Հենրիխ Մխիթարյան. Ուրախ եմ, որ այստեղ եմ: Երազանքներն իրականանում են

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ESPN FC-ին: Հայ ֆուտբոլիստը վստահեցրել է, որ կարող է լավ արդյունքների հասնել «Արսենալի» կազմում և խոստովանել է, որ չի հասկանում նրանց, որոնք կարծում են, որ թիմի մեկնարկային կազմում տեղ չկա և իր, և Օզիլի համար:

Մխիթարյանն իր դերակատարումն ունեցավ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի շվեդական «Էստերսունդի» հետ առաջին խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ավագը դարձավ խփած երեք գոլից երկուսի համահեղինակը: Մինչ այդ Մխիթարյանն երեք գոլային փոխանցում էր կատարել Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության «Էվերտոնի» հետ տնային խաղում: 

Հայ ֆուտբոլիստը, սակայն, չկարողացավ ինչպես հարկն է իրեն դրսևորել «Տոտենհեմի» հետ մրցավեճում, նույնը կարելի է ասել Մեսուտ Օզիլի մասին: Չնայած նրան, որ երկուսն էլ նման են խաղաոճերով՝ Մխիթարյանը շարունակում է պնդել, որ ինքն ու Օզիլը կարող են միասին խաղալ մեկնարկային կազմում: 

  • Ոմանք ասում են, որ մենք միասին չենք կարող խաղալ, բայց ես չեմ կարողանում հասկանալ  այդ մարդկանց: Ինձ պարզապես դուր է գալիս խաղալ Օզիլի կողքին, նա հիանալի ֆուտբոլիստ է: Ես ավելի լավ եմ խաղում նրա կողքին, բոլորն են ծանոթ նրա որակներին, հնարավորություններին, այս դեպքում իսկ ինչու ոչ: Ինչու չունենալ երկու «10» համար խաղադաշտում: Իմացեք, նույնիսկ եթե մենք խաղում ենք շատ լավ, միշտ հնարավորություն կա ավելի լավ խաղալու, նույնիսկ երբ խաղում ենք հարձակվողական ֆուտբոլ: Անկախ դրանից կարող ենք ավելին անել: Ի նկատի ունեմ, որ կարող ենք ավելացնել բոլոր առումներով, կարևոր չէ ուժեղ ենք մի կողմով կամ թույլ ենք մեկ այլ կողմով: Կարծում եմ՝ շատ հնարավորություններ կա ավելի լավ խաղալու համար:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» մնաց 18 ամիս: Նա կարևոր դերակատարում ունեցավ «Յունայթեդի» հաղթանակներում, որոնք թիմը տարավ Լիգայի գավաթի անցած խաղարկությունում ու Եվրոպայի լիգայի անցած խաղարկությունում: Անցկացրած 63 խաղում Հենրիխը խփեց 13 գոլ: Մխիթարյանն աչքի ընկավ նաև «Այաքսի» հետ եզրափակիչ խաղում:

«Արսենալ» տեղափոխվելուց հետո Մխիթարյանը կարծում է, որ հիմա խաղում է մի թիմի կազմում, որն ավելի է համապատասխանում իր խաղաոճին, քան Մոուրինյոյի «Յունայթեդն» էր: Հայ ֆուտբոլիստը կարծում է, որ «Արսենալը» նման է իր նախկին ակումբին՝ Դորտմունդի «Բորուսիային»:

  • Խաղացել եմ Դորտմունդում Յուրգեն Կլոպի գլխավորությամբ: «Բորուսիան» շատ լավ ֆուտբոլ էր խաղում և ես կարծում եմ, որ այդ առումով շատ նման է «Արսենալին»: Ուրախ եմ, որ այստեղ եմ: Հաճույք եմ ստանում հարձակվողական ֆուտբոլից ու նրանից, որ համարվում եմ «Արսենալի» մի մասնիկը: Ինձ միշտ դուր է եկել հարձակվողական խաղաոճը: Թիմի համար պետք է ամեն ինչ անել: Այս դեպքում, երբ «Արսենալը» նախընտրում է խաղալ հարձակվողական ոճով, ես փորձում եմ տալ ամեն ինչ, ինչ կարող եմ և ինչը օգուտ կտա թիմին:

Գալիք կիրակի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում «Արսենալը» մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Նկատենք, որ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել հանդիպմանը, քանի որ «Յունայթեդի» կազմում արդեն խաղացել է մրցաշարում:  Հայ ֆուտբոլիստը հայտարարել է, որ շատ ուրախ է, որ տեղափոխվել է «Արսենալ», որին երկրպագել է փոքր տարիքից:

  • Այո, նախկինում շատ հանդիպումներ եմ դիտել «Արսենալի» մասնակցությամբ, հետևում էի թիմին, որը խաղում էր Պրեմիեր լիգայում ու Չեմպիոնների լիգայում: Հետևում էի Արսեն Վենգերին, ինձ դուր էր գալիս, թե ինչպես է աշխատում երիտասարդ տաղանդների հետ: Չգիտեմ ինչու, բայց դա լրացուցիչ շարժառիթ էր ինձ համար: Այդ ամենը ստիպում էր ինձ, որ երկրպագեմ «Արսենալին»: Ուրախ եմ, որ այստեղ եմ: Երազանքներն իրականանում են:

«Արսենալը» շարունակում է պայքարն Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա թիմը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և 8 միավորով ետ է մնում լավագույ քառյակից: Մխիթարյանը, որն անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Եվրոպայի լիգայի խաղարկությունում, պնդում է, որ իրենք դեռ կարող են պայքարել չորրորդ հորիզոնականի համար:

  • Իհարկե, Եվրոպայի լիգայի խաղարկությանը մեծ տեղ ենք տալիս, սակայն չէի ասի, որ չենք կարող պայքարել առաջնությունում չորրորդ տեղի համար: Մենք դեռ պայքարի մեջ ենք: Չի բացառվում, որ թիմերից մեկը կկրի երկու, երեք պարտություն, իսկ մենք կհաղթենք: Ամեն ինչ հնարավոր է: Մենք փորձում ենք հաղթել  բոլոր մրցաշարերի բոլոր խաղերում և իհարկե ուրախ կլինենք, եթե կարողանանք հաղթել Եվրոպայի լիգայի խաղարկությունում ու գրավենք չորրորդ տեղն առաջնությունում:

Ի տարբերություն անցած խաղարկության ու «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի՝ թվում է «Արսենալի» համար համեմատաբար դժվար կլինի հաղթել Եվրոպայի լիգայի խաղարկությունում՝ հաշվի առնելով մրցակիցներին: «Զինագործներն» այդ ճանապարհին պետք է հաղթահարեն «Ատլետիկոյի», «Բորուսիայի», «Նապոլիի» ու «Միլանի» նման թիմերի  արգելքները: Չհաշված «Լիոնը», որի մարզադաշտում տեղի  է ունենալու եզրափակիչը: Սակայն Մխիթարյանը կարծում է, որ անգլիական ակումբները սկսել են լուրջ մոտենալ Եվրոպայի լիգայի խաղարկությանն ու պայքարում են անպայման հաղթելու համար:

  • Այո, հատկապես, «Արսենալը»: Անցած տարի նրանք չկարողացան հայտնվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, այդ պատճառով խաղում են Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Չենք պատրաստվում կրկնել անցած տարվա պատմությունը, կփորձենք պայքարել, որպեսզի տեղ վաստակենք Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Անգլիական ակումբներն ավելի լուրջ են սկսել վերաբերվել Եվրոպայի լիգայի խաղարկությանը, քանի որ հաղթելու դեպքում կնվաճեն Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր: Չգիտեմ, բայց հնարավոր է, որ սա ևս մեկ հնարավորություն է տիտղոս նվաճելու համար:

Ինքը Մխիթարյանը դեմ չէ երկրորդ տարին անընդմեջ հաղթել Եվրոպայի լիգայի խաղարկությունում: 

  • Այո, իսկ ինչու ոչ: Միշտ հաճելի է տիտղոս նվաճելը և հիանալի կլինի նվաճել այդ պատվավոր ավարն երկրորդ անգամ: Հեշտ չէ, քանի որ խաղարկությունում մրցելույթներ են ունենում լավ թիմեր: Մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր խաղում, յուրաքանչյուր րոպեի համար,- եզրափակել է Մխիթարյանը: