ԱՇՈՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ հեռացվեց ԳԱՆՁԱՍԱՐԻՑ: Նրան կփոխարինի ԿԱՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Ակումբի ֆեյսբուքյան էջին ԳԱՆՁԱՍԱՐԻ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Աշոտ Բարսեղյանը հայտնել է, որ ակումբում նոր պաշտոն է ստացել։ Այսուհետև նա կլինի ակումբի գործադիր տնօրենի խորհրդականը։ Գլխավոր մարզչի աթոռը լքելուց առաջ նա կիսվեց այդ պաշտոնում ստացած իր տպավորություններով․

- Ի՞նչ զգացողություններով եք լքում «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնը։
- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանցից, ովքեր միշտ իմ կողքին են եղել՝ ակումբի նախագահ՝ Վահե Հակոբյանին, գործադիր տնօրեն՝ Գառնիկ Աղաբաբյանին, սպորտային տնօրեն՝ Սարգիս Ասոյանին, մարզչական շտաբին, մյուսներին, ովքեր օգնել են ինձ։ Նրանց աջակցությունը ես միշտ զգացել եմ և մինչ օրս զգում եմ։ Նաև ֆուտբոլիստներից եմ շնորհակալ։ Ակումբում նոր պաշտոն եմ ստացել և հիմա պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի այս նոր պաշտոնում էլ օգտակար լինեմ թիմին։

- Ո՞րն է լինելու ձեր գլխավոր առաքելությունը նոր պաշտոնում։
- Բազմաբնույթ աշխատանք է։ Ակումբի համակարգողն եմ լինելու, այսինքն պետք է ամրացնեմ կապը մանկապատանեկան դպրոցի, առաջին լիգայի և բարձրագույն խմբի թիմերի միջև։ Գործը ծավալուն է, բայց քանի որ լավ ակումբում եմ և շրջապատող մարդիկ լավն են, պատրաստ եմ մեծ սիրով աշխատել։ Խորհուրդներ կտամ նաև նոր մարզչական կազմին։ Ինչո՞ւ ոչ, այս ակումբում մենք բոլորս պետք է աշխատենք նույն նպատակի համար։

- «Գանձասար-Կապանն» իր պատմությանը ընթացքում առաջին անգամ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և դա հենց ձեր օրոք։ Ինչպե՞ս եք ամփոփում գլխավոր մարզչի աշխատանքը կապանյան թիմում։
- Իհարկե ուրախալի է, որ կարողացել ենք նման արդյունք գրանցել և ինչու ոչ ուրախացնել մեր երկրպագուներին։ Հուսով եմ և համոզված եմ, որ նոր մարզիչն էլ կկարողանա ոչ միայն կրկնել այս հաջողությունները, այլև գերազանցել այն։ Նաև ասեմ, որ գլխավոր մարզչի գործը շատ ծանր է, եղել են խաղեր, որոնցից հետո մեծ դժվարությամբ եմ վերականգնվել, մի քանի անգամ առողջական խնդիրներ եմ ունեցել, նաև խնդրել եմ, որ հնարավորության դեպքում իմ ֆուտբոլային գիտելիքները օգտագործեմ արդեն այն պաշտոնում, որը հիմա ստացել եմ։

- Նոր մարզչին ի՞նչ խորհուրդ կտաք։
- Անունը դեռ չեմ ցանկանում նշել։ Նրան որպես մարդու և որպես մասնագետի շատ եմ հարգում։ Հաջողություն եմ մաղթում այս դժվար ու պատասխանատու գործում։ «Գանձասար-Կապանում» մենք բոլորս պետք է միասնական լինենք, որպեսզի լավ արդյունք գրանցենք։

Հ.Գ. Ըստ ՖՈՒՏԲՈԼ 365-ի տեղեկությունների ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Բարսեղյանը: