Անկախության սերնունդն ու Արթուր Պետրոսյանը

Անցնող տարվա սեպտեմբերին նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մեր հայրենիքի համար անցած քառորդ դարի գլխավոր արդյունքը՝ չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին, ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված ու մեծացած սերունդն է։ Մարդիկ, որոնց համար պետականությունը նորմ է, որը դարեր շարունակ չի եղել մեր պատմության մեջ։ Մարդիկ, ովքեր զուրկ են խորհրդային ազդեցությունից և մի քիչ այլ կերպ են մտածում, քան նախորդ սերունդը։

Բնականաբար՝ սա այն սերունդն է, որի պատկերացումները զգալիորեն տարբերվում են խորհրդային մարդկանց մենթալիտետից, որը կյանքի բոլոր ոլորտներում այլ պահանջարկ է ձևավորում։

Դժվար է չհամաձայնվել ճանաչված գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով պնդում է թե 20-ականների կեսերին Հայաստանում լուրջ փոփոխություններ կսկսվեն, քանի որ այդ ժամանակ այդ սերունդը կհասնի այն տարիքին, երբ բոլոր ոլորտներում ղեկավար դիրքեր կզբաղեցնի։

Խոսելով կոնկրետ ֆուտբոլի մասին՝ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հենց այդ նոր համակարգի մարզիչն է, որը պահանջարկ ունի այդ սերնդի կողմից և համապատասխանում է նրա պատկերացումներին։ Անցնող տարում մեծամասնությունն իր համար միանգամայն նորովի բացահայտեց Պետրոսյանին, ում պարզապես գիտեին որպես նախկինում հրաշալի և փայլուն ֆուտբոլիստի։

Երկար տարիներ աշխատելով որպես «Ցյուրիխի» 2-րդ թիմի գլխավոր մարզիչ, նա այդպես էլ հիմնական թիմում շանս չունեցավ և անմիջապես համաձայնվեց գլխավորել Հայաստանի հավաքականը՝ այդ հնարավորությունը համարելով ճեղքում մարզչական կարիերայում։ Ինչպիսի՞ Պետրոսյան-մարզիչ բացահայտեց հայ հասարակությունը ազգային թիմում նրա ոչ երկար աշխատանքով։ Որպես խելացի, դաստիարակված, դիվանագետ, գործնականում գրեթե ցանկացած լսարանի իր կողմը գրավելու և ֆուտբոլիստների շրջանում մեծ հեղինակություն վայելող մարդու։

Մարզչական աշխատանքում կարևոր գործոններից մեկը բոլորովին այն չէ, թե ինչ գիտես և ինչի ես ընդունակ, այլ այն, թե ինչպես են քեզ ընկալում։ Առաջին հերթին՝ սեփական խաղացողները։ Հատկապես ազգային հավաքականում, որտեղ մոտիվացիոն բաղադրիչը գերակշռում է այն ուժի շնորհիվ, որ թիմը տարեկան մի քանի անգամ է հավաքվում 7-10 օրով։ Կարող ես հրաշալի մարտավարական գիտելիքներ ունենալ, վերլուծական ունակություններ, մեծ փորձ, բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով կարող են քեզ մինչև վերջ չընդունել և չընկալել։ Պետրոսյանի պարագայում այդ խնդիրը չկա, ու չէր կարող լինել։ Իր հեղինակությունը նա վաղուց վաստակել է որպես խաղացող, իսկ հիմա ներկայացել է որպես կիրթ, գրագետ, նրբանկատ և բանիմաց մարդ։ Հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը անձնական զրույցներում նրա մասին հիացական տոնով է խոսում։

Չեռնոգորիայի հետ չստացված հանդիպումը շրջելու համար պետք էր շատ խորն ընկալել և իր միջով անցկացնել մարզչի արտասանած խոսքերը։ Հենց դա էլ տեղի ունեցավ։

Պետրոսյանն այն մարզիչն է, ով հրաշալի գիտի հայկական մենթալիտետը, և երկար տարիներ կրել է համապատասխան եվրոպական դպրոցի ազդեցությունը։ Մի մարդ, ով ընդհանրապես խորհրդային մոտեցում չունի՝ այդ բառի բացասական իմաստով, ինչի մասին այդքան քննարկում ենք։ Այլ կերպ ասած՝ նա այն բնօրինակն է, որի պահանջարկը սկսել էր ձևավորվել։

Բայց դա չի նշանակում, թե նոր մարզչից պետք է հրաշքներ ակնկալել։ Օրինակ՝ աշխարհի առաջնության խմբային փուլից դուրս գալը։ Բայց այն, որ նա հավաքականի հետ հաջող աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր որակներն ունի – անձամբ ես ոչ մի կասկած չունեմ։ Պետրոսյանն այն համակարգի պրոֆեսիոնալն է, որոնք պետք են Հայաստանի բոլոր ոլորտներում։ Երբ նրա նմանները ավելանան, 10 տարի անց՝ Անկախության 35-ամյակին, մեր հայրենիքում որակապես ավելի լավ իրավիճակ կլինի։