Մխիթարյանի կերպարանափոխումն ու «կռվող» հավաքականի գործոնը

Վերջին մեկ ամիսը հայ ֆուտբոլասերը նորից ապրում է այն երանելի ժամանակները, երբ հնարավորություն ունի զգալ իրեն եվրոպական եւ համաշխարհային ֆուտբոլի մաս: Դա ապահովվում է համաշխարհային ֆուտբոլի ամենաերեւելի ակումբներից մեկում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի փայլուն մրցելույթներով: Վերջին 6 հանդիպումներում՝ «Ֆեյենորդի», «Վեսթ Հեմի» /երկու անգամ/, «Զարյայի», «Տոտենհեմի» եւ «Սանդերլենդի» հետ հայ կիսապաշտպանի հոյակապ խաղը թույլ տվեց նրան 4 խաղերում արժանանալ հանդիպման լավագույն խաղացողի տիտղոսին,դառնալ 3 գոլերի եւ 2 փոխանցումների հեղինակ: «Տոտենհեմի» հետ գնդակը հաղթական էր, իսկ «Սանդերլենդի» դարպասը խոցվեց փայլուն, գեղեցիկ գոլով:

Իր հարցազրույցներում Մխիթարյանը մի քանի անգամ նշել է իր փայլուն խաղում մարզիչ Մոուրինյոյի ներդրումը, իսկ լրատվամիջոցները շեշտադրում են Հենոյի չընկճվելու եւ պայքարելու ունակությունները:

Սակայն, ըստ իս, այս վերակենդանացման մեջ կա եւս մեկ գործոն, որը միգուցե ոչ առաջնային, սակայն անկասկած, նշանակություն ունեցել է: Խոսքս նոյեմբերի 11-ին Չերնոգորիայի նկատմամբ Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի, ինչպես նաեւ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար հավաքականի կարեւորության մասին է:

ա. Սա ուղղակի հետնապահի անակնկալ հաղթանակ չէր առաջատարներից մեկի նկատմամբ, սա գերկամային, մարտական հաղթանակ էր: Իսկական մարզական կռիվ, կամքի, մի քիչ ոչ տրամաբանական գոլերով, համառությամբ նվաճված հաղթանակ, հենց այնպիսին ինչպես սովոր են խաղալ Բրիտանիայում: Թեեւ Մխիթարյանը չփայլեց այս խաղում, սակայն ցույց տվեց, որ նա հենց այսպիսի «կռվող ու անզիջում» թիմի ավագ է: Այնպիսի ֆուտբոլային երկրում ինչպիսին Անգլիան է, այս հանգամանքը չէր կարող աննշան մնալ:

բ. Հնարավոր է, սա ազդել է նաեւ Մոուրինյոյի վրա: Մի բան, երբ դու գործ ունես Ռումինիային 0:5 պարտվող, մի գորշ հավաքականի խաղացողի հետ, մեկ այլ բան է, երբ դիմացդ 0:2, հաշվից խաղ փրկող մի «բանդայի» առաջնորդ է:

գ. Կարծում եմ Հենոյի համար  սա նույնպես կարեւոր էր: Երբ կարողանում ես հավաքականին օգուտ բերել եւ խաղում ես 90 րոպե, ինչ չի եղել քեզ հետ մի քանի ամիս, դա էական խնդիր է լուծում, ինչպես ֆիզիկական, այնպես էլ առաջին հերթին հոգեբանական: Եթե նույնիսկ Չերնոգորիայի նման խաղում կարելի է մի խաղակեսում փրկել իրավիճակն ու հաղթանակի հասնել, ապա անհնար ոչինչ չկա: Պատահական չէ, որ հենց այս խաղից հետո անմիջապես սկսվեց Մխիթարյանի կերպարանափոխումը:

Երբեմն լինում է, որ լավագույն խաղացողները հրաժարվում են հավաքական ժամանել՝ հիմնավորելով դա վնասվածքներով եւ այլ պատճառներով: Մանավանդ մեծ է նման գաղթակղությունն այն մեծ ֆուտբոլիստների մոտ, ովքեր ներկայացնում են ոչ այդքան ֆուտբոլային երկրները, քանի որ փորձում են ապահովագրվել հնարավոր վնասվածքից կամ ուղղակի լրացուցիչ ծանրաբեռնվածությունից: Կարծում եմ նման հարց կար նաեւ Հենոյի մոտ: Նա բաց թողեց Ռումինիայի ու Լեհաստանի հետ մրցամարտերը, սակայն այդ նույն ժամանակ որոշ խաղաժամանակ ստացավ «Մանչեսթերի» կազմում: Սակայն Հենոյի կերպարանափոխումը ցույց տվեց, որ հավաքական մեկնելը կարող է բոլորովին այլ հետեւանք ունենալ եւ դառնալ իսկական վերածնունդի սկիզբ: Մխիթարյանը հավաքականի տղաներին եւ մարզիչներին հատուկ շնորհակալություն ունի ասելու: