղեցնել մրցաշարային աղյուսակի միջնամասում: Ցանկանում ենք ուժեղացնել կազմը լավ կատարողներով: Ի նկատի ունեմ նոր տրանսֆերներն ու երիտասարդ կադրերի կատարելագործումը, որպեսզի արդեն հաջորդ մրցաշրջանում պայքարենք լավագույն եռյակում հայտնվելու համար: Կփորձենք գումար աշխատել` ստորագրելով համագործակցության պայմանագրեր: Մտադիր ենք աշխատել պոտենցիալ ունեցող պատանիների հետ ինչպես Բելառուսից, այնպես էլ այլ երկրներից: Պատրաստ ենք հնարավորություն տալ բոլոր երիտասարդ տղաներին, որոնք սիրում են ֆուտբոլն ու ապրում են նրանով:
  • Որքա՞ն է կազմելու ակումբի բյուջեն 2018 թվականի համար:
  • 600 հազար դոլար: Հետագա ֆինանսավորումը կախված կլինի ակումբի զարգացման տեմպերից:
  • Գումար որտեղի՞ց:
  • Առևտրի ու ծառայությունների ոլորտում ընտանեկան բիզնես ունեմ իմ հայրենիքում` Հայաստանում, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրներում ու Եվրոպայում: Ցավոք, Բելառուսում մենք ոչինչ չունենք, սակայն մտածում ենք այն մասին, որ ինչ-որ մի բան բացենք այստեղ: Տեսնենք, թե ինչի դա կհանգեցնի: Դեռ այս պահին կանգ եմ առել ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու վրա: Սա ամենամեծ բիզնեսն է, որը մտադիր եմ ունենալ Բելառուսում: Ֆուտբոլով հետաքրքրվում եմ 3-4 տարկանից, այն բանից հետո, երբ տեսա Ռոնալդինյոյի խաղը: Այդ ժամանակներից շատ տեղեր եմ խաղացել: Սկզբում բակում, հետո դպրոցում և, վերջապես, քաղաքային թիմի կազմում: Մեծացել եմ Դիլիջան քաղաքում, այնտեղ հատուկ դպրոցներ կամ ակադեմիաներ չկային, որտեղ կկարողանայի կատարելագործել վարպետությունս: Չստացվեց դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:
  • Ստացվում է` «Կրումկաչին» ձեռք բերելուց հետո, իրականացրել եք ձեր մանկության երազա՞նքը:  
  • Ոչ, ակումբը դիտարկում եմ միայն բիզնեսի տեսանկյունից: Եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, ապա այն շատ ձեռնտու է: Իմ դերն ակումբում կապված կլինի ադմինիստրատիվ ու ֆինանսական հարցերի հետ: Մնացած հարցերով զբաղվելու է Դենիս Պետրոսվիչը:

  • Ակումբը դեռ չի՞ մարել ամբողջ պարտքերը:
  • Ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական զեկույցներում տեսնում է այն, ինչ կա: Պարտքերը մարվում են: Հուսով ենք, որ մեր հայտի ու արտոնագրման հարցը դրական լուծում կստանա:
  • Որքա՞ն ժամանակ կպահանջվի բոլոր պարտքերը մարելու համար:
  • Ամենակարճ ժամանակում կփորձենք մարել:
  • Խոսքը մեկ կամ երկու ամսվա մասի՞ն է:
  • Ոչ, ամենակարճ ժամանակում:
  • Երկու շաբա՞թ:
  • Այնքան, ինչքան պետք է նրա համար, որ հանդիպենք անհրաժեշտ մարդկանց հետ: Մոտ 30 մարդու, տասը րոպե յուրաքանչյուրի վրա:
  • Իսկ դուք շատ լուրջ եք տրամադրված:
  • Այդ մասին խոսում են մեր քայլերը:
  • Կարող է այնպես պատահել, որ ֆեդերացիան «Կրումկաչիին» կզրկի արտոնագրից:
  • Այդ տարբերակը նույնիսկ չենք դիտարկում: Նորմալ ընթացակարգ է, ֆեդերացիան իր գործն է անում: Պարտքերի հետ կապված պատմությունն, իրոք, որոշակի խնդիրների առաջ է կանգնեցրել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել: Հուսով եմ` կվերադարձնենք վստահությունը ակումբի հանդեպ: Կան մարդիկ, որոնք մնացել են ու աշխատում են ակումբում: Նոր կադրերով կհամալրենք մեր գրասենյակը:
  • Դուք չեք ապրում Բելառուսում, այդպես չէ՞:
  • Ոչ: Առաջին դեպքն է, երբ ժամանել եմ Մինսկ մեկ շաբաթով, որպեսզի գործերով զբաղվեմ: Պատրաստվում եմ տեղափոխվել Մինսկ, պատճառը «Կրումկաչին» է:Հարկ է նշել, որ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների արտոնագրման կոմիտեն հրաժարվել է դիտարկել «Կրումկաչիի» հայտը կապված նախկինում ակումբի կողմից թույլ տված բացթողումների, արտոնգրման ընթացակարգի պահանջները պարբերաբար խախտելու, նշված ժամկետների մեջ չտեղավորվելու հետ: Հավելենք, որ «Կրումկաչին» բողոքարկել է այս որոշումը ու սպասում է հատուկ հանձնաժողովի վճռին: