«Հպարտություն և նախապաշարմունք»

Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը Հայաստանում դարձել է ամենասիրված ու քննարկվողներից մեկը։ Ճիշտ են ասում, որ ամեն առավոտ Հայաստանում 3 միլիոն գլխավոր մարզիչ է արթնանում։ Սկզբում քննարկում են, թե ով կլինի մարզիչը, հետո քննարկում են նշանակված մարզչին, հետո նրա աշխատանքը, հետո բոլորը մատնանշում են նրա սխալները, իսկ վերջում ազգովի պահանջում մարզչի հրաժարականն ու հասնում դրան։ Այդ կարուսելն անդադար է։ Մի կողմից դա խոսում է Հայաստանի՝ ֆուտբոլային երկիր լինելու մասին, մյուս կողմից շատ են դիլետանտական կարծիքները (ինչպես սոցկայքերում ցանկացած այլ ոլորտ քննարկելիս)։ Վարդան Մինասյանն այդ ամենի միջով անցել է։ Եվ այն, որ հետագայում նա մի քանի անգամ մերժեց հավաքական վերադառնալու առաջարկը, տրամաբանական էր։ Դժվար է վերադառնալ այնտեղ, որտեղ քեզ մեծարում են, հետո քննադատում, վերջում էլ՝ գոռում «Հեռացի՛ր»։ Այդ դեպքում ի՞նչը կամ ո՞վ ստիպեց Մինասյանին երկրորդ անգամ ստանձնել երկրի գլխավոր թիմի ղեկը։

Նախ շատ կարևոր է հասկանալ հետևյալը․ 2010-2013 թվականների հավաքականն այլևս չկա և պետք չէ փորձել այն վերադարձնել։ Ժամանակը հետ չես բերի, անգամ եթե դու աշխարհի ամենահանճարեղ մարզիչն ես։ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիսը, Արթուր Սարկիսովը, Հրայր Մկոյանը, Լևոն Հայրապետյանը, Գևորգ Ղազարյանը տարբեր պատճառներով այլևս հավաքականի առաջատարները չեն։ Տեսականորեն, նրանցից ոմանց դեռ կարելի է վերադարձնել բարձր մակարդակի, բայց կարճ ժամանակով։ Հետևաբար, հավաքական վերադառնալով, Մինասյանը գիտակցում է, որ նոր մարդկանց հետ է աշխատելու։ Գիտակցում է նաև, որ այս անգամ Եվրոյի եզրափակիչ փուլ դուրս գալը կոնկրետ դրված խնդիր է, և այն չլուծելը ձախողում կհամարվի։ Թիմ կառուցելու, խաղը կայունացնելու և որպես մարզիչ կայանալու ժամանակներն անցել են։ Ազգերի լիգան մրցաշար է հենց Հայաստանի պես հավաքականների համար, և նման հարցերը պետք է լուծել մինչև սեպտեմբեր։

Մինասյանի վերադարձը համարձակ քայլ է։ Մարզիչը, որը կբավարարվեր երկու ընտրական մրցաշարում լավ խաղ ցուցադրելով, երբեք իրեն լիարժեք մարզիչ չէր զգա։ Հարկավոր է աշխատել նաև ծանր պայմաններում։ Հավանաբար, հենց սա է Մինասյանի վերադարձի հիմնական շարժառիթը։ Տարբերակ է նաև Ազգերի լիգայի առկայությունը։ Նման մրցաշարը շանս է, և դրանից օգտվել պետք է ցանկանա յուրաքանչյուր մասնագետ։

Երբ Վարդան Մինասյանը մերժում էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախորդ առաջարկները, հավանաբար ուներ իր պահանջները, որոնք չէին բավարարվում կամ պարզապես չէին կարող բավարարվել։ Ամենայն հավանականությամբ, Մինասյանը հիմա էլ ունի իր պահանջները, որոնց բավարարումը նրան խոստացել են։

Ֆուտբոլի ֆեդերացիայի և Վարդան Մինասյանի երկար տարիների բանակցային գործընթացը հիշեցնում է Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի սցենարը։ Համարենք, որ պարոն Բինգլիի ծանոթությունը Բենեթների ընտանիքի հետ կայացավ 2010-2013 թվականներին և հուսանք, որ շուտով կկայանա ամուսնությունը Ջեյն Բենեթի (ազգային հավաքականի) հետ։