Հազենհյուտլ. Կեյտան չի արդարացնում հույսերը

«Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը գտնում է, որ կիսապաշտպան Նաբի Կեյտան դեռևս չի հասել անցած մրցաշրջանի մարզավիճակին, քանի որ պատրաստվում է տեղափոխվել «Լիվերպուլ»։

Հիշեցնենք, որ ակումբները դեռ օգոստոսին են համաձայնության եկել Կեյտայի վաճառքի վերաբերյալ, իսկ ֆուտբոլիստը պետք է Անգլիա ուղևորվի մրցաշրջանի ավարտին։ Այնուամենայնիվ Մերսիսայդցիները ձմռանը 48 մլն ֆունտով խաղացողին իրենց տալու առաջարկությամբ են հանդես եկել։

Այն լուրերը, թե գվինեացին կարող է տեղափոխվել հունվարին՝ հերքվել է «Լեյպցիգի» կողմից, որը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը։

«Նաբին այնքան հետևողական չէ, որքան անցած տարի,- մարզչին է մեջբերում Bild-ը։- Կարևոր է, որպեսզի նա արդարացնի հույսերը։ Ես այն մարդը չեմ, ով վախով է մոտիվացնում։ Ես ուժասպառ չեմ անում խաղացողներին»։