Տիտո Ռամալյո. «Ալաշկերտը» շատ ուժեղ թիմ է, որը երբեմն սխալներ է թույլ տալիս

Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ պարտության մատնեց առաջատար «Ալաշկերտին»: 2-0 հաշվով հաղթանակից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն լրագրողների հետ ճեպազրույցում հետևյալն ասաց.

- Ինչպես և սպասում էինք` շատ ծանր, դժվար խաղ ընթացավ, քանի որ շատ լավ մրցակցի դեմ էինք խաղում: Բայց առաջին պարտությունից հետո սկսել ենք սովորել մեր սխալների վրա ու փորձել ենք խաղի ընդհանուր ոճը փոխել:

Կարծում եմ, որ դրան հասանք քանի որ խաղը հավասար էր շատ րոպեների ընթացքում: Մենք փորձում էինք տիրել գնդակին, նաև պետք է համբերություն դրսևորեինք` հետագայում մրցակցին զարմացնելու և գոլ խփելու համար: Ու շատ դրվագներում հասանք դրան: Իրոք շատ գոհ ենք: Նկատվում է, որ թիմը աճում է, և մենք ինչ-որ բաներ ենք անում:

- Դուք խաղում էիք 3  կենտրոնական պաշտպանով: Կարծում եք` «Ալաշկերտի» դեմ օպտիմա՞լ մարտավարություն էր:

- Երկու կենտրոնական պաշտպանով էինք խաղում: Իրականում երևում էր, թե երեք կենտրոնական պաշտպան են, բայց նրանք երկուսն էին: Այդպես շատ հարմար էր: Երբ երկու հարձակվող ճնշում են, երեք պաշտպանով ենք խաղում:

- Երեք օր անց խաղալու եք նույն թիմի դեմ: Ուժերը կհերիքե՞ն նույն բարձր տեմպով խաղալու համար:

- Այս խաղում շատ ջանքեր թափեցին երկու թիմերն էլ: Կտեսնենք, թե հաջորդ խաղում երկուսս էլ ինչ վիճակում կլինենք: Երկուսս էլ պետք է վերականգնվենք, ուշադրություն դարձնենք վնասվածքներին, հանգստանանք: Հուսով եմ` կկարողանանք լավ խաղ ցուցադրել: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում Գավաթի հետ:

- Տրանսֆերային պատուհանից հետո բոլորը մտածում էին, թե «Բանանցի» խաղը հիմնված է լինելու լեգեոներների վրա: Բայց այս խաղում գոլի հեղինակ դարձան երկու տեղացիներ: Ինչպե՞ս է ընթանում հայ ֆուտբոլիստների աճը:

- Կարծում եմ` սխալ տպավորություն է` թե թիմը հիմնված է լեգեոների վրա: Կարծում եմ` նախկինի համեմատ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը երկու լեգեոներով է ավելացել: Հավասարակշռություն ունենք օտարեկրացի և հայ ֆուտբոլիստների միջև: Նրանք պետք է միմյանց օգնելով խաղան: Ու դա կամրացնի մեր թիմը:

- Ազգային և Երիտասարդական հավաքականներ հրավիրվեցին «Բանանցի» ֆուտբոլիստներ: Ինչպե՞ս կգնահատեք նրանց խաղը:

- Նախևառաջ յուրաքանչյուր անգամ երբ «Բանանցից» ինչ-որ ֆուտբոլիստ գնում է Ազգային հավաքական, դա մեզ համար շատ կարևոր է: Դա մեր նպատակներից մեկն է: Հենց առաջին օրվանից էլ ասել ենք դա: Մենք եկել ենք աշխատելու նաև «Բանանցի» ֆուտբոլիստների հետ: Ուզում ենք այս հավասարակշռության վրա հիմնվելով շարունակել առաջ շարժվել: Ուզում ենք գնալով ավելի շատ ուժեղ ֆուտբոլիստներ տալ Ազգային հավաքականին և ավելի ուժեղացնել թիմը: Որքան շատ գնան Ազգային հավաքական մեր թիմից, այդքան ավելի լավ կլինի մեզ համար: Մեր ֆուտբոլիստներն ավելի մեծ ֆուտբոլային փորձ ձեռք կբերեն: Մենք որքան հնարավոր է կհամագործակցենք, որպեսզի ուժեղացնենք Ազգային հավաքականը:

- Պետրոս Ավետիսյանը վերջերս շատ է աչքի ընկնում իր լավ խաղով: Որպես երիտասարդ ֆուտբոլիստ ինչպես կգնահատեք նրա պոտենցիալը:

- Շատ մեծ պոտենցիալ ունի, ունի տաղանդ, պետք է շարունակի աշխատել: Չպետք է հարմարվի այն մակարդակին, որն ունի հիմա, և պետք է անի այն, ինչ-որ արեց այսօր. երբ պահեր ունի` հնարավորինս շատ օգտվի դրանցից: Քանի որ ի վերջո խաղացողները պետք է իրենց ողջ պոտենցիալը հենց խաղադաշտում ցույց տան:

- Մրցակիցն առաջատարն էր: Նրանց խաղում ինչ-որ առանձնահատուկ բան նկատեցի՞ք:

- Իրականում` ոչ: Հենց այսպիսի բան էլ սպասում էինք, քանի որ «Ալաշկերտը» շատ հստակ գաղափար ունի ու շատ հավատարիմ էր իր խաղային գաղափարին: Նրանք շատ ուժեղ թիմ են, որը երբեմն սխալներ է թույլ տալիս: Երկար փոխանցումներով են խաղում և շատ լավ հարձակվողներ ունեն: Բայց այսօր, կարծում եմ, իմ պաշտպանական գիծը շատ լավ աշխատեց այդ իրավիճակներում: Եվ ոչ միայն պաշտպանությունը: Ամբողջ թիմը շատ լավ աշխատեց:

- Զավեն Բադոյանը աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ. երեք խաղ, երեք գոլ: Նա իր լավագո՞ւյն մարզավիճակում է:

- Ոչ ոք չի կասկածում Զավեն Բադոյանի ֆուտբոլային և տաղանդի հարցում: Նա շատ լավ ֆուտբոլիստ է և պետք է այնպես անի, որ իր որակները ծառայեցնի թիմին: Ունիվերսալ խաղացող է, տարբեր դիրքերում շատ լավ կարող է խաղալ: Ամենասկզբից էլ ասել եմ, որ նրան շատ եմ վստահում: Կարծում եմ` նա շատ լավ կծառայի նաև հայկական ֆուտբոլին: Նրա հետ աշխատում ենք, որպեսզի հենց այդպես էլ լինի: Նրան ուզում ենք լավագույն  հնարավորությունները տալ, որպեսզի բարելավի իր որակները: