Ռուբեն Հայրապետյան. «Ցանկալի կլինի, որ միասնականություն լինի, իսկ անձնական հարաբերությունները կարելի է դնել մի կողմ»

«Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման հյուրն է եղել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս պատասխանել է մի շարք հարցերի, ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

Լավագույնների ընտրության համատեղ քննարկումների մասին. Սպորտի նախարարություն-ՀԱՕԿ-ֆեդերացիաներ. «Իրականում եղել են նման քննարկումներ, ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվ մասնակցությունն է ունեցել, իր առաջարկներն է արել: Նախկինում քվեարկություններ եղել են, ֆեդերացիան ոչ թե դժգոհ է եղել դրանից, պարզապես այն ֆարսը որը կատարվել է տարիներ շարունակ՝ ֆուտբոլն ընդհանրապես մարզաձև չհամարելով փորձել են չընդգրկել ֆուտբոլիստ ցուցակում: Կարծում եմ՝ առնվազն 4-5 տարի հայրենական սպորտի ղեկավարները գրպանել են Հենրիխ Մխիթարյանի լավագույնների տասնյակում ընդգրկվելու հնարավորությունը»:

Չափորոշիչների մասին, որոնք եղել են նախկինում: Ասել է, թե լավագույնների ցուցակում պետք է լինեն Աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ, մինչդեռ Հայաստանի հավաքականը նման հաջողության չի հասել. «Խնդիր չկա, այդ դեպքում թող անունը փոխեին և տասը լավագույն մարզիկ չդնեին: Դնեին օրինակ տասը լավագույն  օլիմպիական չեմպիոնները կամ լավագույն աշխարհի չեմպիոնները կամ մրցանակակիրները: Սակայն դեռ խորհրդային տարիներից ընդունված է եղել, որ տասը լավագույն մարզիկների ցուցակում եղել են տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ: Ֆուտբոլն էլ է մարզաձև: Ուզենք, թե չուզենք, որոշ սպորտային ղեկավարներ կամ մասնագետներ ուզեն, թե չուզեն ֆուտբոլն աշխարհի ամենամասսայական մարզաձևն է, աշխարհում ամենաբարձր հեղինակությունն է վայելում, այդ թվում նաև Հայաստանում»:

Հանրապետության նախագահի ակնարկների՝ արդար մրցակցության ու համերաշխության մասին. «Այո, եթե թեկնածուների ցուցակում չկա շախմատիստ կամ ֆուտբոլիստ, ուրեմն անարդար է, կարող է չընտրվեն, բայց թող լինեն: Ինչ վերաբերում է համերաշխության կոչերին, ապա ասեմ, որ այստեղ հարցը անձնական հարաբերությունների մասին չէ: Կարող է իմ կյանքում ոչ սպորտի նախարարի կամ էլ օլիմպիական կոմիտեի նախագահի հետ ընկերություն կամ բարեկամություն չանեմ, բայց ես պարտավոր եմ որպես հայ մարդ, որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ սպորտը պատկերացնել մի ընտանիքի նման: Չի կարող այնպես լինել, որ ֆուտբոլը հաջողություն ունենա, իսկ սպորտը թթված մնա, կամ հակառակը: Մի օրգանիզմ է, սպորտը պատկերացնում եմ միասին: Ցանկալի կլինի, որ միասնականություն լինի, իսկ անձնական հարաբերությունները կարելի է դնել մի կողմ»:

Արթուր Ալեքսանյանի հայտարարության մասին. «Ես ափսոսում եմ, որ այնպիսի մարզիկ ինչպիսին Արթուր Ալեքսանյանն է, որին օգտվելով առիթից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել տասը լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվելու համար, չպետք է որպես լավ մարզաձև դիտի միայն ըմբշամարտը: Ցանկալի չի քննադատել հանրության կողմից ընտրված մարդկանց: Մի այլ բան է, երբ հանրությունն է ընտրում, մեկ այլ բան, երբ ընտրում է չգրանցված մի կազմակերպություն: Այ նրանց կարելի է քննադատել, բայց երբ ընտրել է երկիրը, ժողովուրդը, հանրությունը… Չէի ցանկանա, որ այդ քննադատողը լինի հատկապես Արթուր Ալեքսանյանը, որին ես համարում եմ մեծ ու հզոր մարզիկ»:

Հենրիխ Մխիթարյանի ու նրա հնարավոր տեղափոխության մասին. «Իրականում բանակցություններ են ընթանում, մի քանի ակումբ հետաքրքրված է նրա ծառայություններով, բայց ես ուզում եմ հստակ մի բան ասել: Ես չգիտեմ թե որ ակումբ նա կգնա, բայց ինչ թիմ էլ գնա, հաստատ համոզված եղեք, որ Մխիթարյանն այն պրոֆեսիոնալն է, որ ցանկացած ժամանակ կարող է խաղալ ու փայլել: Նրան պարզապես պետք է հնարավորություն տալ խաղալու ու ապացուցելու»:

Հայ մարզիչների մասին. «Գիտեք ինչ, կոպիտ կհնչի, եթե ասենք, որ մարզիչ չկա: Մեկ-երկու մարզիչ ունենք, որոնց աշխատանքը բարձր եմ գնահատում: Օրինակ Արմեն Գյուլբուդաղյանցը, Վարդան Մինասյանը: Կան, բայց մեկ-երկուսով շատ բան չենք կարող փոխել, մեզ պետք 10, 20, 30, 40 մարզիչ, որոնք կկարողանան այդ աշխատանքը տանել, իսկ արգենտինացի մարզիչներին հրավիրելը համարում եմ շտապ օգնության նման մի բան»:

Սամվել Կարապետյանի կողմից Մոսկվայի «Արարատը» Հայաստան տեղափոխելու լուրերի մասին. «Գիտեք ինչ, նման տեղեկություններ չեմ լսել, բայց որ Սամվել Կարապետյանը «Արարատ Մոսկվա» անունով թիմ արդեն ստեղծել է Հայաստանում և «Ավանի ակադեմիան» վերանվանվել է «Արարատ Մոսկվա» և հանդես կգա Առաջին լիգայում, իսկ հաջորդ տարի արդեն Բարձրագույն խմբում, դա հաստատ է: Տեղափոխելու մասին առաջին անգամ եմ լսում»: