Գիտեմ, որ արդեն սկսում եմ ձանձրացնել հայկական ֆուտբոլի հետ կապված թեմայով, բայց սա վերջին հրապարակումն է եռիլոգիայից: Ազնիվ խոսք: Այսօր կպատմեմ, թե ինչու էի երազում զրկել ինքս ինձ հանգստյան օրերից և կամավորական (անվճար) աշխատել ՀՖՖ-ի համար և ինչու, փառք Աստծո, դա տեղի չի ունենա: Կարծում եմ` եկել է ժամանակը, երբ կարելի է հրապարակայնորեն այդ մասին պատմել, որովհետև համբերությունս պայթեց, ներողություն: Ահա արդեն կես տարի է, ակտիվորեն փնտրում եմ հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Տարբեր միջոցներով եմ փորձել. կառավարության ու հեղափոխական շարժման անդամների, հենց ֆեդերացիայի մենեջերների, նրա գործկոմի անդամների, լրագրողների, անձնական խորհրդականների միջոցով: Ուղերձը շատ պարզ է ու հստակ. «Կա ստրատեգիա, դրա վրա կառուցված մարկետինգային ծրագիր, հովանավորչության իրացման ձևն ու կոմերցիոն փաթեթներ: Գումարներ չեմ խնդրում: Ոչ մի պաշտոնի չեմ հավակնում: Պատրաստ եմ իմ հաշվին ժամանել Երևան: Խնդրում եմ ինձ հատկացնել մի քանի ժամ»: |
|