Վահան Բիչախչյանի հարցազրույցը Football365-ին. «Հենց սկզբից որոշել եմ, որ մնալու եմ ակումբի մարզաբազայում»

Անցած ամռանը Գյումրու «Շիրակի» սան Վահան Բիչախչյանը կարիերայի ամենակարևոր որոշումներից մեկը կայացրեց՝ տեղափոխվել սլովակական «Ժիլինա»: Տեղափոխությունից վեց ամիս անց 18-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է Football365.am-ի հարցերին:

Պատանի ֆուտբոլիստն արդեն հասցրել է նորամուտը նշել «Ժիլինայի» գլխավոր թիմի կազմում՝ մասնակցելով գավաթային երկու հանդիպման և դառել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Եվս 12 հանդիպում է անցկացրել ակումբի երկրորդ թիմի կազմում, դարձել է  հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, ևս մեկ գոլ Բիչախչյանը խփել է՝ հանդես գալով ակումբի մինչև 19 տարեկանների թիմի կազմում:

  • Դժվա՞ր էր վաղ տարիքում տեղափոխվել արտասահման:
  • Իհարկե դժվար էր, առանց դրա չի լինում: Եթե ուզում ես լավ ֆուտբոլիստ դառնալ, պետք է կարողանաս բոլոր դժվարությունները հաղթահարել: Ես բացառություն չեմ, բայց կամաց-կամաց ընտելացա, հարմարվեցի: Ամեն ինչ ընթանում է իր հունով:
  • Ինչո՞վ էր դժվար:
  • Առաջինը, որ օտարության մեջ ես, ընտանիքից հեռու, սակայն այստեղ մեծ դերակատարում ունեցավ ակումբը: Սկզբում էր դժվար, հետո շատ արագ հարմարվեցի: Թիմում շատ լավ տղաներ են հավաքված, դրա համար շատ զգացնել չտվեց: Կարճ ասած՝ անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վերադառնալու ու վերսկսելու մարզումները:
  • Նոր քաղաք, նոր տուն, նոր միջավայր:
  • Հենց սկզբից որոշել եմ, որ մնալու եմ ակումբի մարզաբազայում: Ինձ համար ավելի հարմար է ու հեշտ: Եթե տանը մնայի, ապա միայնակ կլինեի: Կան ֆուտբոլիստներ, որոնք նույնպես բազայում են մնում, հետևաբար բացի մարզումներից հասցնում ենք շփվել, ինչու չէ հնարավորության դեպքում միասին շրջել քաղաքում:
  • Ինչո՞վ է առանձնանում քաղաքը:
  • Շատ հանգիստ քաղաք է, մարդիկ ժպտերես, բարի: Միայն լավը կարող եմ ասել:
  • Ինչո՞վ են սլովակները նման հայերին  և ինչով են տարբերվում:
  • Անկեղծ ասած՝ ինձ համար հայը, Հայաստանը լրիվ ուրիշ է, հետևաբար ոչ մեկի հետ չէի համեմատի: Հայի դրական կերպարն ու բնութագիրը սրտիս մոտ է, հոգեհարազատ է ինձ: Ինչ վերաբերում է սլովակներին, ապա միայն լավը կարող եմ ասել, որովհետև անցած ամիսների ընթացքում դեռ հակառակին չեմ հանդիպել:
  • Հայի դրական կերպարն ու բնութագիրը… Կբացե՞ս փակագծերը
  • Արարող, ստեղծագործ, աշխատասեր, մի խոսքով ամեն ինչ: Հպարտ եմ, որ հայ եմ:
  • Տեղի խոհանոցի մասին ի՞նչ կասես:
  • Ճիշտն ասած այդ առումով շատ դժվար էր, մինչև հիմա էլ կարելի է ասել չեմ հարմարվել տեղի խոհանոցին: Հայկական խոհանոցն ինձ համար առաջին տեղում է, լավագույնն է և այդպիսին էլ կմնա ինձ համար:
  • Ակումբը, թիմակիցներդ ծանոթ են հայկական խոհանոցին, առիթ չի՞ եղել ներկայացնելու համար:
  • Այնքան էլ ծանոթ չեն: Ճիշտն ասած՝ դեռ ոչ, բայց անպայման կծանոթացնեմ, կներկայացնեմ: Ուտեստներից ու խմիչքներից հայկական կոնյակի մասին շատ լավ գիտեն:
  • Իսկ մտածելակերպը, մոտեցումները…
  • Այսպես կասեմ: Այն ամենն, ինչն ինձ վնաս է փորձում եմ հեռու մնալ: Ինչ վերաբերում է ներակումբայինին, ապա որևէ խնդիր չկա, քանի որ կոնկրետ մեկ նպատակ ենք հետապնդում, յուրաքանչյուրը փորձում է կայանալ մեծ ֆուտբոլում, կատարելագործվել: Ակումբում հավաքված են մարդիկ մեկ գաղափարի շուրջ, հետևաբար որևէ խորթ բան ինձ համար չկա: Բոլորը ցանկանում են լինել առաջինը, իսկ այդ փաստն ինձ կրկնակի օգուտ է տալիս:
  • «Ժիլինայում» խաղում են հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ: Լավ է դա քեզ համար, թե կնախընտրեիր, որ թիմում շատ լինեին փորձառու խաղացողները:
  • Ոչ, կնախընտրեի այնպես, ինչպես հիմա է: Չեմ կարծում, որ երիտասարդ ֆուտբոլիտը չի ցանկանում հնարավորնիս առաջ գնալ: Դա մեծացնում է մրցակությունը թիմում ու ստիպում է միշտ աշխատել հետ չմնալու համար: Վստահ եմ, որ առողջ մրցակցությունը յուրաքանչյուր մարզիկի համար առաջնային է նպատակներին հասնելու ճանապարհին:
  • Այդ տեսանկյունից ինչպե՞ս ընդունեցին քեզ թիմում:
  • Իհարկե, եթե մի բան այնպես չլիներ, հաստատ կտեսնեի, կզգայի, սակայն պետք է ասեմ, որ տղաները շատ ջերմ ընդունեցին ինձ: Զգացել եմ, որ ինձ ընդունել են որպես ֆուտբոլիստ, որը համալրել է իրենց շարքերը թիմին օգնելու և այն ուժեղացնելու համար: Շատ կարևոր էր առաջին տպավորությունը, իսկ այն շատ լավ էր:
  • Ինչքանով է դժվար «Ժիլինայում» անցումը երկրորդ թիմից գլխավոր թիմ: Ի՞նչ պետք է անի խաղացողը, որ արժանանա նման վստահության:
  • Միշտ պետք է աշխատես, կրկին աշխատես և վստահ լինես սեփական ուժերիդ: Եթե ամեն օր մարզվում ես ու ջանք չես խնայում և քեզ կարող է չնկատեն մարզումների ժամանակ, ապա արդեն խաղի ժամանակ դրա արդյունքը կերևա անպայման: Մարզիչները կնկատեն և ինչու ոչ, արդեն հաջորդ անգամ կարող է քեզ հրավիրեն գլխավոր թիմի հետ մարզվելու ու հավաքներ անցկացնելու:
  • Մարզումային պայմաններն ինչպիսի՞ն են:
  • Լավ պայմաններ են ստեղծված ակումբում՝ սկսած մարզասրահից, մերսման սրահներից, հանգստի սենյակներից, վերջացրած արհեստական ու բնական խոտածածկով խաղադաշտերից: Ամեն ինչ ստեղծված է, որ ֆուտբոլիստը կարողանա աշխատել ու կատարելագործվել: ճաշարան ունենք, ամեն օր ողջ թիմով նախաճաշ ենք անում մարզաբազայում: Այդ առումով շատ կարևոր է, որ օրվա մեծ մասը թիմը միասին է անցկացնում:
  • Մարզադաշտի խոտածածկը արհեստական է, որտեղ «Ժիլինան» անցկացնում է տնային խաղերը:
  • Ճիշտ է, բնական խոտածածկի վրա խաղալը լրիվ այլ է, սակայն արհեստականի հետ կապված նույնպես խնդիր չեմ տեսնում: Ամեն դեպքում, մարզվում ենք մարզաբազայում: Եթե հերթական տուրի խաղը անցկացնելու են տանը, ապա դրան նախորդող օրերին մարզվում ենք արհեստականի վրա, սակայն երբ արտագնա մրցավեճ ունենք, որը տեղի է ունենալու բնականի վրա, ապա խաղին նախապատրաստվում ենք՝ մարզվելով բնականի վրա:
  • Խաղացողների համար դա լրացուցիչ խոչընդոտ չէ՞ և արդյոք դա չի ազդում արդյունքների վրա:
  •  Ոչ, չի ազդում: Արհեստական խոտածածկն էլ բավականին բարձր որակի է:
  • «Ժիլինան» հպարտանում է իր սաներով, որոնք լուրջ արդյունքների են հասել և հասնում բարձրակարգ թիմերում: Հաճա՞խ են նրանց օինակը բերում:
  • Այո, նրանք հպարտ են իրենց սաներով: Վերջիններիս հեռանալուց հետո մնում են ակումբի ուշադրության կենտրոնում: Դա նաև մեզ՝ ներկայիս խաղացողների համար է օգուտ: Տեսնում ես ու հասկանում, որ եթե նա կարողացել է այդ ամենին հասնել, ինչու դու չես կարող դա անել: Այսինքն ցույց են տալիս, որ անհնարին ոչինչ չկա:
  • Սլովակիայում «Ժիլինային» ինչպե՞ս են ընդունում:
  • Երկրի տիտղոսակիր ակումբներից է, գործող չեմպիոնը, սակայն առաջին հերթին ընդունում որպես ակումբ, որը շատ լավ է աշխատում երիտասարդների հետ: Լավ երիտասարդներ պատրաստող ակումբի համբավ ունի:
  • Ֆուտբոլային քաղաք կարելի՞ է համարել Ժիլինան:
  • Այո, առաջին տեղում ֆուտբոլն է: Դրա վառ ապացույցը ֆուտբոլասերների քանակն է: Դա պարզ երևում է:
  • Հաճախ են ակումբի խաղացողները հանդիպում երկրպագուների հետ: Թերևս դա էլ է այդ մասին վկայում:
  • Չգիտեմ նախկինում ինչպես է եղել, սակայն հիմա դա այդպես է: Այդ հանդիպումների ժամանակ կարող ես տեսնել ինչպես փոքրիկների, այնպես էլ տարեց ֆուտբոլասերների:
  • Փողոցում ճանաչու՞մ են ֆուտբոլիստներին:
  • Մեծ քաղաք չէ, հետևաբար շատերն են միմյանց ճանաչում և այդ առումով կարող եմ ասել, որ այո, հատկապես որ ֆուտբոլ շատ են սիրում:
  • Հարձակվողական ֆուտբոլ է խաղում «Ժիլինան», նույնն անում են նաև երիտասարդական ու պատանեկան թիմերը:
  • Մարզիչն առաջին հերթին պահանջում է, որ ֆուտբոլիստն անմնացորդ նվիրվի մարզմանը, 100 տոկոսով կենտրոնացած լինի ու ապահովի բարձր որակ: Խաղերի ընթացքում նույնն է ու կապ չունի, թե ինչպես է ընթանում հանդիպումը: Կարող է այնպես պատահել, որ մենք պարտվողի դերում լինենք, սակայն մարզիչը պահանջում  է, որ պայքարենք  մինչև վերջին վայրկյանը: Խաղն ավարտվում է միայն մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո, հետևաբար միշտ կա հնարավորություն առավելագույնն անելու համար, իսկ դրա համար պետք է խաղալ ու ձգտել դրան: Թիմը խաղում է կոմբինացիոն ֆուտբոլ, իսկ այն գեղեցիկ է գոլերով:
  • Դա ենթադրում է ֆիզիկական լավ պատրաստվածություն:
  • Այո, ինտենսիվության մասին է խոսքը: Մարզումների ժամանակ ամեն ինչ գնդակի հետ է: Թե նախավարժանքը, թե ֆիզիկական աշխատանքը գնդակով ենք անցկացնում, արդյունքն արդեն երևում է խաղերի ժամանակ:
  • Գոլերրիդ առյուծի բաժինը խփում ես հեռահար հարվածներով տուգանային հրապարակի մատույցներից: Խաղային իրավիճակներից ելնելով է այդպես ստացվել, թե կոնկրետ առաջադրանք ես ստանում հնարավորության դեպքում հարվածել՝ հաշվի առնելով այն, որ այդ որակը զարգացած է քեզ մոտ:
  • Այո, ստանում ենք նման առաջադրանք և ամենևին պարտադիր չէ մտնել մրցակցի տուգանային հրապարակ: Եթե հնարավորություն ունես և քո վրա վստահ են ցանկացած դիրքից կարող ես հարվածել: Ինչ վերաբերում է ինձ, ապա հիմա տակտիկապես այնպես ենք գործում, որ խաղային դիրքս մի փոքր հեռու է գոլերից, իսկ ես սիրում եմ գոլ խփել ու կապ չունի հեռահար, թե մոտ տարածությունից կատարած հարվածով: Աչքս միշտ մրցակցի դարպասին է:
  • Թիմի ֆուտբոլիստները որքանով են ազատ իրենց գործողություններում:
  • Կարելի է ասել, խաղադաշտը բաժանվում է երեք մասի: Սեփական տուգանայինում, կիսադաշտում ռիսկի գործոնը պետք է հասցնել նվազագույնի, կենտրոնը ցանկալի է, որ անցնել մեկ-երկու հպումով, իսկ արդեն առջևի գծում՝ մրցակցի տուգանայի հրապարակին մոտ խաղացողների իմպրովիզացիան է՝ ելնելով տարբեր իրավիճակիներից:
  • Ի՞նչն է ամենից շատ կարևորում գլխավոր մարզիչը:
  • Առհասարակ ուշադրություն է դարձնում ու ցանկանում է, որ խաղացողներն օժտված լինեն խաղային լավագույն որակներով: Եթե կա որակ, կլինի նաև արդյունք: Տեխնիկայի, արագության, ֆուտբոլիստը պետք է լինի պայքարի մեջ սկբից մինչև վերջին վայրկյանը:
  • Կապը գլխավոր, երկորդ և մանկապատանեկան թիմերի միջև ինչպիսի՞ն է: Գլխավոր մարզչի ուշադրության բոլո՞ր թիմերի վրա է կենտրոնացած:
  • Գլխավոր մարզիչն առիթը բաց չի թողնում, հատկապես, խոսքը վերաբերում է տնային խաղերին և միշտ իր շտաբով ներկա է լինում: Այո, նրա ուշադրության կենտրոնում են բոլորը: Ներկա է լինում նաև երկրորդ թիմի մարզումներին, իսկ որոնք բաց է թողնում մշտապես կապի մեջ է երկրորդ թիմի գլխավոր մարզչի հետ:
  • Հիմա Գյումրիում ես, ինչպես ես փորձում պահպանել մարզավիճակդ:
  • Մի շաբաթ հանգիստ ունեցա, որ մինչև վերջ վերականգնվեմ: Մի շաբաթ եղավ արդեն սկսել եմ պատրաստվել: Վազքեր եմ անում հիմնականում գնդակով, շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ լինում եմ մարզասրահում: Կամաց-կամաց փորձում եմ կրկին հունի մեջ մտնել մինչև մարզումների վերսկսվելը:
  • Ծանրաբեռնվածությունից հետո ինչպե՞ս եք վերականգնվում: «Ժիլինայում» կիրառում են միջոցներ, որոնք անծանոթ էին ու նորություն էին քեզ համար:
  • Չէի ասի, որ նորություն էին ինձ համար, պարզապես ակումբում ստեղծված պայմանները թույլ են տալիս վերականգնումը տվյալ մարզումից կամ խաղից հետո ինչպես հարկն է կազմակերպել: Վիտամիններ, պրոտեիններ, մերսումներ, տաք և սառը ջուր, սաուննա, իսկ այդ ամենից առաջ որոշակի ժամանակահատվածով վազք, օգտվում ենք կրիոկամերաներից:
  • Նոր մրցաշրջանից ի՞նչ սպասելիքներ ունես և ի՞նչ առաջադրանք է դրված ակումբի երկրորդ թիմի առջև, որտեղ հիմնականում անցկացրեցիր մրցաշրջանի աշնանային փուլը:
  • Առաջնայինը լավ կադրեր տրամադրել գլխավոր թիմին: Բացի դրանից, կա առաջադրանք հնարավորինս բարձր հորիզոնական գրավել, ինչու չէ հաղթել երկրորդ լիգայում:
  • Որակի առումով մե՞ծ է տարբերությունը Առաջին լիգայի ու երկրորդ լիգայի միջև:
  • Շատ տարբեր է, հատկապես, ֆիզիկականի ու արագությունների առումով: Կոնկրետ ինձ համար առաջնային էր, որ մարզումներից հետո ամեն շաբաթ խաղի մասնակցեի և այդ տեսանկյունից մրցելույթներն երկրորդ թիմի կազմում շատ օգտակար էին: Անցած վեց ամսվա ընթացքում զգալի փորձ ու վստահություն ձեռք բերեցի: Կփորձեմ արդեն գալիք տարի ավելի  շատ աշխատել, որ հայտնվեմ գլխավոր թիմի կազմում:
  • Հասցրե՞լ ես ձեռք բերել ընկերներ:
  • Իհարկե, կան տղաներ, որոնց հետ հասցրել ենք ընկերակալ: Շատ հաճախ, հատկապես, խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի խաղարկության խաղային օրերին, երբ հավաքվում ենք ու միասին դիտում: Ընդհանրապես մթնոլորտն ակումբում շատ ընկերական է:
Հաբեթ Հարությունյան