Հենրիխ Մխիթարյան. Ամենակարևոր գոլն այն էր, որը խփեցի Եվրոպա լիգայի եզրափակչում: Հրաշալի զգացողություն էր

Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է երկրպագուների հարցերին:

Ակաշ Սինգ. «Ի՞նչ ես մտածում Հնդկաստանի մասին, Միկի… Ի՞նչ գիտես Հնդկաստանի մասին: Կցանկանայի՞ր մի օր այցելել այս երկիր, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդի» միլիոնավոր երկրպագուներ կան:

Մխիթարյան. «Գիտեմ, որ հնդիկները կրիկետ շատ են սիրում: Ուրախ եմ լսել, որ այնտեղ նույնպես շատ երկրպագուներ ունենք, շատ կցանկանայի մի օր այցելել»:

Պատրիկ Կայայան. «Սիրելի՛ Հենրիխ Մխիթարյան, իմ անունը Պատրիկ Կայայան է, և ես շատ հպարտ եմ քեզնով` որպես հայ խաղացող: Կցանկանայի իմանալ` ինչպե՞ս իրականացավ քո մանկության երազանքը»:

Մխիթարյան. «Երազանքներն իրականանում են, երբ շատ ես աշխատում, դրական ես տրամադրված և հավատում ես ուժերիդ»:

Ջուլիա Բլենքսբի. «Ես տեսել եմ, թե ինչպես ես ողջ մրցաշրջանում այնքան շատ աշխատում «Օլդ Թրաֆորդում» (ես մանկությունից ողջ մրցաշրջանի համար բաժանորդագրվում եմ), հետո տեսել եմ, թե ազատ ժամանակ ինչպես ես աշխատում Հայաստանում: Ինչո՞ւ հանգիստ չես վերցնում և գնում ծովափ: Դու արժանի ես դրան»:

Մխիթարյան. «Խոստանում եմ, որ հիմա հանգստանում եմ: Հաստատ դրա կարիքն ունեի»:

Սամսոմ Աջայի. «Ի՞նչ ես մտածում «Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգային մասնակցելու մասին: Եվ ի՞նչ ես կանխատեսում «Մանչեսթեր Յունայթեդի» համար հաջորդ մրցաշրջանում` ներառյալ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը»:

Մխիթարյան. ««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է խաղա Չեմպիոնների լիգայում, և մենք բոլորս երջանիկ ենք, որ նորից այս մեծ մրցաշարում ենք: Նոր մրցաշրջանում ցանկանում ենք պայքարել տիտղոսի համար: Սուպերգավաթը պետք է որ ֆանտաստիկ խաղ լինի Մադրիդի «Ռեալի» դեմ»:

Քեյթ Լամանկունիեն. «Մինչև դու կսկսեիր իսկապես խաղալ «Յունայթեդում», երկրպագուները քո անունն էին երգում: Սա քիչ խաղացողների հետ է եղել: Ինչպիսի՞ զգացողություն է լսել դա»:

Մխիթարյան. «Շատ եմ սիրում դա: Հրաշալի է, որ մեր երկրպագուները երգ են երգում ինձ համար, դա ինձ մեծ մոտիվացիա է տալիս, երբ մարզադաշտում լսում եմ»:

Նիրաջ Նաիր. «Բարև, Միկի: Նախևառաջ` սիրում եմ քեզ: Դու աշխարհում իմ ամենասիրելի փլեյմեյքերներից ես: Իմ հարցն է. ի՞նչ հավակնություններ ունես հաջորդ մրցաշրջանի համար»:

Մխիթարյան. «Շատ կցանկանայի ավելի շատ գոլեր խփել և ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել և օգնել թիմին այնքան տիտղոս նվաճել, ինչքան հնարավոր է: Կանեմ ամեն հնարավորը»:

Վահմ Դահակ. «Բարև, Հենրիխ, ո՞րն էր մրցաշրջանի քո սիրած պահը»:

Մխիթարյան. «Անկասկած ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի գավաթը Ստոկհոլմում բարձրացնելը: Մենք այնքան ենք աշխատել այս մրցաշարում հաղթելու համար: Հիմա մենք սպասում ենք Չեմպիոնների լիգա վերադառնալուն»:

Պատրիկ Սունգ Կվադրադո. «Բարև, Հենրի՛խ: Դու հրաշալի մրցաշրջան անցկացրիր Եվրոպայում` խփելով վեց գոլ: Քեզ համար ի՞նչ կնշանակի ստանալ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի լավագույն խաղացողի մրցանակը»:

Մխիթարյան. «Ես այնքան երջանիկ էի Եվրոպա լիգայում հաղթելու համար: Դա ողջ մրցաշրջանում մեր նպատակն էր, և եզրափակչում գոլ խփելն ու Ստոկհոլմում գավաթը բարձրացնելը հրաշալի զգացողություն էր: Ինչ վերաբերում է մրցանակին, ապա իհարկե ցանկացած խաղացողի համար մեծ պատիվ կլինի այն նվաճելը, բայց ի վերջո կարևորը թիմն է:

Նունե Մանուկյան. «Սիրելի՛ Հենրիխ, պատրաստվո՞ւմ ես մոտ ապագայում ֆուտբոլային ակադեմիա հիմնել Հայաստանում: Հ.Գ. Մենք շատ ենք հպարտանում քեզնով»:

Մխիթարյան. «Մտածել եմ դրա մասին և շատ կցանկանայի ապագայում զարգացնել այդ միտքը և իմ ֆուտբոլային փիլիսոփայությունն ուսուցանել հայ երեխաներին»:

Լուսինե Հայրապետյան. «Հենրի՛խ, հուլիսին թիմիդ հետ լինելո՞ւ ես Լոս Անջելեսում»:

Մխիթարյան. «Ես գալու եմ Նահագներ: Անհամբեր սպասում եմ»:

Ֆելիքս ֆոն Կնորինգ. «Բարև, Հենրի՛խ, քո մեծ երկրպագուն եմ: Ինչպե՞ս կնկարագրես Ժոզե Մոուրրինյոյին»:

Մխիթարյան. «Ժոզեն հաղթող է: Նա շատ է աշխատում յուրաքանչյուր խաղում հաղթելու համար և համոզվելու համար, որ բոլորս պատրաստ ենք 100%-ով նվիրվելու: Նա մեզ էմոցիա և մոտիվացիա է տալիս: Ես նրանից շատ բան եմ սովորել և այս մրցաշրջանում կշարունակեմ»:

Թան Թունգ. «Ո՞ր գոլն էր այս մրցաշրջանում ամենակարևորը քեզ համար, Միկի՛»:

Մխիթարյան. «Ամենակարևոր գոլն այն էր, որը խփեցի Եվրոպա լիգայի եզրափակչում: Հրաշալի զգացողություն էր»:

Դոննա Մաքմահեն. «Որտե՞ղ ես քեզ տեսնում 15 տարի անց: Անհամբեր սպասում եմ, թե երբ ես Վաշինգտոն գալու»:

Մխիթարյան. «Չեմ մտածել, թե ինչ եմ անելու կարիերայիս ավարտից հետո, դեռ շատ տարիներ ունեմ` որպես խաղացող»:

Աննա Միրզոյան. «Ո՞րն է ամենավատ բանը մարդու մեջ, որը կարող է զայրացնել քեզ»:

Մխիթարյան. «Ես փորձում եմ հանգիստ մնալ, ինձ զայրացնելը շատ դժվար է»:

Տրան Տան Ֆոնգ. «Դու շատ գեղեցիկ գոլեր ես խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Ո՞րն ես ամենաշատը սիրում»:

Մխիթարյան. «Կարիճ գոլն ամենագեղեցիկն էր, բայց հաղթական գոլը Եվրոպա լիգայում ամենակարևորն էր»:

Աջիթ ՄԿ. «Այս մրցաշրջանում ո՞ւմ հետ ես ամենամեծ հաճույքով խաղացել»:

Մխիթարյան. «Ես իսկապես հաճույք եմ ստանում այս թիմի հետ խաղալիս, մենք ընտանիքի պես ենք, իսկ ընտանիքում բոլորի հետ էլ հաճելի է խաղալ»:

Մարիամ Մկրտչյան. «Հենո՛, դու մեզ` հայերիս, հպարտացնում ես ամեն անգամ, երբ դաշտ ես դուրս գալիս: Երևանի փողոցները լի են երեխաներով, որոնք հպարտորեն կրում են Մխիթարյանի մարզաշապիկները:

1) Ինչպիսի՞ զգացողություն է երիտասարդ սերնդի համար օրինակ լինելը:

2) Ապագայում կմտածե՞ս ազգային հավաքականը մարզելու մասին:

Մխիթարյան. «Ես շատ երջանիկ եմ, որ ոգեշնչում եմ և օրինակ եմ ծառայում հայ երեխաներին: Հույս ունեմ, որ իմ նվաճումներով կարող եմ օրինակ լինել, որ երեխաները հավատան իրենց երազանքներին: Ինչ վերաբերում է կարիերայիս, ապա դեռ չեմ մտածում դրա մասին, քանի որ պրոֆեսիոնալ մակարդակում դեռ շատ տարիներ ունեմ խաղալու»:

Էնն Քեմփբել. «Բարև, Միկի՛: Կուզեի իմանալ, թե ով է քո բոլոր ժամանակների ամենասիրելի խաղացողը»:

Մխիթարյան. «Բարև, Էնն, ես ամենաշատը սիրում էի դիտել Զիդանի խաղը»:

Էմին Մուրադյան. «Հենրիխ ջան, երբ Հայաստանի մանուկներ հիմնադրամի երեխաներով հանդիպեցինք Ձեզ, մի հարց չհասցրի տալ. արդյո՞ք ֆուտբոլիստ դառնալը կապված էր Ձեր հոր՝ Համլետ Մխիթարյանի հետ, թե՞ ուղղակի ֆուտբոլի հանդեպ սիրով էր պայմանավորված»:

Մխիթարյան. «Հայրս միշտ ոգեշնչման աղբյուր է եղել ինձ համար թե՛ կարիերայումս, թե՛ կյանքումս»:

Վինսենթ Նվաչի Օկո Նեմերե. «Բարև, Միկի՛: Ես Նիգերիայից եմ, «Յունայթեդն» այստեղ շատ սիրված ակումբ է: Ի՞նչ սպասենք քեզնից հաջորդ մրցաշրջանում: Մեկ այլ հրաշք գո՞լ»:

Մխիթարյան. «Շատ կցանկանայի ևս մեկ հրաշք գոլ խփել, ինչո՞ւ ոչ:

Անի Մն. «Ի՞նչ ես սիրում ուտել: Ո՞ր խոհանոցն ես նախընտրում»:

Մխիթարյան. «Հայկական և իտալական»:

www.totoexpert.am