Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց նաև Կիպրոսի հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում սեփական հարկի տակ մրցեց Կիպրոսի ազգային ընտրանու հետ:

Հայաստանի ազգային հավաքականը բավականին լավ առաջին խաղակես անցկացրեց և գրեթե թույլ չտվեց մրցակցին վտանգ ստեղծել սեփական դարպասի մոտ։ Փոխարենն Արթուր Պետրոսյանի սաները կարողացան երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Նախ 17-րդ րոպեին ձախ եզրից տուգանայինից Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո անվստահ խաղաց Կիպրոսի դարպասապահ Պարդոն ու գնդակը դիպավ Հայկ Իշխանյանին ու անդրադարձից հետո հայտնվեց ցանցում։ Գանձասար-Կապանի պաշտպանը իր անդրանիկ գոլը խփեց ազգային ընտրանու կազմում։ 20 րոպե անց տանտերերն անկյունայինի իրավունք ստացան ու շատ լավ այն խաղարկեցին։ Մարկոսը պատ խաղարկես Մխիթարյանի հետ ու գնդակը կախեց մրցակցի տուգանային հրապարակի վրա, որտեղ առաջինն արձագանքեց Ռումյան Հովսեփյանն ու գլխով հաշվենկատ փոխանցում կատարեց Վարազդատ Հարոյանին, որն էլ անարգել հարվածեց կատարեց։ Պարդոն փորձեց փրկել դրությունը, սակայն չստացվեց։

Ընդմիջումից անմիջապես հետո 50-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը, անկյունայինից կատարված փոխանցումից հետո երկրորդ հարկում հաղթող դուրս եկավ Կոնստանտինոս Լաիֆիսը և գլխի գեղեցիկ հարվածով գրավեց Արսեն Բեգլարյանի դարպասը։ 62-րդ րոպեին հայ ֆուտբոլիստներին հաջողվեց վերականգնել երկու գոլի տարբերությունը։ Կիպրոսցիները խախտեցին կանոնները Տիգրան Բարսեղյանի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում և հանդիպման մրցավարը նշանակեց 11 մետրանոց։ Նշակետին մոտեցավ Հենրիխ Մխիթարյանն ու չվիրպեց՝ խփելով իր 25-րդ գոլը ազգային հավաքականում։

Այնուհետև խաղը մի փոքր հանգստացավ և թվում էր այդպես էլ կավարտվի, սակայն 89-րդ րոպեին հյուրերն այդուամենայնիվ կարողացան երկրորդ անգամ կրճատել հաշվի տարբերությունը: Ձախ եզրից տուգանայինից կատարված փոխանցումից հետո Արսեն Բեգլարյանը դուրս եկավ տեղից, սակայն գնդակին չհասավ՝ արդյունքում թույլ տալով Պիերոս Սոտրիուին գրավել դարպասը՝ 3:2:

Խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով:

Ընկերական հանդիպումԵրևան, «Հանրապետական» մարզադաշտ

Հայաստան – Կիպրոս 3:2 (2:0)

Գոլերը՝ Հայկ Իշխանյան 17՛, Վարազդատ Հարոյան 38՛, Հենրիխ Մխիթարյան 62՛ – Կոնստանտինոս Լաիֆիս 50՛, Պիերոս Սոտիրիու 89՛

Հայաստանը խաղաց հետևյալ կազմով՝ 1. Արսեն Բեգլարյան, 3. Վարազդատ Հարոյան, 15. Գագիկ Դաղբաշյան, 13. Կամո Հովահանիսյան (20. Արտյոմ Սիմոնյան, 75), 9. Ռուսլան Կորյան (14. Արտակ Գրիգորյան, 63), 18. Հենրիխ Մխիթարյան (ա) (5. Գաել Անդոնյան, 78), 7. Էդգար Մալաքյան (17. Արտակ Եդիգարյան, 63), 6. Հայկ Իշխանյան, 8. Մարկոս Պիզելի (11. Տիգրան Բարսեղյան, 46), 10. Գեղամ Կադիմյան (23. Արաս Օզբիլիս, 71), 4. Ռումյան Հովսեփյան

Պահեստայիններ`16. Արման Մելիքսեթյան, 12. Գոռ Մանուկյան, 2. Արտյոմ Միքայելյան

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Պետրոսյան

Կիպրոսը խաղաց հետևյալ կազմով՝ 83․Ու․Պարդո, 15․Մ․Անտոնիադես, 9․Դ․Խրիստոֆի, 6․Մ․Դիմիտրիու, 23․Գ․Էկոնոմիդես, 25․Գ․Ֆիլակտու, 20․Գ․Կաստանոս, 8․Խ․Կիրակու, 17․Մարգասա, 4․Գ․Մերկիս, 13․Ն․Միտիդիս։

Գլխավոր մարզիչ՝ Ռան Բեն-Շիմոն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի հավաքականը սեփական դաշտում 4։1 հաշվով հաղթել էր Բելառուսի ընտրանուն։