Կոտրել սառույցը. Կապահովի արդյոք Հենրիխ Մխիթարյանն անհրաժեշտ կայունությունն «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալը» բացի մարզական խնդիրները լուծելուց զբաղված էր նաև տարբեր հարցերով, որոնք վերաբերում էին ինչպես կազմի խաղացողների հնարավոր տեղափոխություններին, այնպես էլ հնարավոր նորեկներին: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնցիները, վերջապես, կարողացան փակել Ալեքսիս Սանչեսի հետ կապված թեման, հրավիրեցին նոր ֆուտբոլիստներ: Թվում է՝ ժամանակն է, որպեսզի Արսեն Վենգերն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի թիմի մրցելույթների վրա:

SkySports-ի ծավալուն անդրադարձը

«Զինագործները» լիահույս են, որ կազմի հետ կապված որոշակի փոփոխություններից հետո կկարողանան հարթել խաղային խնդիրները ու կբարելավեն արդյունքները: Այս հարցում Վենգերին կարող է օգնել նորեկներից Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ անցած հունվարին «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության եկան խաղացողներ փոխանակելու հարցում. Մխիթարյանը Մանչեսթերից տեղափոխվեց Լոնդոն, հակառակ ուղղությամբ գնաց Ալեքսիս Սանչեսը:

Օրեր անց «Արսենալի» շարքերը համալրեց նաև Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Վերջինիս տրանսֆերը լոնդոնյան ակումբի վրա նստեց 60 միլիոն ֆունտ: Գաբոնցի ֆուտբոլիստն ու Մխիթարյանը միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: 2015/16 թթ. մրցաշրջանում Մխիթարյանն ու Օբամեյանգը հիանալի խաղ ցույց տվեցին՝ Բունդեսլիգայի առաջնությունում ընդհանուր հաշվով խփելով 36 գոլ ու կատարելով 20 գոլային փոխանցում:

  • Բունդեսլիգա 2015/16
Ֆուտբոլիստ Գոլ Փոխանցում Ընդհանուր
Ռոբերտ Լևանդովսկի 30 2 32
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ 25 5 30
Հենրիխ Մխիթարյան 11 15 26
Տոմաս Մյուլլեր 20 5 25
Ռաֆայել 13 10 23

Ընթացիկ մրցաշրջանում նույնպես այս ֆուտբոլիստները հասցրել են արդյունավետությամբ աչքի ընկնել: Մոտ երկու տարի անց նրանք միասին խաղադաշտ դուրս եկեն Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Էվերտոնի» հետ խաղում, որն ավարտվեց 5:1 հաշվով հօգուտ «Արսենալի»: Օբամեյանգն իր նորամուտը նոր թիմի կազմում նշանավորեց գոլով, որը խփեց հենց Մխիթարյանի փոխանցումից հետո, իսկ հայ կիսապաշտպանն այդ խաղում կատարեց երեք գոլային փոխանցում:

  • Իվոբին (17) փոխանցում է Մխիթարյանին (7), որն էլ իր հերթին հարվածային դիրք է դուրս բերեում Օբամեյանգին (14): Գաբոնցին, չնայած նրան, որ գտնվում էր խաղից դուրս վիճակում, խփում է իր առաջին գոլը «Արսենալի» կազմում:

«Էվերտոնի» հաղթանակը կարևոր էր «Արսենալի» խաղացողների համար առաջին հերթին հոգեբանական տեսանկյունից հատկապես նախորդ տուրում «Սուոնսիից» կրած ցավալի պարտությունից հետո: Տպավորիչ հաղթանակ էր, որը դրական լիցքեր հաղորդեց ոչ միայն ակումբի անձնակազմին, այլ նաև երկրպագուներին:

Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ  «Արսենալը», չնայած կազմում ունի աստղային խաղացողներ, չի կարողանում լուրջ արդյունքների հասնել: Մրցաշրջանի սկզբում սպասելիքները մեծ են, սակայն արդեն ընթացքում զգացվում է, որ թիմը պատրաստ չէ լուծել իր առջև դրված առադրանքները: Այս ֆոնին դժվար է չնշել դրական տեղաշարժի մասին, որն այսօր նկատելի է «Արսենալում» հատկապես ձմեռային ձեռքբերումներից հետո: Տրամադրությունը դրական է ու բարձր, ինչը որոշակի հույս է ներշնչում:  Սրան նպաստեց նաև այն, որ ակումբը կարողացավ թարմացնել գործող պայմանագրերի ժամկետները առանցքային խաղացողեների հետ, որոնցից մեկը Մեսուտ Օզիլն է: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը նոր պայմանագրի տակ իր ստորագրությունը դրեց Մխիթարյանի ու Օբամեյանգի տրանսֆերներից մի քանի օր անց: Թերևս միակ հարցը, որը շարունակում է մնալ օրակարգում վերաբերում է Ջեկ Ուիլշիրի գործող պայմանագրին, որի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը:

Թիմային առողջ մթնոլորտն ու համախմբվածությունը կարող է դառնալ «Արսենալի» հաղթաթուղթը: Իրականում, Օբամեյանգը ցույց տվեց, որ «Արսենալին» միանալու որոշման վրա մեծ ազդեցություն ունեցավ Մխիթարյանի տեղափոխությունը:

  • Կրկին եղբորս հետ եմ, լավ ընկերոջ: Մենք խաղացել ենք միասին և ես շատ ուրախ եմ կրկին նրան տեսնել: Նա զանգել է ինձ մի քանի անգամ: Հարցնում էր գալու եմ, թե՝ ոչ, իսկ ես պատասխանում էի, որ սկզբում ինքը պետք է ասի ստորագրելու է պայմանագիր, թե՝ ոչ: Իհարկե, Մխիթարյանի տեղափոխությունը մեծ դերակատարում ունեցավ ու ազդեց իմ կայացրած որոշման վրա: Մենք հասկանում ենք միմյանց ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս,- ասել էր Օբամեյանգը:

Սակայն հարկ է նշել, որ եթե Օբամեյանգը Դորտմունդում խաղում էր հիմնական կազմում, ապա Մխիթարյանը մինչև տեղափոխվելը չէր վայելում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությունը: Վերջին իրադարձություններից հետո ինչպես ակումբը, այնպես էլ Մխիթարյանը հույս ունեն, որ միմյանց կկարողանան տալ անհրաժեշտ ու ցանկալի կայանությունը:

Մխիթարյանը Մանչեսթեր տեղափոխվեց 2016 թվականին Դորտմունդից 30 միլիոն ֆունտով: Չնայած խոստումնալից սկզբին հայ կիսապաշտպանի մանչեսթերյան կարիերան չընթացավ այնպես, ինչպես նա կցանկանար: Ընթացիկ մրցաշրջանը նույնպես Հենրիխը վատ չսկսեց, «Յունայթեդն» առավել ևս՝ ցուցադրելով արդյունավետ ֆուտբոլ: Մեկնարկում Հայաստանի ազգային հավաքականի ավագը հասցրեց 1 գոլ խփել ու կատարել 5 գոլային փոխանցում, սակայն «Չելսիից» կրած պարտությունից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Դրանից հետո Մխիթարյանն առաջնությունում ընդամենը մեկ անգամ է «Մանչեսթերի» կազմում խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում:

Ժոզե Մոուրինյոն կոշտ քննադատության արժանացրեց ձախ եզրային պաշտպան Լյուկ Շոուին, իսկ թիմի հայտացուցակում չորս խաղ անընդմեջ Մխիթարյանին չընդգրկելու որոշումը պորտուգալացին բացատրեց այսպես. «Պահեստայինների նստարանին վեց խաղացող կարող եմ պահել, որտեղ փորձում եմ հավասարակշռություն պահպանել: Միկիի ներկայությունը կնշանակի, որ ինչ-որ մեկը պետք է դուրս մնա, իսկ ես գտնում եմ, որ մնացածն արժանին են լինել հայտացուցակում»:

Ստեղծված իրավիճակում հարցեր են առաջանում, որոնք պատասխանների կարիք ունեն: Ինչո՞ւ Մխիթարյանն այսպես արագ որոշեց լքել «Յունայթեդը» և ինչո՞ւ նրա տեղափոխությունը լավատեսորեն ընդունեցին «Էմիրեյթսում», նույնիսկ մինչև «Էվերտոնի» հետ խաղը:

Օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ուեյն Ռունին խոսեց Մխիթարյանի մասին: Ըստ նրա՝ հայ խաղացողի կարիերան Մանչեսթերում չդասավորվեց, քանի որ այնտեղ նրան անհրաժեշտ ազատությունը չտվեցին իր ամբողջ պոտենցիալը ցուցադրելու համար: Անգլիացի հարձակվողի կարծիքով Մխիթարյանը բոլոր հնարավորություններն ունի «Արսենալում» ամրապնդվելու համար:

  • Ես տեսել եմ, թե ինչպես է նա մարզվում, շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ Մանչեսթերում նա չստացավ անհրաժեշտ ազատությունը, որն ուներ Դորտմունդում: «Արսենալում» կան խաղացողներ, որոնց կողքին Մխիթարյանն իրեն ավելի հարմար կզգա, կստեղծի պահեր ու կխփի գոլեր,- ասել է Ռունին:

Շատերը կարծում են, որ «Արսենալի» խաղաոճը համապատասխանում է Մխիթարյանին և դրանից խաղացողը կարող է օգուտ քաղել: «Զինագործները» սիրում են գնդակ պահել ու հիմնականում գործում են մրցակցի կիսադաշտում: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Վենգերի սաները 16595 փոխանցում են կատարել, որոնցից 10248-ը մրցակցի կիսադաշտում: Ցուցանիշով զիջում են միայն «Մանչեսթեր Սիթիին»:

«Էվերտոնի» հետ խաղում Վենգերը որոշել էր խաղալ 4-2-3-1 սխեմայով, Մխիթարյանին էլ վստահել էր կիսապաշտպանության ձախ եզրը: Կենտրոնում խաղում էր Օզիլը, աջից Իվոբին: Եռյակն իրեն հիանալի դրսևորեց ու աչքի ընկավ կառուցողական ֆուտբոլով, ինչի մասին ասում էր Ռունին: Նման խաղաոճով էր խաղում Դորտմունդը:

Խաղի ընթացքում Աարոն Ռեմսին ավելի հաճախ էր առաջ գնում, արդյունքում ձևակերպեց առաջին հեթ-տրիկը կարիերայում, փոխարենը Օբամեյանգը հաճախ էր խորքից սկսում կիսապաշտպանության հետ կապը ամրացնելու համար:

«Յունայթեդում» Մխիթարյանի խաղը հիմնականում ստացվում էր, երբ թիմը խաղում էր Ռեշֆորդ-Մխիթարյան-Մատա ստեղծագործ կիսապաշտպանական եռյակով, իսկ թիկունքից օգնում էր Պոլ Պոգբան, որը նույնպես աչքի է ընկնում իր ստեղծագործ խաղով: Սակայն ընթացիկ առաջնության աշնանային փուլում Պոգբան վնասվածքի պատճառով բաց թողեց երկու ամիս: Նոյմեբերին տեղի ունեցած «Չելսիի» հետ խաղում նույնպես ֆրանսիացին բացակայում էր, իսկ Մխիթարյանի թիկունքում խաղացին պաշտպանողական ոճի կիսապաշտպաններ Նեմանյա Մատիչն ու Անդեր Էրերան: Խաղադաշտում անցկացրած 62 րոպեի ընթացքում Մխիթարյանը կատարեց ընդամենը 20 փոխանցում, մինչդեռ «Էվերտոնի» հետ մրցավեճում հայ ֆուտբոլիստը կատարեց 42 փոխանցում:

Ինչ վերաբերում է Մխիթարյանի ընդհանուր ակտիվությանը խաղադաշտում, ապա ստորև բերված նկարում պարզ երևում է տարբերությունը «Չելսիի» հետ խաղում և «էվերտոնի» հետ մրցավեճում ունեցած մրցելույթների միջև: Նրա կատարած երեք փոխանցումն էլ ցույց են տալիս, որ նա անհամեմատ արդյունավետ է գործում, երբ թիմը դիմավորում է մրցակցին հենց նրա կիսադաշտում:

Ներկա պահին Արսեն Վենգերը ստեղծագործ կիսապաշտպանների լայն ընտրություն ունի: Խոսքը վերաբերում է Մխիթարյանին, Օզիլին ու Ուիլշիրին: Երեքն էլ կարող են խաղալ տարբեր համադրությամբ, սակայն ստորև բերված նկարում (փոքր շրջանակը՝ մոտ 20 մետրի վրա, մեծ շրջանակը՝ մոտ 40 մետրի վրա) երևում է, որ յուրաքանչյուրը գրոհը սկսելու կամ խաղը կառուցելու համար իր ոճն ու շրջանակն ունի: Մխիթարյանը խաղաոճով նման է Ուիլշիրին, որը սակայն սիրում է նաև աշխատել երկար փոխանցումներով, մինչդեռ Օզիլն աչքի է ընկնում ավելի շատ միջին փոխանցումներով:

Առջևում  «Տոտենհեմի» հետ կարևոր հանդիպումն է, որը տեղի է ունենալու «Ուեմբլիում»: Կկարողանա արդյոք Մխիթարյանը պահպանել սահմանած նշաձողը կիմանանք վաղը: Թերևս միայն վստահ հաղթանակը «մեծ վեցնյակի» թիմերից մեկի հետ խաղում թույլ կտա ավելի վստահ լինել, որ «Արսենալը» կոտրել է սառույցը:

Totoexpert.am