Պորտուգալիայի հավաքական. Ինչ կազմ կառաջարկի էլեկտրիկ-հեռահաղորդակցության ինժեները

Մեկ անգամ չենք համոզվել, որ Ֆերնանդու Սանթուշը մեծ մարտավար է:

Սանթուշը ավանդաբար նախընտրում է 4-3-3 սխեման, բայց դա մեծամասամբ կախված է մրցակցից: Օրինակ, Հայաստանի հավաքականի հետ առաջին խաղում կիրառելով նույն սխեման, նա խաղադաշտ էր դուրս բերել մի «քանդող» ֆուտբոլիստ՝ Տիագուին, իսկ վերջին պաշտոնական խաղում՝ սերբերի դեմ նրա հետ կենտրոնում զույգ էր կազմել Վիլիան Կառվալյուն:

Դարպասապահ

Ռուի Պատրիսիո

Հաշվի առնելով, որ «Սեվիլիայի» դարպասապահ Բետուն նոր է վերականգնվել վնասվածքից՝ «Սպորտինգի» դարպասապահը դուրս կգա մեկնարկում: Այս մրցաշրջանում Պատրիսիոն մասնակցել է հավաքականի բոլոր պաշտոնական խաղերին, իսկ Բետուն խաղացել է Արգենտինայի դեմ, Լոպեշը՝ Կաբո Վերդեի դեմ ընկերական խաղերում:

Պաշտպանություն

Էլիզեու, Ալվեշ, Կառվալյու, Վիերինյա

Բացակայում է Պեպեն, բայց պաշտպանության կենտրոնում կլինեն «հին գվարդիայի» երկու այլ ներկայացուցիչ՝ Ռիկարդու Կառվալյուն եւ Բրունու Ալվեշը: Կարելի է պատկերացնել, թե մեզ օդային ինչ պայքարներ են սպասում: Ժոզե Ֆոնտեն «Սաութհեմփթոնում» փայլուն մրցաշրջան է անցկացրել եւ չի կարելի բացառել, որ Կառվալյուի հետ մեկնարկում դուրս գա Ֆոնտեն: Ձախ պաշտպանի դիրքում Սանթուշը մեծ ընտրություն ունի: Մեր դեմ առաջին հանդիպմանը խաղում էր Ռաֆայել Գեռեռոն, բայց հիմա կան Էլիզեուն եւ Կոենտրանը: Սերբերի դեմ խաղում պաշտպանությունում խաղում էր Էլիզեուն, իսկ նրա առջեւում՝ Կոենտրանը:

Մեր դեմ ձախ եզրում հավանաբար կտեսնենք Էլիզեուին:

Նախկին մարզիչ Պաուլու Բենտուն երկար ժամանակ անտեսում էր Ժոզե Բոսինգվային, բայց Սանթուշի գալով «Չելսիի» նախկին պաշտպանը վերադարձավ հավաքական: Բայց 32-ամյա պաշտպանը հիմա վնասվածք ունի եւ չի հրավիրվել հավաքական: Այս պարագայում պաշտպանության աջ եզրում կտեսնենք «Վոլֆսբուրգում» փայլուն մրցաշրջան անցկացրած Վիերինյային:

Կիսապաշտպաններ

Ժոաու Մոուտինյո, Տիագու, Վիլիան Կառվալյու

Պորտուգալիայի հավաքականում կենտրոնական գոտում չկան ընդգծված եզրայիններ: Դա ենթադրում է նաեւ նրանց խաղային սխեման: Ինչու Վիլիան Կառվալյու, այլ ոչ Կոենտրան, քանի որ Վիլիանը կփորձի կանգնեցնել Մխիթարյանի ցանկացած առաջխաղացում: Տիագուն ավանդաբար կխաղա կենտրոնական պաշտպանների դիմացից՝ կատարելով իր դասական խորքից փոխանցումները: Իսկ Մոուտինյոն «Մոնակոյում» իր փայլուն մրցաշրջանից հետո թերեւս չի կողմնորշվել՝ մնալ, թե գնալ մոնեգասկյան ակումբից, բայց հավաքականում իր «դիրիժորական փայտիկը» կպահի ձեռքում:

Հարձակվողներ

Դանի, Կրիշտիանու Ռոնալդու, Նանի

Չի հրավիրվել գաբարիտային Ուգո Ալմեյդան, չկա նաեւ ընդգծված հարձակվող Նունու Գոմեշը եւ այս պարագայում առջեւի գծում տարբեր սխեմաներ կարելի ակնկալել: Աջից անշուշտ կլինի Նանին: Ամենահավանական տարբերակը՝ Դանին, կխաղա ձախից, իսկ Կրիշտիանուն կլինի հարձակման կենտրոնում:

P.S. Ֆերնանդու Սանթուշը ունի էլեկտրիկ-հեռահաղորդակցության ինժեների մասնագիտություն, ավարտել է Լիսաբոնի ճարտարագիտական համալսարանը:

Կարդացեք նաև՝

Հայաստան – Պորտուգալիա. Մտորումներ մեր մեկնարկային կազմի շուրջ