Էվրան որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, որը նոյեմբերի 2-ին «Վիկտորիա Գիմարաեշի» հետ Եվրալիգայի խաղից առաջ հարձակվել էր իր թիմի երկրպագուի վրա։ Ֆուտբոլիստը նախավարժանքի ժամանակ չէր հանդուրժել իր հասցեին վիրավորանքը և ֆանատներից մեկի գլխին ոտքով հարվածել էր։

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը 36-ամյա Էվրան մինչև 2018-ի հունիսի 30-ը որակազրկվել է և չի մասնակցի եվրագավաթային խաղերին, ինչպես նաև տուգանվել 10 հազար եվրոյով։

Իր խաղացողի պատճառով «Մարսելը» տուգանվել է 25 հազար եվրոյով։ Նաև 30 օրվա ընթացքում ֆրանսիական ակումբը պետք է կապվի «Վիկտորիա Գիմարաեշի» ներկայացուցիչների հետ, որպեսզի պայմանավորվի վնասի փոխհատուցման շուրջ, որը հասցրել են ֆրանսիացի երկրպագուները պորտուգալական ակումբի մարզադաշտին։

Իր պաշտոնական կայքում «Մարսելը» արդեն հայտարարել է, որ խզել է պայմանագիրը պաշտպանի հետ երկկողմ համաձայնությամբ։