Սալահը երջանիկ է «Լիվերպուլում»


«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, թե ուշադրություն չի դարձնում իր ապագայի մասին ասեկոսեներին, քանի որ իրեն ամեն ինչ ձեռնտու է «Էնֆիլդում»։

Վերջերս Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը պատմել է, թե իր սանով հետաքրքրվում է «Ռեալը»։ Դրանից քիչ անց Արքայական ակումբի ղեկավար Զինեդին Զիդանն էլ ակնարկեց, թե իրենք դեմ չեն լինի ձեռք բերել Սալահին։

Սակայն 25-ամյա եգիպտացուն, ով «Լիվերպուլի» համար արդեն 23 գոլ է խփել բոլոր մրցաշարերում – ամեն ինչ ձեռնտու է «Էնֆիլդում»։ Մոհամեդը չի ուզում ուշադրություն դարձնել կողմնակի խոսակցություններին, որովհետև իր ապագան կապում է Մերսիսայդյան ակումբի հետ։

«Ինչ-որ ասեկոսեներ եմ լսել, բայց դրանք ոչ մի կերպ չեն ազդում ինձ վրա։ «Լիվերպուլը» շատ լավ է ինձ վերաբերվում, իսկ ես երջանիկ եմ «Էնֆիլդում»։ Եկեք հետագայում չբարձրացնենք այդ թեման»,- խնդրել է Սալահը Soccer Laduma-ի հետ հարցազրույցի ժամանակ։