Բագրատ Նավոյանը՝ «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի և Օմարի Տետրաձեի Հայաստան կատարած այցի մասին

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության երրորդ շրջանի առաջին տուրի շրջանակներում «Շիրակը» Գյումրիում մրցեց «Ալաշկերտի» հետ և պարտվեց 0:1 հաշվով: Հանդիպումից հետո Football365.am-ը զրուցել է «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ:

- «Շիրակի» խաղից հետո միջադեպ տեղի ունեցավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Նման բան չպետք է լինի ֆուտբոլում, մի քանի թիմ ենք մնացել, պետք է միմյանց նկատմամբ հարգալից լինենք: Ճիշտն ասած ես արևելյան տրիբունայում էի, այնտեղից էի հետևում խաղին: Խաղից հետո ինձ հաջողվեց կարճ զրույց ունենալ խաղի չորրորդ պաշտոնյայի հետ, ասաց որ տրիբունայից հայհոյանք է հնչել Աբրահամ Խաշմանյանի հասցեին, ինքն էլ պատասխանել է: Դեռ այդքանն եմ հասցրել ճշտել: Ամեն դեպքում, խաղի տեսուչ կա, մարզիչներ են ներկա եղել: Կիմանանք, կճշտենք: Ամեն դեպքում, մենք հարգում ենք «Շիրակին»: Նրանք մեր դաշտում մեզ հաղթել են, շնորհավորել ենք, ողջունել ենք: Ինչ է եղել, հիմա մենք ենք հաղթել, նրանք են պարտվել: Հանգիստ պետք է դա տանել, բայց Գյումրիում երկրպագուները մի փոքր ագրեսիվ են իրենց պահում: Միհրան Մանասյանի հասցեին նույնպես վիրավորական արտահայտություններ եղան: Պետք է նման բաները վերացնել, լինի Երևանում, թե Գյումրիում: Նորմալ թիմեր ենք, «Շիրակին» հարգում եմ, Արման Սահակյանին հարգում եմ: Չպետք է թույլ տալ նման բաներ: Կուզենայի այդ հարգանքը փոխադարձ լիներ:

- Երկրորդ շրջանի «Շիրակի» խաղից հետո Աբրահամ Խաշմանյանին որակազրկեցին երեք խաղով, այսօր կրկին «Շիրակի» հետ մրցավեճում նման միջադեպ տեղի ունեցավ Աբրահամ Խաշմանյանի մասնակցությամբ:  

- Այն ժամանակ զրկել են Աբրահամ Խաշմանյանին, քանի որ դուրս էր եկել տեխնիկական գոտուց (Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած ՀՖՖ-ի կարգապահական նիստում որոշում էր կայացվել ոչ մարզական պահվածքի պատճառով, կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ Խաշմանյանին որակազրկել երեք խաղով, իսկ «Ալաշկերտին» տուգանել 100 հազար դրամով – խմբ.), իսկ երբ գլխավոր մարզչին մայր են հայհոյում, տղամարդ է: Յուրաքանչյուր հայ տղամարդ իրավունք ունի նման իրավիճակում պատասխան տալ: Իրավունք չունեն, ուզում է երկրպագու լինի, ուզում է մարզիչ: Ինչ է նշանակում մարզչին մայր հայհոյել: Այն ժամանակ Աբրահամին որակազրկել են տեխնիկական գոտուց դուրս գալու համար, թող դուրս չգար, չորակազրկեին: Ինչ վերաբերում է այսօրվա միջադեպին, եթե Խաշմանյանին պետք է որակազրկեն, ապա «Շիրակի» մարզադաշտն ընդհանրապես պետք է որակազրկեն, առանց հանդիսատես թող խաղան: Ամեն դեպքում մենք չենք որոշողը, հատուկ հանձնաժողով կա, ինձ թվում է ֆեդերացիայի նախագահն էլ տեղյակ կլինի: Եթե գտնում են, որ Աբրահամը սխալ է եղել, որ պատասխան հայհոյանք է տվել թող որակազրկեն, եթե օրենքով հասնում է, բայց եթե խաղից հետո հայհոյում են գլխավոր մարզչին՝ սիրուն բան չի: Ինչքան գիտեմ նույնիսկ հարվածել են, թե ով է եղել չգիտեմ, ասել եմ ճշտեն ինձ էլ ասեն: Պետք չէ շտապել մինչև ամեն ինչ կիմանանք: Ամեն դեպքում մեզ չի սազում ինչպես «Ալաշկերտին», այնպես էլ «Շիրակին»: Պրոֆեսիոնալ թիմեր ենք, նման բան չպետք է լինի:

- Նման միջադեպերի հանրագումարում շատ հնարավոր է, որ գլխավոր մարզչին երկար ժամանակով որակազրկեն: Հիշենք թեկուզ Արկադի Անդրեասյանի որակազրկումը: Նման մտավախություն ունե՞ք:

-  Եթե Աբրահամին հայհոյել են ու ինքն էլ պատասխան հայհոյանք է տվել և օրենքը կորոշի նրան որակազրկել, ապա խնդիր չեմ տեսնում, բայց այդ դեպքում ես էլ կպահանջեմ, որ «Շիրակի» տնային խաղերն անցնի առանց հանդիսականի: Ճիշտ է, հասկանում ենք, որ մարզադաշտում կարող են լինել տարբեր մարդիկ այդ թվում գինովցած և այլն, սակայն դա չի նշանակում, որ պետք է նման հայհոյանք հասցնեն գլխավոր մարզչին: Կրկնում եմ, եթե պատասխան հայհոյանք տալու համար որակազրկում է հասնում, ապա պրոբլեմ չեմ տեսնում: Մյուս կողմից, իհարկե, չէի ուզենա, որ նման խնդիրներ լինեն: Կա տեսուչ, Սլավիկ Ղազարյանն է, պրոֆեսիոնալ մարդ է: Ամենակարևորը, Գյումրին շատ եմ հարգում, այդ քաղաքն այնքանով է կարևոր, որ խաղի ժամանակ հանդիսատես կա, դրանով է ֆուտբոլը հրապուրիչ: Անգամ կխնդրեի, որ չորակազրկեն: Մի անգամ Կապանում եղավ, հիմա այնտեղ ֆուտբոլ չկա: Ափսոս է, որ ֆուտբոլասերին չթույլատրեն: Եթե այստեղ էլ չլինի, ինչ է դուրս գալիս: Ստացվում է երևանայն ֆուտբոլ և դա ճիշտ չի լինի:

- «Բանանց» – «Փյունիկ» խաղին ներկա էիք և հանդիպմանը հետևում էիք նախկինում հայտնի ֆուտբոլիստ, ներկայում մարզիչ Օմարի Տետրաձեի հետ միասին: Ինչո՞վ է պայմանավորված նրա այցը Հայաստանը և արդյոք հնարավոր է, որ համագործակցեք:

- Ոչ ֆուտբոլային հարց է: Օմարին իմ ընկերոջ  ըկերն է, եկել էր ինձ հյուր, ես հրավիրեցի խաղը դիտելու: Այսօր էլ Գյումրիում էր, միասին հետևել ենք խաղին: Ես Աբրահամին ողջունում եմ, քանի դեռ «Ալաշկերտը» կա, նա երկար կմնա «Ալաշկերտում»:

Հաբեթ Հարությունյան