«Ես գոհ եմ Զիդանի գնահատականից». Ազարը՝ «Ռեալ» տեղափոխության և «Բարսելոնայի» հետ խաղի մասին

 Կապույտների կիսապաշտպանը կատալոնյան ակումբի հետ Չեմպիոնների լիգայի1/8 եզրափակչից առաջ շփվել է Marca-ի լրագրողների հետ։

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։

- Դա հրաշալի հանդիպում կլինի,- ասում է բելգիացին։- Իհարկե այս մրցաշրջանում մենք այնքան ուժեղ չենք, որքան անցած մրցաշրջանում։ Բացի դրանից՝ «Բարսելոնան» գերազանց խաղ է ցուցադրում, բայց սա ֆուտբոլ է։ Այդտեղ ամեն ինչ կարող է պատահել։ Հենց դրա համար էլ սիրում ենք այն։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթել, եթե թիմի համար աշխատենք։

- Դուք գիտե՞ք, թե ով է Թոմ Հեննինգ Էվրեբյոն։

- Ոչ։

- Նա նորվեգացի մրցավար է, ով 2009-ին մի շարք սխալներ է թույլ տվել «Չելսի»-«Բարսելոնա» խաղում։

- Այո, իհարկե։ Ես հիշում եմ այդ հանդիպումը։ Հատկապես Դիդյե Դրոգբայի արձագանքը, բայց այդպիսին է ֆուտբոլը։ Ես չեմ վախենում, եթե նմանատիպ մի բան էլ մեզ հետ կատարվի։ Իհարկե դա լավ չէ «Չելսիի» համար, բայց ես երբեք չեմ խոսում մրցավարների աշխատանքի մասին։ Մենք կենտրոնացած ենք խաղի վրա, և ես հուսով եմ, որ որ մեր ուժերը կբավականացնեն «Բարսելոնային» գերազանցելու համար։

- Շատերի կարծիքով թիմը թուլացել է առանց Նեյմարի։ Համաձա՞յն եք։

- Ոչ, որովհետև «Բարսելոնայում» մի տղա է հանդես գալիս ուրիշ մոլորակից։ Ընդհանրապես ողջ թիմը շատ բարձրակարգ է։

- Իսկ հիմա՝ «Չելսիի» մասին։ Ի՞նչ է կատարվում Անտոնիո Կոնտեի հետ։

- Անցած մրցաշրջանում մենք հաղթեցինք Անգլիայի առաջնությունում։ Մարդիկ ուզում են, որ դա կրկնենք։ Բայց մենք Պրեմիեր լիգայում ենք հանդես գալիս, որտեղ ամեն ինչ շատ բարդ է։ Մենք դեռ 3 ամիս ունենք, որպեսզի շտկենք իրավիճակը։ Բացի դրանից՝ մենք պայքարում ենք Անգլիայի գավաթում ու դեռևս չեմպիոն ենք։ Այո, հիմա բարդ է, բայց թիմի մասին կխոսենք մրցաշրջանի ավարտին, երբ ամեն ինչ կպարզվի։ Ակնհայտ է, որ մենք բոլոր ուժերը ներդնում ենք դաշտում, բայց երբեմն ամեն ինչ նախատեսվածի պես չի ընթանում։ Մենք պետք է պահպանենք հանգստությունը և այդ ժամանակ կկարողանանք նվաճել մրցանակը։

- Ասում են, թե Զիդանի հրավերքով դուք պետք է տեղափոխվեք «Ռեալ Մադրիդ»։ Ի՞նչ կասեք։

- Հիշում եմ, 10 տարի առաջ նա առաջին անգամ գնահատեց իմ խաղը։ Դա անհավանական էր, որովհետև Զիդանն իմ կուռքն էր։ Նրա մասնակցությամբ հազարավոր տեսահոլովակներ եմ դիտել։ Հիմա նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։ Իհարկե հաճելի էր, բայց ես չեմ պատրաստվում կանգ առնել։ Կշարունակեմ աշխատել, բայց ինձ դուր է գալիս, երբ Զիդանի պես մարդիկ խոսում են իմ մասին։

- Սրանից հետո երկրպագուներն ավելի շատ ձեզ կխնամախոսեն «Ռեալի» հետ։

- Սա ֆուտբոլ է և, ինչպես ասել եմ, այստեղ պետք չէ գուշակել։ Բայց ես երջանիկ եմ «Չելսիում» և կենտրոնացած եմ այս թիմի վրա։

- Ի՞նչ կարող եք ասել Մորատայի մասին։

- Ալվարոն շատ գոհ է «Չելսիում» իր վիճակից։ Նա գոլեր է խփում, չնայած հիմա առողջական խնդիրներ ունի։ Մեր թիմում շատ իսպանացիներ կան, ուստի հարմարվելու նրա ժամանակաշրջանը թեթև անցավ։ Մորատան ֆանտաստիկ խաղացող է, իսկական ռմբարկու։ Նա կարողանում է 2 ոտքով խաղալ, ինչպես նաև ուժեղ է երկրորդ հարկում»,- հայտարարել է Էդեն Ազարը։