«Թասիբի ներարկման դրական ազդեցության մասին»

Զարմանալի երևույթ է ֆուտբոլը․ Մունդիալ-2018-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերից հետո Հայաստանի հավաքականի ապագային հավատացողներին կարելի էր հաշվել մատների վրա։ Բայց բավական էր տանել 2 անընդմեջ հաղթանակ, և ամեն ինչ հրաշալի է։ Ու դա նորմալ է։ Այդպես եղել է, կա ու կլինի։ Ֆուտբոլն ամենատրամաբանական մարզաձևն է, որքան էլ երբեմն դժվար է հասկանալ դրա տրամաբանությունը։

Մարզչական փոփոխությունն իրադարձությունների անհաջող զարգացումը փոխելու ամենապարզ ու արդյունավետ միջոցն է։Այլ հարց է, որ սահմանափակ հնարավորություններով երկրում դժվար է լավ փոխարինող գտնել։ Լավն էլ, իր հերթին, հարաբերական հասկացություն է։ Կան լավ մարզիչներ, որոնք պարզապես ոչ ճիշտ պահի ոչ ճիշտ տեղում են հայտնվում։ Արթուր Պետրոսյանը ևս մեկ համարձակ անձնավորություն էր, որը Հայաստանի հավաքականն ընդունեց ծանր պահին։ Իսկ գիտե՞ք ինչու նրա մեկնարկը հաջող ստացվեց։ Որովհետև Պետրոսյանը չվախեցավ ճակատագրի փորձությունից։ Նա կռվեց ու իր կամքին ենթարկեց մեկնարկային 2 խաղերի ճակատագիրը։

Չեռնոգորիայի հետ խաղում տեղի ունեցածը ֆանտաստիկ կամքի դրսևորում էր՝ հաջողակ տարրերի համադրությամբ։ Ղազախստանի նկատմամբ տարած հաղթանակը նույնպես կամքի դրսևորում էր, բայց համեմված արդեն վարպետության տարրերով։ 1-ին հաղթանակը թիմին ավելի փորձառու դարձրեց։ Բարձրացավ տղաների ինքնագնահատականը։ Եվ չնայած 4 ամսվա դադարին, այդ ամենը շատ լավ երևաց։

Բոլոր առումներով անհաջող սկսված խաղը ցուցադրեց իր ծանր ու կպչուն բնավորությունը։ Ղազախները ֆուտբոլ չէին խաղում, բայց նրանց գոլ խփելը հեշտ չէր։ Բայց Պետրոսյանն ու ֆուտբոլիստները հավատում էին մինչև վերջ։ Սերգեյ Մալիի հեռացումն ու դրան հետևած 2 գոլերը մեր թիմի ճնշման արդյունքն էին։ Այն, որ գոլերը եղան 73-րդ ու 75-րդ րոպեներին, այլ ոչ թե ավելացված ժամանակում, մեր ավելի բարձր կարգի ապացույցն էր։ Այստեղ արդեն բախտի գործոն չկար։

Իմաստ չունի քննարկել, թե որքանով էին ճիշտ ընտրված մեկնարկային կազմն ու մարտավարությունը։ Թե մեկի, թե մյուսի գնահատականը տալ հնարավոր չէ Գևորգ Ղազարյանի վնասվածքի պատճառով։ Մենք տեսանք այլ բան․ Պետրոսյանը պատրաստ էր իրադարձությունների նաև այդպիսի զարգացմանը։ Վճռական փոփոխություններն ու Էդգար Մանուչարյանի փայլուն գործողությունները գոլերի ժամանակ կնիք են խոսքերիս տակ։ Ֆուտբոլիստները փայլեցին յուրաքանչյուրն իր չափով, բայց սա մարզչական հաղթանակ էր։

Եզրակացություն․ մեր հավաքականին պակասում էր սեփական ուժերին մինչև վերջ հավատալը, չընկճվելը, անմնացորդ նվիրվելը։ Արթուր Պետրոսյանի հայրենի քաղաքում այս ամենն անվանում են մեկ բառով՝ թասիբ։ Գլխավոր մարզիչն աստիճանաբար, փոքր չափաբաժնով այդ թասիբը ներարկում է ազգային հավաքական։ Եթե դրան գումարենք նաև Պետրոսյանի ճիշտ կրթության արդյունքում ստացած մարզչական գիտելիքները, ապա այս ամենից կարելի է հրաշալի նախագիծ ստանալ։

Վերջաբան․ Հայաստանի հավաքականը 2 հաղթանակով չվերածվեց խմբի ֆավորիտներից մեկին։ Մունդիալին մասնակցելն առայժմ ծայրահեղ բարդ խնդիր է, իսկ մրցակիցներն առայժմ շատ ուժեղ են։ Բայց այսպիսի թիմով արդեն ամոթ չէ ներկայանալ աշխարհին։ Իսկ մեծ հաղթանակները կգան, եթե աշխատանքը լինի հետևողական։ Դե, մեկ էլ թասիբով…