Թափառող մտքեր ֆուտբոլից, կամ ֆուտբոլի անհայտ ու գեղեցիկ կողմերը (ՄԱՍ 1)

Մեթ լե Տիսիե (Matthew le Tissier)

Հետաքրքիր է խոսել մարդկանց մասին, որոնք իրենց կյանքը նվիրել են սիրելի գործին, համեստորեն կատարել իրենց սիրելի գործը և նվիրվել մինչև վերջ․նրանք բացառիկ են, այդ է պատճառը, որ նրանց մասին պետք է գրել զգուշորեն, ընտրված բառերով, վերջիվերջո խոսքը բացառիկ մարդկանց է վերաբերում։ Այսօր կխոսենք նրանցից մեկի՝ «Սաութհեմփթոնի» լեգենդ Մեթ լե Տիսիեի մասին․․․

Ձեզ հիացնում են Մեսսիի, Ռոնալդուի և այլոց գոլե՞րը, աչքի անցկացրեք Մեթ լե Տիսիեի կարիերան և կհամոզվեք, որ նա ոչ պակաս գեղեցիկ գոլեր է հեղինակել․ նա խփել է ԱՊԼ-ի ամենագեղեցիկ գոլերը։ Ներկայիս ֆուտբոլային լայն շրջանակներին անհայտ Մեթը առանց հիացմունքի չի թողել և ոչ մի ֆուտբոլասերի, ով գնահատում է ֆուտբոլը ոչ թե որպես խաղ, այլ արվեստ։ Այո, նա խաղադաշտում գտնվելու ժամանակ ֆուտբոլ կոչվող խաղը դարձնում էր պարզ, ինչպես ցանկացած հանճարեղ բան։

Մեթը ծնվել է Նորմանդյան կղզիներում, որտեղ ֆրանսիացիները ավելի քիչ չէին քան անգլիացիները։ Ֆրանսիայի հավաքականի երբեմնի մարզիչ Ժերար Ուլյեն նրան ձգում էր դեպի Ֆրանսիա, Բոբի Հաուլդը՝ Ուելս, իսկ համեստ նորմանդացին ընտրեց Անգլիան, որը 90-ականների կեսերին գլխավորում էր լեգենդար Գլեն Հոդլը։ Նա Մեթի մանկության կուռքն էր, բայց երբ Չելսին գլխավորելու տարիներին Հոդլը Մեթին հրավիրեց մայրաքաղաքային թիմ, Մեթը հրաժարվեց նրա հետ հանդիպել՝ վախենալով, որ չի կարողանա մերժել իր կուռքին, իսկ առանց «Սաութհեմփթոնի» նա իրեն չէր պատկերացնում։

Խաղադաշտում բոլորը վազում էին, պայքարում ամեն մետրի համար, իսկ Մեթը, հանգիստ քայլելով, իրեն տրված հանգստությամբ, իր խաղային ինտելեկտով, հաճույք էր պատճառում։ Ժամանակ առ ժամանակ խաղընկերներին և մրցակիցներին կատաղեցնում էր նրա հանգստությունը, բայց նա այդպիսին էր՝ ինչպես բոլոր օժտված մարդիկ։ Նա «սրբերին» միացավ 17 տարեկան հասակում։ Մեթը հարձակման գծում օգնում էր Ալան Շիրերին, ով զարմացնում էր ոչ միայն գոլերի հաճախականությամբ, այլև հետաքրքիր մտածողությամբ։ Երբ նախախաղային ճաշի ժամանակ նրան հարցրին, թե ինչով կցանկանար ձվածեղը, նա պատասխանեց՝ հավկիթով։

1986թ-ի սեպտեմբերի մեկին «Սաութհեմփթոնի» այդ ժամանակվա մարզիչ Քրիս Նիկոլը Մեթին հայտնեց, որ պատրաստվում է նրան դուրս բերել «Տոտենհեմի» հետ առաջիկա խաղին։ Մեթին մնում էր ընդամենը 24 ժամ մտածելու և որոշելու, թե ինչպես պետք է հարազատներին բերի հարազատ Գերնսի կղզուց Սաութհեմփթոն՝ իր նորամուտի խաղին ներկա գտնվելու։ Ինքնաթիռում մնացել էր միայն մեկ տեղ, որը զբաղեցրեց հայրը, իսկ մայրը, մնացած հարազատները և անգամ համադասարանցիները Սաութհեմթոն հասան տարբեր փոխադրամիջոցներով՝ գնացքով և մեքենաներով։ Սկսվում էր մի մարդու ֆուտբոլային կարիերան,ով հետագայում կհամարվեր ԱՊԼ-ի պատմության լավագույններից մեկը, թե՛ իր ցուցադրած խաղով, թե՛ բացառիկ հավատարմությամբ․․.

Շարունակելի

Նարեկ Սարոյան