Ռայոլա. ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ կողմից Դեմբելեի տրանսֆերը խուճապից ծնված ձեռքբերում էր

Հետաքրքիր, օրիգինալ, սադրիչ, բայց ոչ սովորական։ Այսպիսին է Մինո Ռայոլան՝ սիրեք, թե ատեք։ Դոննարումայի անունը լսելիս չի կարողանում կանգ առնել։ «Արդյո՞ք Ջիջիոն մեկնարկային կազմում կլինի Ռուսաստանում Մունդիալից հետո։ Չեմ կարծում՝ Վենտուրան բավականաչափ ուժեղ բնավորություն ունի, որպեսզի նրան դաշտ դուրս բերի Բուֆոնի պես մեկի փոխարեն։ Մարզիչը ոչինչ չի հասկանում» Ռայոլան վերլուծում է ամառային տրանսֆերային պատուհանը՝ սկսելով ամենահայտնի պատմությունից` «Նեյմարը «ՊՍԺ»-ո՞ւմ։ Էմիրն ուղղակի հանճար է։

- Բայց արդյո՞ք որոշ թվեր անհեթեթ չեք համարում։

- Բոլորովին ոչ։ Գինն այնքան էլ չափազանցված չէ։ Կարող է այդպես թվալ, որովհետև սովոր չէինք այսպիսի բաների։ Բայց պետք է երկու բան հիշել։ Առաջինը՝ «Բարսելոնան» արդեն Նեյմարի համար շատ մեծ գումար էր վճարել՝ 150-160 միլիոն։ Այսինքն, տրամաբանական է, որ իսպանացիները 220 միլիոն եվրոյից ավելի արձակման դրույթ են սահմանել։ Երկրորդը, ինչը շատ կարևոր է․ Նեյմարի համար «ՊՍԺ»-ն չի վճարել, այլ մի ողջ երկիր, որտեղ մի էմիր որոշել է նվեր անել իր ժողովրդին։ Հիշո՞ւմ եք Մարադոնային «Նապոլիում» և այն ամենը, ինչ պատահեց։ Անհավատալի ուրախություն էր պատմական ձեռքբերման համար։ Եվ հենց սա տեղի ունեցավ այսօր Քաթարի հետ։ Նեյմարի հետ էմիրը հանճարեղ բան արեց, իսկապես հանճարեղ։

- Ուրեմն Մբապեի համար 180 միլիոնը չափազանց չէ՞։

- Ոչ, այդպիսի թվեր կարող են պատահել։ Խոսքը գնում է շատ երիտասարդ, բայց արդեն շատ ուժեղ խաղացողի մասին։ Բայց համաձայն չեմ Դեմբելեի համար վճարված գումարի հետ. դա խուճապից ծնված ձեռքբերում էր։ Նրա համար շատ է վճարվել։ Կասեի՝ չափազանց շատ։

- Դեռ Պոգբայի՞ն եք համարում աշխարհի լավագույն կիսապաշտպանը։

- Անկասկած, Վերատտիի հետ միասին աշխարհում ուժեղագույնն է։

- Իսպանիայից կրած պարտությունից հետո հենց Վերատտիին էին ամենաշատը քննադատում։

- Բայց նա շատ ուժեղ է։ Այս դեպքում էլ անհավատալի եմ համարում, որ նրա պես խաղացողին չեն գնահատում, որովհետև խոսքը գնում է աշխարհում լավագույններից մեկի մասին։ Կրկնվեմ՝ միայն Իտալիայում կարող է այդպիսի բան լինել։

- Տղան դեռ երջանի՞կ է Փարիզում, որտեղ հիմա արդեն եվրոպական մակարդակի աստղ է։

- Այո, շատ երջանիկ է, խնդիրներ չկան։ Բայց այնտեղ շատ միջազգային աստղեր կան։ Կարծում եմ՝ այդ համատեքստում ավելի ճիշտ է նրան աստղ համարել և վերջ։ Համենայն դեպս, այս պահին։

- Այդ ընթացքում Իբրահիմովիչը վերականգնվում է. ժամկետները հայտնի՞ են։

- Իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ լավագույն կերպով է ընթանում։ Խոսում են հունվարին դաշտ վերադարձի մասին, բայց ո՞վ գիտե՝ միգուցե ավելի շուտ կարողանա: Պետք է միայն սպասենք նրան, հաստատ շատ լավ է։

- Փորձե՞լ եք ամռանը նրան Իտալիա բերել։

- Ոչ, անկեղծ եմ ասում։ Որոշեցինք հարգել նախնական նախագիծը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

- Անցնենք Դոննարումային՝ այսպիսի իրավիճակ պատկերացնելով. 2018-ի ամառն է, և «Միլանը» մնացել է առանց Չեմպիոնների լիգայի։ Բոլորին հրաժե՞շտ եք տալու։

- Ջիջիոն ցույց տվեց, որ այստեղ կարևորն իր ցանկությունն է։ Որոշեց մնալ, այնպես որ այս պահին նրան հանգիստ թողնենք։ Իսկ այն, որ ես շատ չեմ հավատում «Միլանի» նախագծին, հայտնի է։

- Միայն նա՞ է Բուֆոնի հետնորդը հավաքականում։

- Իրավիճակը և որոշումները կարող են փոխվել, ամեն մարզիչ կարող է իր գաղափարներն ունենալ։ Լինելով Դոննարումայի գործակալը՝ բնակնաբար, ուրախ կլինեի, եթե հավաքականի մեկնարկային կազմում խաղար։

- Կախված է Վենտուրայից։ Ի դեպ՝ ի՞նչ եք մտածում նրա մասին։

- Չեմ թաքցնի, ըստ իս՝ կորցնում է ուղղությունը, այլևս ոչինչ չի հասկանում։ Լիակատար խուճապի մեջ է, չի հասկանում՝ ինչ է անում։ Չեմ կարծում՝ բավականաչափ ուժեղ բնավորություն ունի, որպեսզի նրան դաշտ դուրս բերի Բուֆոնի պես մեկի փոխարեն։

- Իսպանիայի հետ խաղից հետո մի քանի օր խուճապի օրեր էին:

- Զարմացած չեմ։ Մենք շատ հեռու ենք այլ երկրներից, շատ հեռու։ Այստեղ՝ Իտալիայում, ամեն ինչի մեջ բացասականն են փնտրում, հատկապես հավաքականի հարցում։ Չենք կարողանում լիովին վայելել, նույնիսկ երբ գործերը լավ են ընթանում։