Լավագույն Օլիմպիադան անկախ Հայաստանի պատմության մեջ

Այս Խաղերը Հայաստանի համար դարձան լավագույնը, քանի որ 1996-ին եղել է մեկական ոսկի և արծաթ, 2000-ին՝ 1 բրոնզ, 2004-ին՝ ոչ մի մեդալ, 2008-ին՝ 6 բրոնզ, 2012-ին՝ 1 արծաթ և 2 բրոնզ։ Սակայն անհնար է դրանք կատարյալ անվանել, քանի որ կարող էր ավելի լավ լինել։ Բայց՝ հաշվի առնելով հայկական իրականությունը, թիմը շատ արժանապատիվ հանդես եկավ։ Եվ բոլոր մեդալները կրկին նվաճեցին ըմբիշներն ու ծանրորդները։

Պետք է գիտակցել, որ մեր հայրենիքը ամենամարզական երկիրը չէ, բայց՝ վատն էլ չէ։ Այս Օլիմպիադային մասնակցում էր 207 երկիր։ Դրանցից մեդալներ նվաճեց միայն 87-ը, իսկ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 42-րդ տեղը։ Վատ չէ, բայց կարող ենք ավելի լավը լինել։ Մինչդեռ շա՞տ ցուցանիշներով է Հայաստանը աշխարհում զբաղեցնում 42-րդ տեղը։ Գործնականում՝ ոչ մի ցուցանիշով։ Չնայած՝ հունահռոմեական ըմբշամարտի գծով Հայաստանը դարձավ աշխարհի 3-րդ պետությունը, իսկ ծանրամարտի գծով՝ 10-րդը։ Հայացք նետենք այն մարզաձևերին, որոնցով Հայաստանը ներկայացավ Ռիոյում։

Ըմբշամարտ

Հունահռոմեական ըմբշամարտում մենք շատ լավն ենք։ Միակ բանը, որն առայժմ չի հաջողվում՝ սեփական շահերը ներկայացնելն է և սեփական մարզիկներին պաշտպանելը այնպիսի կոռումպացված կառույցից, ինչպիսին է UWW-ն՝ (United World Wrestlig)-ը։ Այն, թե անընդմեջ 3-րդ մրցաշարում ինչ արեց Միհրան Հարությունյանի հետ – բարու և չարի սահմանագծին է։ Դա՝ մրցավարության տեսակետից, այնքան կամայական եզրափակիչ էր, որ նույնիսկ սպորտից շատ հեռու և Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ չկարողացան թաքցնել իրենց վրդովմունքը։

Այս մարզաձևում մենք համաշխարհային մասշտաբի մարզիչ ունենք՝ Լևոն Ջուլֆալակյանը, ունենք շատ լավ դպրոց և լավ աճող սերունդ։ Եվ 2020-ին հունահռոմեական ըմբշամարտում Հայաստանի հավաքականը պետք է շատ հաջող ելույթ ունենա, իսկ Արթուր Ալեքսանյանը լիովին կարող է դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Ռիոյում նա ապացուցեց, որ համաշխարհային մասշտաբի տաղանդ է։

Ազատ ոճի ըմբշամարտում ամեն ինչ այլ է։ Դատելով սաների ելույթներից՝ բավական շատ են երիտասարդ ու շնորհալի տղաները, բայց նրանք դեռ պետք է աճեն։ Սկսած 1996ից Հայաստանը ոչ մի մեդալ չի վերցրել այս մարզաձևում։ Ամենայն հավանականությամբ գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը կազատվի պաշտոնից։ Բայց, որպեսզի իրավիճակը կտրուկ բարելավվի, նվազագույնը պետք է Ջուլֆալակյանի մասշտաբի մարզիչ նշանակել։

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյանի հետ դրամատիկ իրադարձություն տեղի ունեցավ, այլապես նա մեդալ կնվաճեր։ Նա մեծ տաղանդի տեր է։ 20 տարեկանում այդպես հանդես գալ «պոկում» վարժությունում – պարզապես բարձրագույն մակարդակ է։ Սակայն նրա արմունկների անատոմիական կառուցվածքն այնպիսին է, որ հատկապես ձախ արմունկը մինչև վերջ չի բացվում։ «Հրում» վարժությունում պետք է մի քիչ աշխատել։ Եվ կասկած չկա, որ 4 տարի անց նա 77 կգ քաշային կարգում ոսկե պարգևի գլխավոր հավակնորդը կլինի։

Սիմոն Մարտիրոսյանը (մինչև 105 կգ) և Գոռ Մինասյանը (105 կգ-ից ավելի) փայլուն հանդես եկան։ Հաշվի առնելով, որ առաջինը 19 տարեկան է, իսկ երկրորդը՝ 21, նրանք նույնպես 4 տարի անց ոսկե պարգևի գլխավոր հավակնորդները կլինեն, եթե շարունակեն նույն ոգով հանդես գալ։ Այդպիսի քաշային կարգում դա առանձնապես տարիք չէ։

Բռնցքամարտ

Այս անգամ Հայաստանը Օլիմպիադայում ներկայացված էր իր համար ռեկորդային՝ 5 մարզիկներով։ Սակայն անկեղծ լինենք. նրանցից ոչ մեկը չէր հավակնում հաղթանակի, նույնիսկ՝ արդար մրցավարության պայմաններում։ Հաջող դասավորության դեպքում կարող էին 1-2 բրոնզե մեդալի հավակնել։ Ես հատուկ խնդրեցի աշխարհի բռնցքամարտի լավագույն մասնագետներից մեկին՝ Ալեքսանդր Բելենկիին, դիտել Հովհաննես Բոչկովի և Նարեկ Աբգարյանի մարտերը։ Ուսումնասիրելով տղաներին՝ առաջին հերթին Ալեքսանդրը հետաքրքրվեց նրանց տարիքով։ Երբ իմացավ, որ երկուսն էլ 24 տարեկան են, ասաց.

«Նրանք թերություններ ունեն, բայց դրանք կարելի է վերացնել։ Բազան և ներուժը լավն են»։ Հասկանալի է, որ երկուսին էլ դատապարտեցին։ Բռնցքմարտի համաշխարհային ֆեդերեցիան նույնիսկ ավելի շատ է կոռումպացված, քան ըմբշամարտի ֆեդերացիան։ Բայց դա առանձին խոսակցության թեմա է։ Մեզ համար շատ ավելի կարևոր է մինչև 2020 թվականը բարելավել բռնցքամարտում իրավիճակը, իսկ զուգահեռ մտածել այն մասին, թե ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ։

Մարմնամարզություն

Եվ Արթուր Դավթյանը և, առավել ևս Հարություն Մերդինյանը, իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան։ Ընդ որում Մերդինյանը որակավորման փուլում շատ ավելի լավ հանդես եկավ, քան՝ եզրափակիչ փուլում։ Հայաստանում շատ լավն են մարմնամարզության ավանդույթները, բայց ամենևին չեն բավականացնում մասսայականությունն ու պայմանները։

Արտուշ Մկրտչյան