Հայաստան – Պորտուգալիա. Մտորումներ մեր մեկնարկային կազմի շուրջ

Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ այս անգամ որոշել է շատ խիստ, փակ պայմաններում անցկացնել Պորտուգալիայի հետ խաղի նախապատրաստությունը: Դժվար է հիշել, թե վերջին անգամ մեր ազգայինը երբ է հրաժարվել ավանդական բաց մարզումից, որին ժամանակ առ ժամանակ թույլատրվում էին ներկա գտնվել նաեւ երկրպագուները: Հիմա մնացել է արդեն պրոտոկոլային նախախաղային բաց մարզումը եւ մամլո ասուլիսը:

Հիմա փորձենք ենթադրել, թե ինչ մարտավարություն է կարող ընտրել Սարգիս Հովսեփյանը:

Դարպասապահ

Ռոման Բերեզովսկի

Յուրչենկոն դեռ չկա, եւ մեր ավագը հերթական անգամ մեր թիմին դուրս կբերի խաղադաշտ: Կարգապահական խախտման համար հավաքից հեռացվեց Արսեն Բեգլարյանը. հետաքրքիր կլինի իմանալ այդ ուշացման պատճառները: Ավանդույթի համաձայն կա Գեւորգ Կասպարովը, հրավիրվել է նաեւ Թորոյանը:

Պաշտպաններ

Լեւոն Հայրապետյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան

Դժվար է պատկերացնել, որ Սարգիս Հովսեփյանը կնախընտրի խաղալ 5 պաշտպանով: Խաղում ենք տանը, թեկուզ ուժեղ մրցակցի դեմ, բայց Շալանդի 5 պաշտպանով սխեման շատ քննադատվեց, եւ դժվար նորից սկսենք այդ սխեմայով խաղալ:

Կենտրոնում կարելի է ենթադրել, որ կլինի Արզումանյան – Անդոնյան տանդեմը: Կան նաեւ այլ տարբերակներ: Կարող է խաղալ թե Հարոյանը, թե Ոսկանյանը եւ թե Մկոյանը, բայց Ալբանիայի դեմ համոզվեցինք, որ Ռոբերտը լավ «լեզու է գտնում» Գաելի հետ:

Լեւոն Հայրապետյանը բուժման նպատակով Գերմանիա էր մեկնել, բայց նա արդեն թիմում է, եւ եթե վնասվածքը հետեւում մնացած լինի, անշուշտ նա կլինի մեկնարկում: Բայց դա ոչ թե նրա համար, որ նա շատ լավն է, այլ որ այլտրանք չկա: Այս անգամ չկա Արտակ Եդիգարյանը եւ հրավիրվել է «կապանցի» Արթուր Ավագյանը: Կարելի է դիտարկել նաեւ Կամո Հովհաննիսյանի տարբերակը, բայց մեր ներքին առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը այլ դիրքերում հաստատ ավելի օգտակար կլինի: Տեսականորեն կարելի է ենթադրել Հարոյանի եւ Ոսկանյանի տարբերակը: Բայց ֆուտբոլիստներ, ովքեր Հովսեփյանի «Փյունիկում» միշտ խաղում են կենտրոնում, կլինեն եզրերում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Եթե այս երեք պաշտպանական դիրքերը գրեթե պարզ են, ապա աջ պաշտպանի դիրքը ամենադժվարն է կանխատեսել: Վերադարձել է Հրայր Մկոյանը, ով իր «Էսթեղլալում» խաղում է հենց պաշտպանության աջ եզրում: Շալանդը նախապատվությունը տալիս էր Կամո Հովհանիսյանին: Բայց չմոռանանք Պորտուգալիայի ուժեղ եզրերը եւ երկու էշելոնով՝ պաշտպանությունում Մկոյան, իսկ դիմացից Կամո Հովհաննիսյան տարբերակը «գաղթակղիչ» է թվում: Մինասյանական շրջանի Չեխիայի հետ արտագնա խաղը, երբ թեկուզ հարկադրված փոփոխությունից հետո, Կամոն դուրս եկավ խաղադաշտ հենց կիսապաշտպանության աջ եզրում եւ օգնեց թե հարձակվելիս եւ թե պաշտպանվելիս: Դեռ պարզ չէ, թե ինչ դիրքում կխաղա Կրիշտիանու Ռոնալդուն, որի «բացահայտումը» Հովսեփյանի գլխավոր ռեբուսներից է: Եթե «Ռեալում» այն քննարկման հարց չէ, բայց հավաքականում Ռոնալդուն շատ դեպքերում խաղում է հարձակման կենտրոնում:

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան

Գեւորգ Ղազարյան, Մարկոս, Կամո Հովհաննիսյան

Հայաստանի հավաքականը չի հրաժարվի իր 2 հենակետայինով սխեմայից: Միայն Հովսեփյանին հայտնի պատճառներով հավաքական չհրավիրվեց Արթուր Եդիգարյանը: Հրավիրվել են Կառլեն Մկրտչյանը, Ռումյան Հովսեփյանը եւ Արթուր Յուսպաշյանը: Կառլեն Մկրտչյանը վերջին անգամ 90 րոպե խաղադաշտում անցկացրել է մարտի 11-ին, դրանից առաջ ամիսներ շարունակ նա բուժվում էր, բուժվում էր նաեւ այդ խաղից հետո: Նրա մարզավիճակի մասին տեղյակ է միայն մարզչական շտաբը, բայց դժվար է պատկերացնել այդ դիրքի ֆուտբոլիստի, ով չի խաղում ամիսներ շարունակ, եթե լավ վիճակում է: Նույնը կարելի է ասել Ռումյան Հովսեփյանի մասին: Նա երկար ժամանակ չէր խաղում իր Դոնեցկի «Մետալուրգում»: Ռումյանը սկսվեց ներգրավել հիմնական կազմում այն ժամանակ, երբ արդեն պարզ էր թիմի լուծարումը եւ չկար որեւէ մրցաշարային ինտրիգ: Յուսպաշյանի թեկնածությունը դժվար է դիտարկել որպես հիմնական կազմի թեկնածու:

Այնուամենայնիվ, երեւի թե տեսնենք Կառլեն Մկրտչյան – Հենրիխ Մխիթարյան զույգին:

Զավեն Բադոյանը փայլուն մեկնարկեց «Փյունիկում», բայց նա հաստատ չի լինի մեկնարկում, եւ Գեւորգ Ղազարյանը կզբաղեցնի իր ավանդական դիրքը կիսապաշտպանության ձախ եզրում: Ղազարյանը պաշտպանությունում պետք է շատ ու շատ օգնի Լեւոն Հայրապետյանին, հաշվի առնելով, որ պորտուգալացիների գրոհի աջ եզրում կլինի Նանին:

Կամո Հովհաննիսյանի տարբերակին մենք արդեն անդրադարձանք: Հաշվի առնելով, որ Արասը նոր է ապաքինվել եւ նրանից մեծ ծավալի աշխատանք դժվար է ակնկալել, մենք կսկսենք ավելի զգույշ տարբերակով: Կամոն իր աշխատունակությամբ կօգնի նաեւ Կառլեն Մկրտչանին:

Մխիթարյանը հենակետայինի դիրքում տարբերակում տասը համարի գոտում Մարկոսից բացի այլ տարբերակ չունենք:

Հարձակվող

Արթուր Սարկիսով

Յուրա Մովսիսյանի թիմում լինելու պարագայում էլ նախընտրելին Արթուրի տարբերակն է: Դժվար է հիշել, թե Յուրան վերջին անգամ «Սպարտակում» կամ հավաքականում երբ է լավ խաղ անցկացրել, իսկ Սարկիսովը վաղուց արժանի է հայտնվելու մեկնարկային կազմում:

Կարդացեք նաև՝

Պորտուգալիայի հավաքական. Ինչ կազմ կառաջարկի էլեկտրիկ-հեռահաղորդակցության ինժեները