Պետրոս Ավետիսյան. Ոչ մի ֆուտբոլիստ չպետք է բավարարվի նրանով, ինչին հասել է

«Բանանցի» ֆուտբոլի ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում նստած նա պատմում է ֆուտբոլում կատարած առաջին քայլերի, այդ մարզաձևի հանդեպ սիրո ու դրա հետ կապված երազանքների մասին: Պատմելիս՝ նրա խոսքում էմոցիաներ չեք նկատի. ֆուտբոլի հանդեպ սերը նա  խաղով է արտահայտում:

Ներկայացնում ենք «Բանանցի» 20-ամյա խոստումնալից կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ մեր  հարցազրույցը:

ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆՔ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՈՃՈՎ ԽԱՂԱԼ

- Կփորձե՞ս մտովի տեղափոխվել այն օրը, երբ գնացիր ֆուտբոլի ու կիսվես մեզ հետ քո հուշերով:

- Առաջին օրը հայրիկիս հետ եկա ֆուտբոլի հենց այս «Բանանցի» մարզադպրոց, որը այն ժամանակ Մալաթիա էր կոչվում, մարզիչը Գագիկ Միրիջանյանն էր: Այդ ժամանակ իմ տարիքայինների թիմ չկար, ինձնից երկու տարի մեծերի հետ սկսեցի մարզվել: Առաջին օրը մարզումը ինձ շատ դուր եկավ ու երբ գնացի տուն, օրերն էի հաշվում, թե երբ պիտի հաջորդ մարզման օրը գա:

- Ո՞վ ու ինչպե՞ս էր որոշել կյանքդ ֆուտբոլի հետ կապել:

- Ես ու հայրիկս: Նա իմ մեջ տեսավ այդ սերը և որոշեց տանել ֆուտբոլի:

- Ո՞ւմ էիր ուզում նմանվել այդ ժամանակ:

- Զիդանին:

- Ստացվո՞ւմ էր: Հենց նրա խաղը դիտելո՞վ էիր որոշել ֆուտբոլիստ դառնալ:

- Կարելի է ասել այո՝ իր խաղը դիտելով էի որոշել ֆուտբոլիստ դառնալ: Դե փոքր ժամանակ չէր ստացվի նրան նմանվել, բայց փրձում էի դա անել՝ թեկուզ վիդեոներ նայելով, փորձում էի նրա հնարքները կրկնօրինակել ու ինչ-որ չափով ստացվում էր:

- Համապատասխան ֆիզիկական մարզավիճակի համար շա՞տ ես աշխատում

- Այո, բացի մարզումները ֆիզիկականիս վրա էլի եմ աշխատում. շաբաթվա մեջ 3 անգամ  ինքնուրույն հավելյալ պարապմունքներ եմ անում, որպեսզի  բարելավեմ ֆիզիկական պատրաստվածությունս:

- Դու քո խաղում ի՞նչ թերություններ ես տեսնում, որոնց վրա պետք է աշխատել:

- Թերություն չասեմ, բայց ֆիզիկական պատրաստվածությունս պետք է ուժեղացնեմ: Կարծում եմ նաև՝ չկա այնպիսի ֆուտբոլիստ, որ թերություններ չունենա: Աշխատանքի շնորհիվ ամեն ինչ կշտկվի:

- Իսպանացի մասնագետների հետ աշխատելու ամենահաճելի կողմը ո՞րն է:

- Մարզումները ծանրաբեռնված են ու միևնույն ժամանակ շատ հետաքրքիր:

- Մարզիչդ ամեն հարմար առիթով գովեստի խոսքեր է ասում քո հասցեին. ի՞նչ է պետք, որ դրանք լսելուց հետո ֆուտբոլիստն ավելորդ հանգստություն չստանա:

- Կարծում եմ` մարզիչը պետք է ճիշտ խոսքեր գտնի, որպեսզի ֆուտբոլիստին չստիպի ավելի շատ հանգստանալ, ընդհակառակը՝ պետք է այնպիսի խոսքեր ասի, որ նա շարունակի մարզվել: Ինչպես նաև կարծում եմ, որ ոչ մի ֆուտբոլիստ չպետք է բավարարվի նրանով, ինչին հասել է, որպեսզի կարողանա ավելի շատ հաջողություններ գրանցել:

- Իսպանացիներն ի՞նչ փոփոխություններ բերեցին «Բանանց», որոնք ֆուտբոլիստների համար են ավելի նկատելի:

- Մեզ մոտ բարձրացել է թիմային ոգին, կա թիմային բնավորություն, թեկուզ այն, որ երբ թիմում ինչ-որ բան վատ է, կարողանում ենք ամբողջ թիմով համախմբվել, լուծել խնդիրն ու դուրս գալ այդ վիճակից: Արդեն, կարելի է ասել,  սկսել ենք խաղալ իսպանական ոճով` շատ փոխանցումներով:

ՖՈՒՏԲՈԼԸ ՄԻԱՅՆ ԽԱՂԱԴԱՇՏՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ

- Երբևէ հանդերձարանում մարզչի փոխարեն խաղացողներից ինչ- որ մեկը զրույց վարո՞ւմ է:

- Թիմի ավագն է հավաքում թիմին, բայց ինչ-որ մեկը զրույց չի վարում, ուղղակի բոլորով խոսում ենք, ով ինչ-որ կարծիք կամ առաջարկ ունի ասում է:

- Հանդերձարանում ո՞վ է ամենից շատ կատակում:

- (Մտածում է): Ինչ դժվար հարց է:) Վլատկոն, Միգելը, Լաերսիոն:

- «Բանանցը» նաև սոցիալական ծրագրեր է իրականացնում. դա որքանո՞վ է կարևոր ֆուտբոլում:

- Նախ, դրանք համախմբում են թիմին, հետո, շատ հետաքրքիր է այդպիսի բաներ կազմակերպելը. նաև մեր հայ ազգի համար է կարևոր: Օրինակ՝ գնացել էինք Եռաբլուր, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցեինք այս տարվա ապրիլին Հայաստանի պաշտպանության համար զոհված հայորդիներին: Կարծում եմ` ֆուտբոլը միայն խաղադաշտով չի սահմանափակվում:

- Ձմեռային դադարի գնալիս ուսի վնասվածք էիր ստացել. հետաքրքիր է` ի՞նչ են մտածում ու ինչո՞վ են զբաղվում ֆուտբոլիստները վնասվածք ստացած ժամանակ:

- Վիրահատությունս այն ժամանակ կատարվեց, երբ թիմը արձակուրդում էր գտնվում: Երբ սկսեցի մարզումները, հանեցի գիպսը, փորձեցի շուտ վերականգնվել ու հետվնասվածքային փուլում էի գտնվում. փորձում էի ամրացնել ուսս, որպեսզի շուտ շարք վերադառնայի: Բայց հատուկ ինչ- որ բանով չեն զբաղվում վնասվածք ստացած ժամանակ: Պառկում են (ծիծաղում է):

- Որո՞նք են աշխարհի ամենադիտարժան առաջնությունները:

- Իսպանիայի, Անգլիայի և Գերմանիայի առաջնությունները:

- Իսկ ոճային առումով քեզ ո՞րը ավելի հարմար կլիներ:

- Կարծում եմ` Իսպանիան:

- Քո դիրքի ո՞ր խաղացողի հետ քեզ կհամեմատես:

- Անդրես Ինյեստայի:

- Իսկ ո՞ւմ հետ կուզեիր քեզ համեմատեին:

- Երևի, Զիդանի:

- Ո՞րն է այն մաքսիմալը, որին ձգտում ես ֆուտբոլում:

- Խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, կարողանալ Ազգային հավաքականին դուրս բերել որևէ մեծ մրցաշարի խմբային փուլ և խաղալ գրանդ ակումբներից մեկում:

- Ի՞նչ պետք է անես Ազգային հավաքականի հրավերին արժանանալու համար:

- Պետք է շատ աշխատեմ, կատարեմ մարզչիս հրահանգները և պրոֆեսոնալ կերպով օգտագործեմ իմ շանսը թե թիմում, թե Երիտասարդական հավաքականում:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

- Իսպանացիների ու լեգեոներների շրջանում  դու Պետրո՞ս ես, թե՞ Պեդրո:

- (Ծիծաղում է):  Պետրոս:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ֆուտբոլ 365»-ի` ապրիլի 12-ին լույս տեսած համարում:

Ստելլա Բաբլոյան