ՀԵՆՐԻԽ ԱՐՔԱՆ. Հարցազրույց ՌՈՍԻՅՍԿԱՅԱ ԳԱԶԵՏԱՅԻՆ

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Հենրիխ Մխիթարյանը պատմել է ռուսական արմատների, Կոնֆեդերացիաների գավաթի և այն մասին, թե ինչպես է սովորել 5 լեզու։ 

«Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է» – Կարմիր սատանաների գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ կարելի է լսել երկրպագուների այս բղավոցները։ Մառախլապատ Ալբիոն տեղափոխությունից ընդամենը մի քանի ամիս անց Հայաստանի հավաքականի ավագը, ով հունվարին նշեց 28-ամյակը, դարձավ աշխարհի ամենաժողովրդական ակումբներից մեկի կուռքը։

 Հենց Մխիթարյանը 2-րդ գոլը խփեց «Այաքսի» դարպասին՝ ՄՅՈՒ-ի համար հաղթական Եվրալիգայի եզրափակիչում (2-0)։ Հենց նա 6 խփած գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն այդ մրցաշարում։ Իսկ ընդհանուր առմամբ Անգլիայում դեբյուտային մրցաշրջանում Մխիթարյանը խփել է 11 գնդակ։ ՄՅՈՒ-ում ավելի շատ գոլ է խփել շվեդ Զլատան Իբրահիմովիչը (28)։

Հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստը, աշխարհի ամենաշատ վարձատրվող խաղացողներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը, շատ համեստ է, նույնիսկ՝ ամաչկոտ։ Եվ շատ խոհեմ։ Երևանում՝ Հայաստանի հավաքականի մարզաբազայում մեր հարցազրույցի ժամանակ, չնայած ոչ միայն խաղերի հագեցած գրաֆիկին, այլև նրա մասնակցությամբ տարբեր միջոցառումներին, նա առույգ տեսք ունի և յուրաքանչյուր հարցին պատասխանում է կշռադատված։ Նաև լուսանկարներ է ստորագրում, որոնք ուղարկում են երկրպագուները։ Ինչպես տեսնում ենք՝ Հենրիխը ամեն ինչ հասցնում է ոչ միայն դաշտում, այլև նրա սահմաններից դուրս։

Մի քանի տարի առաջ ասել ես, որ ուզում ես հանդես գալ ամենաբարձր մակարդակով։ Հիմա դու «Մանչեսթեր Յունայթեդի»՝ աշխարհի լավագույն թիմերից մեկի ֆուտբոլիստն ես։ Ո՞րն է քո հաջորդ նպատակը։

Հենրիխ Մխիթարյան – Մանուկ հասակում երազանք ունեի. շահել ՈՒԵՖԱ-ի գավաթը կամ էլ Չեմպիոնների լիգան։ Այս նպատակներից մեկին հասա։ Իսկ ընդհանրապես իմ յուրաքանչյուր հաջորդ մրցաշրջանը պետք է նախորդից ավելի լավը լինի։ Կարելի է ասել՝ դա է իմ գլխավոր խնդիրը։

Դու հիշեցիր քո մանկությունը։ Քո հայրը նախկինում ճանաչված խորհրդային ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն էր։ Պատմիր նրա հետ կապված ամենավաղ հուշերից մեկը։

Հիշում եմ՝ ինչպես խնդրեցի հորս ինձ իր հետ տանել մարզումների։ Հինգ տարեկան էի, այն ժամանակ նա հանդես էր գալիս Ֆրանսիայում։ Նա չէր ուզում մարզումների ժամանակ ուշադրությունը շեղել, անհանգստանալ իմ մասին։ Այդ պատճառով էլ ինձ չվերցրեց իր հետ։ Ինձ թողեցին սենյակում, ու ես չէի կարողանում բացել դուռը։ Շատ փոքր էի, ձեռքերս չէին հասնում դռան բռնակին։

Մի անգամ ասել ես, որ մանուկ հասակում քո հոր մասնակցությամբ տեսանյութեր էիր դիտում։ Հիմա՞ էլ ես նայում։

Այո։ Նա հզոր հարված ունեցող հարձակվող էր։ Իմիջիայլոց՝ իմ հանդիպումները չեմ նայում։

Ինչու՞։

Որովհետև դրանցում միայն իմ սխալներն եմ տեսնում։

Իսկ ընդհանրապես սիրու՞մ ես ուրիշ թիմերի խաղերը նայել։

Իհարկե։ Միայն Չեմպիոնների լիգան չէ հետաքրքիր, այլև տարբեր երկրների առաջնությունները։ Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի։ Երբեմն նաև հայկական առաջնությանն եմ հետևում։ Այնտեղ իմ ընկերներն ու ծանոթներն են հանդես գալիս։

Կոնֆեդերացիաների գավաթը նայելու՞ ես։

Իհարկե։ Բայց ոչ մեկին չեմ երկրպագի։

1996-ին քո հոր մահից հետո դուք ողջ ընտանիքով վերադարձաք Հայաստան։ Իսկ 13 տարեկանում ուղևորվեցիր Բրազիլիա՝ «Սան Պաուլուում» ստաժավորման։ Դժվա՞ր չէր առաջին անգամ հեռու լինել ընտանիքից, այն էլ՝ ուրիշ երկրում։

Իհարկե ծանր էր։ Ես համեստ պատանի էի, ով հեռվից էր եկել։ Ես փորձում էի տղաներին բացատրել, թե որտեղ է գտնվում Հայաստանը, բայց դա հեշտ չէր։ Այն ժամանակ այսքան լավ հեռախոսներ, սոցցանցեր չկային։

Բայց առանց դրանց էլ տղաների հետ ընկերացա։ Բրազիլացիները շատ ուրախ են, շատ են կատակում։ Իմիջիայլոց՝ ես այնտեղ մենակ չէի գնացել, ինձ հետ երկու հայ ֆուտբոլիստ կար։

Իսկ ինչպե՞ս էիր պահպանում կապը ընտանիքի հետ։

Բազայում՝ տնօրենի աշխատասենյակում, հեռախոս կար։ Կարող էինք օգտվել միջազգային զանգերից։ Մայրս զանգում էր այդ համարով, ու մենք ամեն շաբաթ շփվում էինք իրար հետ։

Լեզուն սովորեցիր Բրազիլիայու՞մ։

Դեռ Հայաստանում ես պարապում էի ուսուցչի հետ։ Բայց դա չես համեմատի պրակտիկայի հետ։ Մի բան է գրքեր կարդալը, մեկ այլ բան՝ մարդկանց հետ կենդանի շփումները։

Դուք բազայու՞մ էիք ապրում։

Այո։ Ինձ այդպես էլ չհաջողվեց լինել ուրիշ քաղաքներում։ Ողջ ժամանակ մարզվում էինք, դպրոց հաճախում։ Դպրոցը բազայի տարածքում էր։ Ընդհանրապես այդ 4 ամիսը Բրազիլիայում առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում։ Կարելի է ասել, որ այն ժամանակ ձևավորվեց իմ խաղաոճը։

Կարո՞ղ ես ասել քանի լեզվով ես խոսում։

Վեց։ Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և անգլերեն։ Ռուսերենը սովորել եմ տատիկիս շնորհիվ։ Նա ռուս էր։

Ի՞նչ կրթություն ունես։

Ես ավարտել եմ Հայաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը։ Բացի այդ սովորել եմ Սանկտ-Պետերբուրգի երևանյան մասնաճյուղում՝ տնտեսագետի մասնագիտությամբ։

Լինելով «Բորուսիայում» այնտեղ սովորել ես, այո՞։

Այո։ Ընդունվել եմ այնտեղ, որովհետև նրանց դիպլոմն ընդունվում է գրեթե 60 երկրներում։

Քեզ այդքան հետաքրքրու՞մ է տնտեսագիտությունը։ Ընդհանրապես՝ կարիերայի ավարտից հետո, ի՞նչ դերում ես քեզ պատկերացնում։

Առայժմ այդ մասին չեմ մտածում։ Բայց նաև կարող եմ մնալ ֆուտբոլում։ Պաշտոնյա կամ էլ մարզիչ – կարևոր չէ։ Գուցե բիզնեսով զբաղվեմ։ Առայժմ չգիտեմ։

Գրեթե 10 տարի է անցել հավաքականում քո դեբյուտից։ Ո՞ր հանդիպումն է ամենահիշարժանը։

Այդպիսի խաղեր շատ են եղել։ Անցած տարվա այն հանդիպումը Չեռնոգորիայի հետ, երբ մենք պարտվում էինք 0-2, բայց հաղթեցինք 3-2։ Կամ էլ՝ 2013-ին Իտալիայի հետ, երբ հյուրընկալվելիս Բուֆոնին գոլ խփեցի ու դարձա հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։ Նաև նշեմ Դանիայի և Սլովակիայի հետ արտագնա խաղերը, երբ մենք բոլորին զարմացրինք ու հաղթեցինք 4-0։

Հայաստանը ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում 4 միավորով հետ է մնում 2-րդ տեղից Е խմբում։ Ի՞նչ հույսեր ունեք այդ փուլի մնացած մասում։

Առաջին 2 խաղից հետո շատերը մեզ այնպես քննադատեցին, ասես արդեն տապալել էինք ողջ փուլը։ Բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Կշարունակենք պայքարել։ Դա է իմ և մեր նպատակը։ Ելույթ ունենալ աշխարհի առաջնությունում։

Հայտնի է, որ սիրում ես գրքեր կարդալ։ Դրանցից մեկը, որը քեզ խորհուրդ է տվել կարդալ «Բորուսիայի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը, շատ մեծ դեր է խաղացել քո կյանքում։ Կարո՞ղ ես պատմել դրա մասին։

Չէի ասի, թե այդ գիրքը շրջեց իմ կյանքը։ Պարզապես օգնեց։ Դա «Բորուսիայում» 2-րդ մրցաշրջանից հետո էր։ Այդ տարին շատ բարդ էր ինձ և թիմի համար։ Երբ Տուխելը եկավ «Բորուսիա», անձամբ զրուցեց ինձ հետ։ Նա ասաց. «Հենրիխ, դու պետք է 10 գոլ խփես և 15 գոլային փոխանցում կատարես»։ Արդյունքում ես խփեցի 23 գոլ ու կատարեցի 32 գոլային փոխանցում։ Եվ նա ինձ խորհուրդ տվեց կարդալ «Ներքին խաղը թենիսում» գիրքը։ Դրանում նկարագրված է անձնական և պրոֆեսիոնալ առումներով կատարելագործման մեթոդների մասին։ Այն կարծես հատուկ ինձ համար գրված լիներ։ Նախկինում շատ ապրումներ էի ունենում բաց թողած պահերի համար։ Ինքս ինձ քննադատում էի սխալների համար։ Բայց այդ գիրքը ինձ շատ բան սովորեցրեց։ Հիմա ավելի հանգիստ եմ ապրում այդ պահերը։ Եվ դա օգնում է ինձ։

 Հենրիխ Համլետի Մխիթարյան

Ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Հենց այնտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով՝ «Փյունիկ» ակումբում։

Հանդես է եկել հետևյալ թիմերում. «Փյունիկ» (2006-2009), «Մետալուրգ» Դ. (2009-2010), «Շախտյոր» Դ. (2010-2013), «Բորուսիա» Դ. (2013-2016)։ «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016-ի ամռանը։

Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի սուպերգավաթի կրկնակի հաղթող, երկրի գավաթակիր։ Ուկրաինայի առաջնության ու գավաթի եռակի հաղթող, Ուկրաինայի սուպերգավաթակիր։ Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր։ Անգլիայի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր ու Եվրոպա Լիգայի հաղթող։

Հայաստանի հավաքականի կազմում դեբյուտ է կատարել 2007-ին։ 22 գնդակով ազգային թիմի լավագույն ռմբարկուն է։ Յոթ անգամ դարձել է Հայաստանի Տարվա լավագույն ֆուտբոլիստը։ «Շախտյորի» և Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացողը 2012-ին։ ԱՊՀ ու Բալթյան երկրների լավագույն ֆուտբոլիստ (2012, 2013)։ Գերմանիայի առաջնության տարվա խաղացող (2016)։